facebook

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՅՐԻԿԻ ՄԱՍԻՆ. ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ


ՄԱՅՐԻԿԻ ՕՐՈՐԸ

Քնել են ծառերը,
Մայրիկը արթուն է:
Քնել են դաշտերը,
Մայրիկը արթուն է:

Քնել է թռչնակը,
Մայրիկը արթուն է:
Քնել է գետակը,
Մայրիկը արթուն է:

Քնել են բոլորը,
Մեղմ ձայն է լսվում.
Մայրիկը աշխարհին
Օրոր է ասում…

1

Թե տխրում եմ, անմիջապես
Մայրիկիս մոտ եմ վազում,
Թե ուրախ եմ, հրճվանքս ես
Մայրիկիս հետ եմ կիսում:

Բարի, ժպտուն իմ մայրիկից
Չեմ թաքցնում ես ոչինչ:
Մայրիկն ասես գիտուն լինի,
Գիտե ամեն, ամեն ինչ:

2

Մի արև կա, մի’ երկինք,
Մի սիրտ կա ու մի’ լուսին,
Մի գեղեցիկ հայրենիք
Ու մի մայրիկ թանկագին:

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՃԱՄՓԱՆ

Մայրիկս մի առավոտ
Ամուր բռնած իմ ձեռքից,
ճանապարհով անծանոթ
Մանկապարտեզ տարավ ինձ:

Այժմ ճամփան լավ գիտեմ,
Մենակ գնում եմ արդեն,
Դուրս եմ գալիս մեր բակից,
Անցնում եմ այս պուրակից,
Ծանոթ փողոցն եմ անցնում,
(Այստեղ շենք են կառուցում),
Չեմ սխալվել, քիչ հեռվում
Հյուրանոցն է երևում:

Հյուրանոցի հենց մոտով,
Երկար ձգվող լայն մայթով
Մի քիչ գնում եմ առաջ,
Ահա այգին մեր կանաչ:
Կանաչ այգու հենց դիմաց
Գեղեցիկ շենք երևաց.
Իմ սիրելի շենքն է սա,
Մանկապարտեզ ես հասա:

ԼՈՒՅՍԸ, ՄԱՅՐԻԿԸ ԵՎ ԵՍ

Լույսը հենց վառվի,
Իմ մայրիկը խեղճ
Հոլիկ է դառնում,
Պտտվում անվերջ:

Լվացք է անում,
Պատրաստում է ճաշ,
Իր խոսքով ասած՝
Լինում հալումաշ:

Լույսի պատճառով
Այնքա՜ն է հոգնում,
Ամբողջ գիշերը
Նա գործ է անում:

Երբ լույս չի լինում,
Ուրախ եմ անչափ,
Մայրս չի հոգնում,
Վառում է մի լամպ:

Պառկում է ինձ մոտ,
Լամպի լույսի տակ,
Նոր հեքիաթներ է
Պատմում շարունակ

Այնպե՜ս եմ ուզում,
Որ լույս չլինի,
Որ իմ մայրիկը
Երբեք չհոգնի:

Ո՞Վ ԱՐԹՆԱՑՐԵՑ

Երգ էր ասում մեկն ականջիս,
Այնպե՜ս անուշ, քաղցրիկ էր,
Այդ ո՞վ երգեց, ո՞վ օրորեց,
Հովի՞կն էր, թե՞ մայրիկը:

Քնած էի խաղաղ, մուշ-մուշ,
Դեմքիս՝ լուսնի մահիկը,
Այն ո՞վ ժպտաց ինձ երազում,
Լուսի՞նն էր, թե՞ մայրիկը:

Առավոտյան իմ այտերին
Մեղմիկ խաղաց շողիկը.
֊Ո՞վ համբուրեց, ո՞վ արթնացրեց,
Արև՞ն էր, թե՞ մայրիկը:

ՉԻ ԿԱՐԵԼԻ

Իմ մայրիկը զգույշ է շատ,
Մայրիկ է մի զարմանալի,
Առավոտից լսում եմ միշտ.
Չի’ կարելի, չի’ կարելի:

Ուրախացած մոտենում եմ
Զբոսայգու կարուսելին,
Շատ եմ ուզում ուղտին նստել,
Նա թե՝ կընկնես, չի’ կարելի:

Բակ եմ իջնում գնդակն առած՝
Նրա ձայնն է հնչում էլի.
-Տե՛ս, Վարդանի՛կ, չվազվզես,
Քեզ շատ խաղալ չի՛ կարելի:

Ամռան շոգին կանչում է, տես,
Ավազանը հրաշալի,
Հենց ուզում եմ լողալ, մեկ էլ՝
Սառն է ջուրը, չի՛ կարելի:

Պապիս գյուղում ուզում եմ ես
Ձեռք տալ սևուկ ուլիկներին՝
Զգույշ մնա, պոզով կտա,
Հեռու գնա՛, չի՛ կարելի:

Օ՜, ինչ դեղձեր նարնջագույն,
Թուզ ու սալոր, տանձ հյութալի՝
Դու մի՛ քաղիր, պապը կտա,
Ծառից կընկնես, չի՛ կարելի:

Նույնիսկ ամուր բանտարկված է
Հեծանիվը իմ սիրելի՝
Որ մեծանաս, նոր կքշես,
Վթար կտաս, չի՛ կարելի:

Շատ է զգույշ իմ մայրիկը,
Ոչ մի ազատ քայլ չեմ անում,
Բայց տեղը գա՝ նախատում է,
Բոլորի մոտ հանդիմանում.

-Վարղանիկը գնդա՞կ խաղա,
Ծիծաղելի բան եք ասում:
Վարղանիկը գետում լողա՞
Կլողանա, բայց երազում:

Գորտի ձայնից վախենում է,
Ո՞ւմ է քաշել այսքան վախկոտ
Մի գործ չարած՝ ծուլանում է,
Ո՞ւմ է քաշել նա ալարկոտ…

ճիշտն ասած՜ լավ չեմ հասկանում,
Ի նչ է, անշարժ նստե՞մ տանը,
Էլ ու մ համար են պատրաստում
Հեծանիվն ու ավազանը:

էլ ինչու՞ է ռադիոն ասում,
Թե՜ ամեն ինչ փոքրիկներին,
Այ, մայրիկս եթե լսեր,
էլ չէր ասի՜ չի’ կարելի:

ՄԱՅՐԻԿՆ ԱՅՍՕՐ ՈՒՇԱՑԵԼ Է

Մայրիկն այսօր ուշացել է,
Չի հասել տուն,
Խառնվել ենք ես, հայրիկը,
Նույնիսկ կատուն:

Մայրիկն այսօր ուշացել է,
Չունենք ճաշ, հաց,
Քույրիկս էլ հարևանի
Տանը մնաց:

Մայրիկն այսօր ուշացել է,
Վա՜յ, կաթ չկա,
Մլավում է սոված կատուն
Թախտի վրա:

Ափսեները՝ ծորակի տակ,
Չենք լվացել,
Իսկ փոստարկղը, տե՛ս, լցվել է,
Դեռ չենք բացել:

Բայց ամենից կարևորը՝
ժպիտ չկա տանն այդ օրը:
Գլուխն ասես կորցրել է
Իմ հայրիկը.
-Շա՜տ ուշացավ, շա՜տ ուշացավ
Մեր մայրիկը:

ՄԱՅՐԻԿԻ 9 ԽՐԱՏԸ

Մայրիկն ունի ինը խրատ,
Արմիկին է տալիս միշտ.
Գիտեմ, ձեզ էլ դուր կգան շատ,
Հարկավոր են բոլորիդ:

1

Հիշի’ր, Արմիկ, երբ արթնանաս,
Լվա ձեռքեր ու երես,
Մաքուր դեմքով ուր էլ գնաս,
«Լավ աղջիկ է», կասեն քեզ:

2

Կոճակներդ մի՛ կրծոտիր,
Պահիր զգեստդ մաքուր,
Քայլիր զգույշ և ուշադիր,
Երբ տեսնես ցեխ է բակում:

3

Խելոք մնա հյուրերի մոտ,
Սենյակում մի՛ վազվզիր,
Եվ մի՛ լինի շատ ամաչկոտ,
Ո՛չ էլ մեծ-մեծ դու խոսիր:

4

Ընկերներիդ հետ միշտ խաղա,
Եթե խնդրեն ձի, գնդակ,
Մի՛ ասա թե՝ «Իմն է, չեմ տա»,
Չէ՞ որ տխուր է մենակ:

5

Հայրիկը շատ կուրախանա,
Երբ դու ամեն առավոտ
Ծաղիկներին մեկ-մեկ ջուր տաս,
Որ միշտ նայեն ծիծաղկոտ:

6

Ինչ որ տեսնես, փոքրիկ Արմի՛կ,
Իսկույն դու մի՛ վերցրու.
«Կարելի՞ է ուտել, մայրի՛կ»,-
Ամոթ բան չի՛, հարցրո՛ւ:

7

Ծիտիկները երբ իջնեն բակ,
Քարով նրանց մի՛ քշիր,
Տուր նրանց կուտ, հացի փշրանք.
Այս խրատն էլ լավ հիշիր:

8

Մայրիկը երբ դուրս գա տնից,
Լաց մի՛ լինիր, ամոթ է,
Թե չէ ով որ լսի, կասի.
«Այս լալկանը ծանոթ է»:

9

Եղիր ազնիվ ու ճշտապահ,
Ու երբեք սուտ մի խոսիր,
Սուտ խոսողի լեզուն կարճ է,
Լավ իմացիր այդ մասին:

Խրատներն այս չմոռանաս,
Կկատարես ամեն օր,
Դպրոց գնաս, ինչ էլ դառնաս,
Կյանքում շատ են հարկավոր:

Բանաստեղծությունների հեղինակը մանկագիր Սուրեն Մուրադյանն է

Մեկնաբանություններ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՅՐԻԿԻ ՄԱՍԻՆ. ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

log in

reset password

Back to
log in