ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՄԱՍԻՆ

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻՆ

Որ մեր լեզուն, մեր երկիրը և մեր ոգին հայկական
Աշխարհային հողմերի դեմ կանգուն մնար մշտական,
Ըստեղծեցիր մեր գրերը-մեր սրերը փրկության,
Ո՜վ դու զավակ բազմախորհուրդ աշխատավոր հայության:
Այդ գրերով մեր ոսկեբառ մատյանները գրվեցին,
Մեր երգերը թևար առած աշխարհով մեկ ցրվեցին:

Խաչիկ Դաշտենց

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Մի հայրենադարձ պատանու
Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս,
Էլ ինչո՞վ ես հույսը բերդիս.
Էլ հայրենիք ինչո՞ւ եկար,
Թե պիտ խոսես օտար լեզվով,
Խմես հայոց գինին նեկտար՝

Կենաց կանչես օտար լեզվով,
Քաղես հայոց վարդերն ու հեզ՝
Աղջիկ կանչես օտար լեզվով։
Իրավ, քանի լեզու գիտես,
Այնքան մարդ ես, իրավն ասին,
Բայց որ քո հայ լեզուն չունես,
Էլ ի՞նչ հույս ես քո Մասիսին,
Որ թողել ես քո մայրենին՝
Հարամ է քեզ հայոց գինին,
Հարամ է քեզ աղջիկն հայոց,
Հայոց սիրտը՝ Մասիսն հայոց։
Մայր հայրենին էլ ի՞նչ սրտով
Քո ոտքերն էլ գրկե վարդով…
…Ա՜խ, չէ, Մասիսը հալալ է քեզ,
Հայոց վշտում դու մեղք չունես,
Հալալ է քեզ հողն հայրենի,
Թող քեզ ջուրն էլ դառնա գինի։
Քանզի հայոց վայ սփյուռքում
Պանդխտությունն է դեռ պոկում
Հայ բերանից հայոց լեզուն,
Օտարն հայոց մահն է ուզում,
Բայց նա հայ է, ով հովազի
Արնախում երախումն էլ
Իր մայրենի լեզվով խոսի,
Մոր կաթի հետ ծծած լեզվով,

Որ հայ գետը ծով ծնի, ծով,
Ժխորում էլ Բաբելոնի —
Խոսի լեզվով իր մայրենի,
Հայոց լեզվով, որ միշտ ջահել,
Մեզ բյուր դարեր հայ է պահել։

Հովհաննես Շիրազ

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻՆ

Ո՛վ մեծագործ,
Մեսրոպ Մաշտոց,
Մեր առաջին
Բացված դպրոց,

Ամեն գիրդ՝
Անձեթ ճրագ,
Մեզ հայ պահող
Անմա՛ր կրակ:

Մեր առաջին
Լեզվի տաճար,
Լուսապայծառ
Հայոց հանճար:

Դու մեր Մեծ Պապ՝
Հացիկ գյուղից,
Մշո դաշտի
Քաղցրիկ հողից:

Շրթունքներով
Մեր մանկական՝
Քեզ հազա՜ր փառք
Հավերժական:

Խաչիկ Դաշտենց

ՔԱՌՅԱԿՆԵՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԱՊԱՏՈՒՄԻ

Ի սեր երգիս անմահության՝ Մաշտոց հայր էր հարկավոր,
Ի սեր ազգի՝ Վարդանի պես զոհվող այր էր հարկավոր,
Սփյուռքներում, աշխարհով մեկ, հայոց լեզվի փրկության
Ամենօրյա հազար ու մեկ Ավարայր էր հարկավոր…

* * *

Մեծ Մաշտոցի հավերժաթուր գրի նման կշողա,
Մասիս, ձյունդ Անդրանիկի թրի նման կշողա,
Անդրանիկը ելավ չարի սև մոռացման պատյանից,
Ախ երբ պիտի դու էլ ելնես, հույսն անսահման կշողա:

* * *

Օշականի անմահ մեռյալ, էլ քո մահից կախված չես,
Ծնվում՝ ամեն ծնողի հետ՝ ոչ մի հողի շաղված չես,
Ամեն մի հայ օրոցքի հետ օրօրում ես հավիտյան,-
Քո շիրմին էլ չեմ հավատում, մի վայրկյան էլ թաղված չես:

* * *

Աստվածընծա տաճարի հետ թե ամրոցը չլիներ,
Թե ամրոցի ամրոց՝ գրոցն ու բրոցը չլիներ,
Դեռ էն գլխից կցամաքեր՝ Սևանն ու Վանն էլ վրան,
Մաշտոցն ինքն էլ չէր հավերժի, թե Մաշտոցը չլիներ…

Հովհաննես Շիրազ

ԴՈՒ ՄԵԾ ՋԱՀԱԿԻՐ

Ձոն Մեսրոպ Մաշտոցին

Ոչ մի արհավիրք
Չի կարող փշրել
Մեր ողնաշարը,
Որ Դու ես կռել:
Ոչ մի դաժան հողմ
Չի կարող պոկել
Կաղնին դարավոր,
Որ Դու ես տնկել:

Դու Մեծ Ջահակիր,
Մենք՝ ջահդ վառող:
Դու Մեծ Վարդապետ,
Մենք՝ բյուր աշակերտ,
Դու Մեծ Զորավար,
Մենք՝ բազում բանակ:
Դու հսկա փրկիչ՝
Մեր ահեղ երթի,
Դու արթուն պահակ՝
Մեր փոքրիկ բերդի:

Ու մենք մարտիրոս
Մի ողջ ժողովուրդ,
Կուրծքներս վահան
Հոգով Քեզ պաշտպան,
Պահել ենք փառքը
Քո հնադարյան,
Ու դեռ կպահենք
Այսօր և վաղը,
Մինչեւ հավիտյա՜ն…

Տիգրան Պողոսյան

ՕՇԱԿԱՆՈՒՄ

Այստեղ հանճա՜րն է հանգչում. հավերժական լռություն,
Ընկղմած խոր լռության ժամանակի մեջ անծայր,
Մեսրոպ, սրտի հուր կանթեղ, մտքի անդուլ արթնություն,
Մեր դպրության հզոր Հայկ, ժողովուրդիս պես պայծառ:
Այս պաղ, անդորր մատուռում՝ միայն հավերժն է արթուն –
Հսկում քեզ, Մեծ ընթերցող, հսկա պապդ ոսկեբառ.
Բայց բաբախում ես դու հար և՛ ծերունու հին սրտում,
Ե՛վ մանկան նոր սրտի մեջ – արևի պես մշտավառ:
Ահա մի ողջ տքնաջան և քաջասիրտ ժողովուրդ,
Որպես երկինք, տանում է քո արևը դարից դար,-
Քո լույսի հետ, լույսիդ մեջ,- մի սերունդից մի սերունդ:
Հանգի՜ստ քեզ, օ՜, բանի սիրտ, մտքի սե՜ր և մխիթար,
Ահավասիկ քո սրտով ու քո մտքով մշտաբոց՝
Երկրե-երկիր է թևում հանճարեղ հուրը Հայոց:

Սողոմոն Տարոնցի

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ

Գիշեր է խավար.
Եփրատի ափին
Այն ո՞վ է անքուն մտորում անվերջ,
Փնտրում անհանգիստ հայոց ջինջ արփին
Դարերի համար ու դարերի մեջ:

Եկ տքնեց հույսով նա գիշեր ու զօր,
ԵդԵսիա, Ամիդ, հեռու Սամոսատ.
Ով երեսունվեց երկաթե զինվոր
Իր ձեռքով հղկեց ու շարեց հատ-հատ:

Ձեռքին «ավարը» լույս մագաղաթե,
Դարձավ նա «կռվից» անհաղթ բանակով,
Ոչ մի զորավար պատմության մեջ դեռ
Ձի դարձել այդպես մեծ հաղթանակով:

Սուրեն Մուրադյան

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՀԵՏ

Պատահական հանդիպում էր, խիստ ցանկալի,
Նա իջել էր Արարատ սարի Ակոռի գյուղից
Եվ հասել էր Ձկան խանութ:
Ես նրան ճանաչեցի, նա ինձ` ոչ,
Եվ դա բավական էր Բարևի համար.
-Ողջույն, որդի Վարդանի, Մեծն Մաշտոց:
Նա իմ փքուն ոճից քիչ-միչ խոժոռվեց,
Եվ հավուր պատշաճի բարևս առավ:
Ես ոգևորված շարունակեցի,
-Եկել եք Ձեր փողոցը տեսնե՞ք, ով Մեծն Մեսրոպ:
-Ին՞չ փողոց, որդի:
Հարգելով նրա ժամանակը` կարճ կապեցի.
– Սա Մեսրոպ Մաշտոցի, այսինքն` Ձեր անվան փողոցն է,
– Ուզու՞մ եք ծանոթացնեմ, այ, այս հատող պողոտան էլ
– Գրիգոր Լուսավորչի անվամբ է:
– Հա՞,- հարցական նայեց Մեծը,- չարչարյալը ասորի էր, մեր խաչը կրեց:
Փակ շուկայի շենքը նրան շատ դուր եկավ:
-Մրգեր, կանաչի, բան-ման են վաճառում,-ասացի ես:
-Ովքե՞ր,-հարցրեց Մեծը:
Հիմնականում հայեր են, գյուղերից, շեներից, մեկ- մեկ էլ
Վերավաճառողներ կան քաղաքից:
Վերջին խոսքս կարծես լավ չհասկացավ,
Բայց շարունակեցի: Սա էլ պարսկական մզկիթ է,
Նորոգում են իրենք` պարսիկները:
-Ի՞նչ մզկիթ,-հարցրեց Մեծը,-նրանք զրադաշտ…
Ես անկիրթ ձևով ընդհատեցի.-Մահմեդական են,
Այո, ժամանակներ են անցել, հիշու՞մ եք Ցիցերոնի` օ՜, ժամանակներ,
Օ՜, բարքեր:
Կտրեցինք, անցանք նախկին Մարքսի, ներկա` Խորենացու փողոցը,
Մարքսի մասին երկար չխոսեցի` չծանրաբեռնելու նրա միտքը,
Խորենացուն, թվաց, շատ է հարգում,
Դիմացը ժամանակակից արվեստի թանգարան էր,
Ի՞նչ տակառներ են, գինու, ցորենի…
-Ոչ-ոչ, նկարեր են և քանդակներ ժամանակակից:
-Հա՞, միայն ժամանակակից, հներից չկա՞ն:
Ես պատրաստվում էի ասել` ոչ, ճռնչաց երթուղային տաքսին,
Եվ նրա բաց պատուհանից զայրացած վարորդը
Թունդ հայհոյեց ոմն հետիոտնի:
Մեսրոպ Մաշոտի առջև գետինը մտա:
-Ուսուցիչը ժպտաց.-Տղա ջան,
Իսկը մեր դարի հիշոց է,
Սեռական անդամների անուն էլ նույն է:
«Լավանդա» դեղատուն-խանութի տեսքը հետաքրքրեց Մեծին:
-Լավանդա,- ի՞նչ է նշանակում սա:
-Ծաղկի անուն է, ուսուցիչ, ինչ ասես վաճառում են:
«Դայմընդ» կազինոն` իր ապակե մութ պատերով,
Կասկած հարուցեց:
-Գրված է լատիներեն, կարծեմ`ադամանդ է նշանակում:
-Այո, ուսուցիչ, ցավոք` հայերեն ցուցատախտակը բացակայում է:
-Ու՞ր է գնացել,-կատակեց Մեծը:
Այս հատող փողոցն էլ Վռամշապուհի անվամբ է:
Մեսրոպ Մաշտոցը փառավոր ժպտաց, գոհունակ շոշափեց շենքի անկյունաքարը:
-Երանելի է, օրհնյալ լինի Վռամշապուհը, նա չլիներ`
Ես ի~նչ տառ տեղծող էի:
Մեծի համեստությունը անչափ էր:
Եվս մի օտարանուն կազինո: Փորձեցի ծանոթացնել թատերական ընկերության:
Նա հասկացավ և ասաց.
-Թատրոնը Արտաշատում էր թատրոն, երբ Արտավազադ Երկրորդը…
Օ, ինչ անամոթություն, այդ պահին մի մուրացկան երեխա նրանից փող մուրաց,
Ուսուցիչը գրպանից մի արծաթե դրամ հանեց, դրեց փոքրիկի ափը:
Ես դեպքը հարթելու համար ասացի.
-Տղաս, այբուբենը գիտե՞ս:
_Կեսը, պատասխանեց փոքրիկն ու ձեռքը մի այլ անցորդի պարզեց:
«Մետելիցա» սրճարանի մոտ կանգնեց մի պահ:
Ռուզիկների բառն է, ասացի ես, հողմաղաց է նշանակում:
-Հետաքրքիր է, ռուզիկների երկրում, երևի շատ քամի և ցուրտ կա,-
ասաց ուսուցիչը,- բայց գոնե թարգմանեիք:
Բացթողում է, Երևանի քաղաքապետարանը որոշում է արձակել, կլինի:
-Սա Երևա՞ն քաղաքն է,-հանկարծ հարցրեց Ուսուցիչը:
Հանկարծակիի եկած` ասացի.-Այո, 2500-ամյակը 1967 թվին տոնեցինք:
Մեր Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:
-Էրեբունի…Երևան…-հիշեց Մեսրոպ Մաշտոցը,-Ի՞նչ էր, ինչ դառավ, երևի
Հռոմից գեղեցիկ է:
-Բա ինչ,-կատակախառն ասեցի և մի քանի կազինո
Մատնեցի անուշադրության,
Կենտրոնացա օպերայի և բալետի շենքի վրա:
-Օ՜,-տնքաց Ուուցիչը,-այ սա տաճար է, և ի՞նչ են անում այստեղ:
Օպերա են բեմադրում և բալետ,-ասացի և փորձեցի մի քանի տուն երգել
«Արշակ Երկրորդից» և փողոցում ձեռամբ ներկայացնել
«Սուսերով պարը» հատվածը:
-Լավ է, լավ է,- մեր ժամանակ միայն վարձկաններն էին այդպես պարում
Եվ կույր գուսաններն էին երգում Գողթան երգեր:
Նորից մեջբերեցի Ցիցերոնին`
Օ՜, ժամանականեր, օ՜, բարքեր:
«Յամ-յամ» և «Դոնաթս» խանութ-սրճարանների դիմաց պապանձվեցի:
Քիչ վերև` իրար դիմաց երկու խաղատուն, նախկին բինգոյի սրահ…
Լավ էր, կինո «Նաիրիի» շենքը`կուրծքը դուրս ցցած առյուծի պես…
-Սա էլ սքանչելի տաճար է,-ասեց Ուսուցիչը,-Նաիրի…մեր երկրի հին անուններից է:
Հպարտորեն ասեցի.-Այո, սովորույթ է, շատ շենքեր ու կաճառներ հին
Մայրաքաղաքների ու մեր երկրի անուններով ենք կնքում`
Արմենի, Հայասա,Հայաստան, Անի, Վան…
Գոհունակ ժպիտը երկար չտևեց, մի քանի սփյուռքահայ կտրեցին
Նրա ճանապարհը և փառաբանեցին արևմտահայերեն:
Ուսուցիչը շատ բառեր կարծես թե չհասկացավ, քանզի նրանց խոսքը
Խճողված էր անգլերեն, թուրքերեն, իսպաներեն, արաբերեն և այլ լեզուների բառերով:
Բայց հստակ էր Ուսուցչի թախիծը, որ կարող էր ծածկել մի ողջ պատմություն:
-Էհ, զավակներս, միշտ սփռվել ենք Եգիպտոս, Հունաստան, Իրան, Հռում:
Սա ճակատագիր է:
Սփյուռքահայերը միաձայն, երգելու պես ասացին.
-Դուք մեզ փրկել եք, ուր էլ գնաք, կգոչենք հայ,
Հայաստան,
Այբուբենը մեր հոգին է:
Մի սփյուռքահայ ուսուցիչ դիմեց Ուսուցչին.
-Արևելահայերեն, արևմտահայերեն, շատ չէ՞, սուրբ Մեսրոպ:
Մեծը «սուրբ» բառից կնճռոտվեց, ասաց.
-ժամանակը կպարզի, կարևորը երկուսի մեջ էլ հայերենն է:
Բա ե՞ս ինչ անեմ, որ միայն գրաբար գիտեմ:
Բոլորս խնդացինք:
Սփյուռքահայերը դժվարությմաբ բաժանվեցին,
Նրանք քրիստոնեության հռչակման 1700-ամյակի ծրագրով
պիտի երթային «Լա Սկալայի» համերգին:
Ես փորձեցի խոսել քրիստոնեության կարևորության մասին,
Մեծը ուսուցչաբար ընդհատեց.
-Որդյակ, Այբուբենի առաջին տառը Այբ է` Աստված, վերջինը Քե`
Քրիստոս…
Ես նրան չցանկացա ծանրաբեռնել, որ Եվ, Օ, Ֆ էլ ունի Այբուբենը:
Այնքան բան կար պատմելու Մատենադարանի մասին:
Այո, սիրելի ընթերցող, նա տեսավ արձանը և հարցրեց.
-Ո՞վ է այն ծերը և ո՞վ այն մանուկը:
-Ծերը, Ուսուցիչ, Դուք եք, մանուկը` Կորյունը:
-Շատ ծեր է, բա ես այդպիսին եմ,-ժպտաց Ուսուցիչը,-Կորյուն այսպիսի
տղեկ էր` ուշիմ, Երևանի փողոցներում այդպիսիք շատ տեսա:
Ես տեսա նաև ուսադիրներով, պետական մարդկանց, երկաթե շարժակառքեր,
Ծանոթ դեմքեր, ասորիների և պարսիկների, ազգդագրեր,
Ժամանակը փոխվել և չի փոխվել, դա հայոց պատմությունն է:
Ցիցերոնը մի քիչ սխալվում էր,- ինձ աչքով արեց Ուսուցիչը:
Նա երկար նայեց Արարատին և հանկարծ ծնկի եկավ,
Ծանր խաչակնքեց, աչքերը լիքն էին մշուշով, բիբերում
Արտացոլված պատկերներ` Եռագույն, Զինանշան, Արարատ,
Շուրթերին մրմունջ` ականջիս չհասնող:
Ես Կորյունի պես ծնկեցի նրա առջև և քարացած նայում էի դեմքին`
Հասկանալու նրա մրմունջը:
Տեր իմ, ե՞րբ կհասկանամ:

էդուարդ Միլիտոնյան

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՄԱՍԻՆ – ՄԱՍ 1-ԻՆ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

3 մեկնաբանություն

  1. nare

    es shat havaneci Dzer kayq@ ev kuzem imanal te inchpes I’m banastextutyunner@ qcem Mocak.am

    1. Մոծակ

      Սիրելի Նարե, ուղարկիր բանաստեղծություններդ՝ լրացնելով այս ձևաթուղթը: https://goo.gl/aSuFMc

      Հարգանքներով՝ Mocak.am

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի