ՀԵՔԻԱԹ. ԻՆՉՊԵՍ ՓՈՔՐԻԿ ԿԵՆԳՈՒՐՈՒՆ ԴԱՐՁԱՎ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ


կենգուրուն

Այս հոգեբանական հեքիաթը կարող է օգնել Ձեզ և Ձեր փոքրիկին, եթե նա ունի Ձեզնից բաժանվելու վախ, տագնապ ու անհանգստանում է, երբ միայնակ է մնում: Հեքիաթը նախատեսված է 3-5 տարեկան երեխաների համար: Իսկ թե ինչպես օգտագործել հոգեբանական հեքիաթները կարող եք գտնել ահա այս էջում:

Կար-չկար մի մեծ կենգուրու: Մի անգամ նա դարձավ աշխարհի ամենաերջանիկ կենգուրուն. ծնվեց նրա փոքրիկ կենգուրու բալիկը: Սկզբում փոքրիկ կենգուրուն շատ թույլ էր և փոքրիկ, այդ պատճառով մայրիկը նրան պահում էր իր փորի վրա գտնվող պայուսակում:

Այնտեղ՝ մայրիկի պայուսակում, փոքրիկը իրեն շատ հարմարավետ և ապահով էր զգում: Երբ նա ուզում էր խմել, մայրիկը նրան համեղ կաթ էր տալիս, իսկ երբ ուզում էր ուտել, մայրիկը նրան գդալով համեղ ապուր էր տալիս: Հետո փոքրիկը քնում էր, և այդ ժամանակ մայրիկը ժամանակ էր ունենում, որպեսզի զբաղվի տնային գործերով, ճաշ պատրաստի: Բայց երբեմն, երբ փոքրիկ կենգուրուն արթնանում էր և իր կողքին չէր գտնում մայրիկին, վախենում էր: Այդ ժամանակ նա բարձրաձայն լաց էր լինում և գոռում, մինչև որ մայրիկը չէր մոտենում և նրան նորից իր պայուսակի մեջ պահում:

Մի անգամ, երբ փոքրիկը նորից սկսեց լաց լինել և մայրիկը ուզեց նրան իր պայուսակի մեջ դնել, պայուսակը կարծես թե փոքրացել էր և փոքրիկի ոտքերն այլևս չէին տեղավորվում պայուսակի մեջ: Փոքրիկ կենգուրուն շատ վախեցավ և ավելի ուժեղ սկսեց լաց լինել, նա վախենում էր, որ մայրիկը հիմա կգնա և իրեն մենակ կթողնի: Դրա համար նա ամուր ծալեց ոտքերը ու տեղավորվեց պայուսակի մեջ:

Երեկոյան նա մայրիկի հետ հյուր գնաց: այնտեղ ուրիշ երեխաներ կային. նրանք ուրախանում էին և խաղում: Նրանք փոքրիկին կանչեցին իրենց հետ խաղալու, բայց փոքրիկ կենգուրուն վախենում էր լքել մայրիկի պայուսակը և ամբողջ ժամանակ այնտեղ նստեց: Ողջ երեկոյի ընթացքում մայրիկին մոտենում էին մեծահասակները և հարցնում էին, թե ինչու կենգուրուն այդքան մեծ է, բայց վախենում է դուրս գալ մայրիկի պայուսակից և գնալ խաղալու մյուս երեխաների մոտ: Այդ ժամանակ կենգուրուն ավելի վախեցավ և ամբողջովին թաքնվեց պայուսակի մեջ, այնպես, որ նույնիսկ նրա գլուխը չէր երևում: Օրեցօր մայրիկի պայուսակը ավելի ու ավելի նեղ և անհարմար էր դառնում: Փոքրիկ կենգուրուն շատ էր ուզում վազվզել տան շրջակայքում գտնվող մարգագետնում, խաղալ հարևան տղաների և աղջիկների հետ, բայց այնքան սարսափելի էր մայրիկից հեռանալը: Այդ պատճառով մայրիկ կենգուրուն չէր կարողանում թողնել փոքրիկին և ողջ ժամանակ նրա հետ էր:

Մի անգամ առավոտյան մայրի կենգուրուն խանութ էր գնացել, երբ փոքրիկը արթնացավ ու տեսավ, որ մենակ է, սկսեց լաց լինել, բայց մայրիկը չէր գալիս: Հանկարծ նա պատուհանից տեսավ հարևանի տղաներին, որոնք խաղում էին: Նրանք վազվզում էին, բռնոցի խաղում և ուրախանում: Նրանք շատ ուրախ էին: Փոքրիկ կենգուրուն դադարեց լաց լինելուց և վճռեց, որ ինքը նույնպես կարող է ինքնուրույն, առանց մայրիկի լվացվել, հագնվել և գնալ երեխաների մոտ: Նա այդպես էլ արեց: Երեխաները հաճույքով ընդունեցին փոքրիկին իրենց հետ խաղալու և նա սկսեց վազել, թռվռալ՝ բոլորի հետ միասին: Շուտով մայրիկը վերադարձավ և գովեց նրան, ասաց, որ նա համարձակ և ինքնուրույն երեխա է:

Այժմ մայրիկը ամեն առավոտ կարող է աշխատանքի, խանութ գնալ. չէ որ փոքրիկ կենգուրուն այլևս չի վախենում մենակ մնալուց: Նա գիտի, որ մայրիկը ցերեկը պետք է աշխատի, իսկ երեկոյան անպայման տուն կվերադառնա իր սիրելի բալիկի մոտ:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։