facebook

ԻՆՉՊԵՍ ԳՏՆՎԵՑ… ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶԸ


Գտնված երազԽորհրդային շրջանում հայկական կինո- և մուլտարտադրությունը ընթանում էր համաշխարհային ֆիլմարտադրությանը հավասար քայլերով: Հայֆիլմ կինոստուդիան ստեղծեց այնպիսի ֆիլմեր ու մուլտեր, որոնք իրենց անսահման բարությամբ ու պարզությամբ միլիոնավոր մարդկանց սրտեր գրավեցին: Նրանց ստեղծումից արդեն շատ տարիներ են անցել, բայց բավական է նրանք կրկին հայտնվեն էկրաններին, և բոլորը ժպիտով հիշում են իրենց մանկությունը ու ընկնում լուսավոր հուշերի գիրկը:

Ինչ-որ կախարդական ուժ ունի նաև 1973 թվականին ստեղծված ու «գտնված» այս մուլտը: Հայֆիլմ կինոստուդիայի «Գտնված երազ» մուլտֆիլմը մեկ անգամ դիտողը այլևս չի մոռանում և անմիջապես ավելացնում է այն իր սիրելի մուլտերի թվին: Բոլորը անմիջապես անգիր են անում մուլտֆիլմում հնչող արտահայտությունները, մեծ ու տպավորիչ աչուկներով աղջիկներին սկսում են նմանեցնել մուլտֆիլմի հերոսուհուն ու այդպես շարունակ… Եվ այսպես Գտնված երազը դառնում է այն դիտած յուրաքանչյուր մարդու կյանքի անբաժանելի մասը:

Բայց և այնպես այս եթերային մուլտֆիլմն էլ ոչ թե հրաշքով է ստեղծվել, այլ պարզապես հետաքրքիր աշխատանքային պրոցեսի արդյունքում: Նկարիչ Հովիկ Դիլաքյանն արդեն մի քանի տարի աշխատում էր Հայֆիլմում, նրա մասնակցությամբ էին ստեղծվել «Պույ-պույ մկնիկը», «Ով է իմ ընկերը» և այլ մուլտֆիլմեր, ինչպես նաև «Աղվեսագիրք» երաժշտական մուլտֆիլմը, երբ նրան վստահվեցին ստեղծվելիք նոր մուլտֆիլմի աշխատանքները:Գտնված երազ

Սցենարը գրեց Հովիկ Դիլաքյանի քույրը՝ Մարինա Դիլաքյանը: Երաժշտությունը ստեղծվեց Ռուբեն Հախվերդյանի կողմից, իսկ երբ Մհեր Մկրտչյանի ձայնով էլ խոսեց Ծերուկը, ամեն ինչ իր տեղն ընկավ: Անշուշտ, չափազանց գեղեցիկ ձայն ունի նաև Աղջիկը, սակայն ցավոք, ոչ մուլտֆիլմի մասին տեղեկություններում, ոչ էլ մուլտֆիլմը ստեղծող անձնակազմի հիշողություններում չի պահպանվել նրան հնչյունավորողի անունը:«Գտնված երազի» մուլտիպլիկատոր Իգոր Պատրիկը պատմում է, որ այս և մյուս մուլտերի ստեղծման և աշխատանքային գործընթացի մասին բավական մեծ արխիվ է եղել, ինչպես էսքիզների, այնպես էլ լուսանկարների տեսքով, սակայն այդ ամենը ամբողջությամբ ոչնչացել է: Մնացել է միայն մուլտֆիլմը, որը բարեբախտաբար ռեստավրացվել է և այժմ շատ լավ որակով է ներկայացվում ձեզ: «Երբ մուլտը հայտնվեց էկրաններին, թեկուզ նկարը շատ որակյալ չէր, բայց դա ոչ ոքի չմտահոգեց, որովհետև մուլտն անմիջապես սիրվեց հանրության կողմից: Մրցանակներ չստացավ, բայց ժողովրդի սերն էլ լիուլի բավական էր»-հիշում է Իգոր Պատրիկը:

Գտնված երազ

Սակայն մի քանի տարի անց մուլտֆիլմի ռեժիսորը, սցենարիստը, ինչպես նաև նրանց եղբայրը՝ նկարիչ Գագիկ Դիլաքյանը, հեռացան Հայաստանից և հաստատվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այստեղ էլ նրանք շարունակեցին ստեղծագործել արվեստի տարբեր բնագավառներում և 2007թ.-ից ստեղծեցին 3D արվեստի մի նոր տեսակ, որը կոչվում է «Արվեստը արկղի մեջ»: Նրանց ստեղծագործությունները նվիրվում են հանճարեղ արվեստագետների կյանքին ու գործունեությանը և տեղավորվում են փոքրիկ արկղերի մեջ:

Դիլաքյան եղբայրների նոր աշխատանքներին մասնրամասն կարող եք ծանոթանալ նրանց կայք-էջում: Իսկ մեզ մնում է հուսալ, որ մեր մուլտստուդիաներում դեռ կստեղծվեն այսպիսի բարի ու գեղեցիկ մուլտեր, և բոլորս կպահպանենք ու կգնահատենք դրանք, չէ՞ որ մենք դա կարող ենք…

 Անահիտ Ալեքսանյան

Մեկնաբանություններ

ԻՆՉՊԵՍ ԳՏՆՎԵՑ… ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶԸ