ԻՆՉՊԵՍ ԳՏՆՎԵՑ… ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶԸ

Խորհրդային շրջանում հայկական կինո- և մուլտարտադրությունը ընթանում էր համաշխարհային ֆիլմարտադրությանը հավասար քայլերով: Հայֆիլմ կինոստուդիան ստեղծեց այնպիսի ֆիլմեր ու մուլտեր, որոնք իրենց անսահման բարությամբ ու պարզությամբ միլիոնավոր մարդկանց սրտեր գրավեցին: Նրանց ստեղծումից արդեն շատ տարիներ են անցել, բայց բավական է նրանք կրկին հայտնվեն էկրաններին, և բոլորը ժպիտով հիշում են իրենց մանկությունը ու ընկնում լուսավոր հուշերի գիրկը:
Ինչ-որ կախարդական ուժ ունի նաև 1973 թվականին ստեղծված ու «գտնված» այս մուլտը: Հայֆիլմ կինոստուդիայի «Գտնված երազ» մուլտֆիլմը մեկ անգամ դիտողը այլևս չի մոռանում և անմիջապես ավելացնում է այն իր սիրելի մուլտերի թվին: Բոլորը անմիջապես անգիր են անում մուլտֆիլմում հնչող արտահայտությունները, մեծ ու տպավորիչ աչուկներով աղջիկներին սկսում են նմանեցնել մուլտֆիլմի հերոսուհուն ու այդպես շարունակ… Եվ այսպես Գտնված երազը դառնում է այն դիտած յուրաքանչյուր մարդու կյանքի անբաժանելի մասը:
Բայց և այնպես այս եթերային մուլտֆիլմն էլ ոչ թե հրաշքով է ստեղծվել, այլ պարզապես հետաքրքիր աշխատանքային պրոցեսի արդյունքում: Նկարիչ Հովիկ Դիլաքյանն արդեն մի քանի տարի աշխատում էր Հայֆիլմում, նրա մասնակցությամբ էին ստեղծվել «Պույ-պույ մկնիկը», «Ով է իմ ընկերը» և այլ մուլտֆիլմեր, ինչպես նաև «Աղվեսագիրք» երաժշտական մուլտֆիլմը, երբ նրան վստահվեցին ստեղծվելիք նոր մուլտֆիլմի աշխատանքները:
Սցենարը գրեց Հովիկ Դիլաքյանի քույրը՝ Մարինա Դիլաքյանը: Երաժշտությունը ստեղծվեց Ռուբեն Հախվերդյանի կողմից, իսկ երբ Մհեր Մկրտչյանի ձայնով էլ խոսեց Ծերուկը, ամեն ինչ իր տեղն ընկավ: Անշուշտ, չափազանց գեղեցիկ ձայն ունի նաև Աղջիկը, սակայն ցավոք, ոչ մուլտֆիլմի մասին տեղեկություններում, ոչ էլ մուլտֆիլմը ստեղծող անձնակազմի հիշողություններում չի պահպանվել նրան հնչյունավորողի անունը:«Գտնված երազի» մուլտիպլիկատոր Իգոր Պատրիկը պատմում է, որ այս և մյուս մուլտերի ստեղծման և աշխատանքային գործընթացի մասին բավական մեծ արխիվ է եղել, ինչպես էսքիզների, այնպես էլ լուսանկարների տեսքով, սակայն այդ ամենը ամբողջությամբ ոչնչացել է: Մնացել է միայն մուլտֆիլմը, որը բարեբախտաբար ռեստավրացվել է և այժմ շատ լավ որակով է ներկայացվում ձեզ: «Երբ մուլտը հայտնվեց էկրաններին, թեկուզ նկարը շատ որակյալ չէր, բայց դա ոչ ոքի չմտահոգեց, որովհետև մուլտն անմիջապես սիրվեց հանրության կողմից: Մրցանակներ չստացավ, բայց ժողովրդի սերն էլ լիուլի բավական էր»-հիշում է Իգոր Պատրիկը:

Սակայն մի քանի տարի անց մուլտֆիլմի ռեժիսորը, սցենարիստը, ինչպես նաև նրանց եղբայրը՝ նկարիչ Գագիկ Դիլաքյանը, հեռացան Հայաստանից և հաստատվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այստեղ էլ նրանք շարունակեցին ստեղծագործել արվեստի տարբեր բնագավառներում և 2007թ.-ից ստեղծեցին 3D արվեստի մի նոր տեսակ, որը կոչվում է «Արվեստը արկղի մեջ»: Նրանց ստեղծագործությունները նվիրվում են հանճարեղ արվեստագետների կյանքին ու գործունեությանը և տեղավորվում են փոքրիկ արկղերի մեջ:
Դիլաքյան եղբայրների նոր աշխատանքներին մասնրամասն կարող եք ծանոթանալ նրանց կայք-էջում: Իսկ մեզ մնում է հուսալ, որ մեր մուլտստուդիաներում դեռ կստեղծվեն այսպիսի բարի ու գեղեցիկ մուլտեր, և բոլորս կպահպանենք ու կգնահատենք դրանք, չէ՞ որ մենք դա կարող ենք…
Անահիտ Ալեքսանյան






























vuuusss saaat lavnaaaa
Շատ լավ մուլտֆիլմ է։
Մի հարց ունեմ՝ եթե Ծերուկի ձայնը Մհեր Մկրտչյանինն է, ինչու՞ անունը չկա տիտրերում
Ցավոք, մուլտֆիլմի անձնակազմը ուշադիր չի եղել և ոչ միայն չի նշել Ֆրունզիկ Մկրտչյանի, այլև աղջկա ձանը հնչյունավորող դերասանուհու անունը: Եվ եթե Ֆրունզիկի անունը բոլորս հիշում ենք, ապա այդ դերասանուհու անունը առհասարակ մոռացվել է և չի պահպանվել անգամ արխիվում: