ԾԱՂԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈԾԱԿԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՑ

ԾԱՂԻԿԸ

Լինում է, չի լինում, մի ծաղիկ է լինում, որը ընկերներ չի ունենում: Ծաղիկը ամբողջովին մենակ էր և մի օր ասաց ինքնիրեն.

-Ինչու՞ եմ մենակ, ինչո՞ւ ես չունեմ ընկերներ,- և լսեց ուրիշ ծաղիկների ձայները, որոնք ուրախ ձայներ էին:

Նրանք միասին խաղում էին, իսկ ծաղիկը մենակ ու տխուր էր: Նա որոշեց իր համար գտնել ընկեր: Գնաց-գնաց, բայց անօգուտ, չգտավ: Ծաղիկը շատ տխրեց: Նա գնաց իր տուն, և սկսեց հեռուստացույց դիտել, իսկ հետո գնաց նկարելու:

Ծաղիկը նկարեց իրեն և ինչ-որ այլ ծաղիկների: Այդ ծաղիկները իր պատկերացմամբ իր ընկերներն էին: Եվ իրականում ծաղիկը շատ գեղեցիկ էր նկարել: Նա գրեց իր անունը, և ծաղկային նկարը դրեց դաշտում:

Մյուս ծաղիկները եկան, տեսան այդ նկարը, և որոշեցին ընկերանալ տաղանդավոր ծաղիկի հետ: Նրանք զգացին, որ ծաղիկը իսկական, հավատարիմ ընկեր է և ծաղիկին համարեցին լավագույն նկարիչ: Ծաղիկը դաշտի նկարիչ-ծաղիկն էր, արդեն ուներ ընկերներ և ապրում էր ուրախ և անհոգ:

Եվ այսպես, երկնքից ընկնում է երեք խնձոր: Մեկը՝ պատմողին, մեկը՝ լսողին, մեկն էլ՝ ականջ դնողին:

Աննա Դալլաքյան

ԴԱՇՏԱՅԻՆ ԾԱՂԻԿՆԵՐԸ

Ես սիրում եմ դաշտային ծաղիկներ: Նրանք ծնվում են ազատության մեջ, ապրում ու մեռնում ազատ: Մարդը չի ցանում դրանք, մարդը չի ջրում, խնամում, որ հետո «տվողի ու տիրոջ» իրավունքով պոկի հողից, արմատից, դնի մի բուռ ջրով լցված ծաղկամանը, հիանա, գերվի կյանքի բուրմունքով, իսկ հետո, երբ չորանա, մի կողմ նետի: Ուրիշ է դաշտային ծաղիկների ճակատագիրը: Նրանք ծնվում են իրենց սեփական կամքով, ծնվում են, որտեղ ցանկանում են՝ աչքերը հառած արևի ոսկուն. երևի հենց դրանից էլ կապույտ են ծնվում: Դաշտային ծաղիկների գույները երբեք նման չեն ջերմոցային ծաղիկների հարուստ գույներին: Ուրիշ են դաշտային ծաղիկները:

Արփինե Ղազարյան, 10 տարեկան,
Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոց, 6-րդ դասարան

ՓՈՔՐԻԿ ՁՆԾԱՂԻԿԸ

Գարնան հենց առաջին օրը՝ լույս աշխարհ եկավ փոքրիկ ձնծաղիկը: Նա անչափ ուրախ էր, որ այժմ կարող է վայելել բնությունն իր ողջ գեղեցկությամբ: Ձնծաղիկը նույնիսկ ցանկանում էր վազվզել ու թռչկոտել, սակայն հողն այնքան ամուր էր գրկել նրան, կարծես վախենում էր, որ մի գեղեցիկ օր կարող էր կորցնել ձնծաղիկին:

Այսպես ապրում էր փոքրիկ ձնծաղիկը: Նա չուներ ոչ մի հոգս: Անցան շա՜տ օրեր, և անսպասելիորեն եկավ աշունը: Ձնծաղիկին շրջապատող բոլոր մյուս ծաղիկները խորին վիշտ ապրելով վերացան: Ձնծաղիկը զգում էր, որ ինքը նույնպես շուտով պիտի արժանանա մյուս ծաղիկների ճակատագրին: Սակայն միևնույն է, նա ոչ մի կերպ չէր ուզում պատկերացնել, որ կգա մի օր, երբ ինքը այլևս չի կարողանա զմայլվել սքանչելի բնությամբ: Նա շատ երկար սպասեց և վերջապես եկավ այդ օրը: Զարմանալի է, բայց այդ օրը ձնծաղիկը շատ ուրախ էր: Այո՛, նա ուրախ ու երջանիկ էր, որովհետև նրանից հետո լինելու էին էլի շատ ծաղիկներ: Նա ուրախ էր, որովհետև կյանքը, թեկուզ առանց իրեն, շարունակվում էր…

Քնարիկ Բադալյան, 11 տարեկան, 
Երևանի թիվ 181 հիմնական դպրոց, 7-րդ դասարանում

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի