ՏՌԱԼԻԶՈՐԻՈՒՄ. ՄԱՍ 2-ՐԴ. ՀԵՔԻԱԹ-ՊԱՏՄՎԱԾՔ

ՏՌԱԼԻԶՈՐԻՈՒՄ – ՄԱՍ 1-ԻՆ

Անցան ժամեր, օրեր, ամիսներ: Նշում էինք Իզայի ծննդյան օրը: Նա դառնում էր 9 տարեկան: Բոլորը շատ ուրախ էին բացի ինձնից: Ես կարոտել էի ընտանիքին և այս ծննդյան տոնը ինձ հիշեցրեց իմ ծննդյան մասիմ:

Որոշեցի գնալ պապիկիս ամրոց, որտեղ ոչ ոք այն ժամանակվանից ոտք չէր դրել: Գնացի որպեսզի գտնեմ մի իր, որի միջոցով կկարողանայի տեսնել մեր աշխարհում ապրող ընտանիքիս: Այդ իրի մասին կարդացել էի «Տռալիզորիում» գրքում, այն կոչվում էր «ամենատես աչք», դրա միջոցով կարող էիր յուրաքանչյուր մարդու: Բայց ամրոցը շատ մեծ էր և այն գտնելը հեշտ չէր լինելու: Ես զարմանում եմ ինչպես էր պապիկս կարողացել այդքան տարիներ ապրել այստեղ միայնակ:

Ինձնից օրեր պահանջվեցին, որպեսզի գտնեմ այդ աչքը: Այն իրականում փոքրիկ ապակե գունդ էր, որը ցույց էր տալիս ցանկացած մարդու տեղը: Ես այն վերցրի ձեռք, աչքերս փակեցի և ցանկացա, որպեսզի այն ինձ ցույց տա իմ ընտանիքը: Նրանք բոլորով նստած էին մեր տան հյուրասենյակում և հեռուստացույց էին դիտում: Միայն մայրս և պապիկս այնտեղ չէին: Հետո ցանկացա, որ ցույց տա մայրիկիս: Նա իմ սենյակում էր, նստած էր մահճակալիս: Վերցրել էր իմ փոքրիկ շանը, որին ես շատ էի սիրում և փորձում էր նրանից իմ կարոտը առնել: Տեսնելով այդ տեսարանը ցանկացա գոնե մի քանի վայրկյանով հայտնվել մորս կողքին, նրան ասել, որ ամեն ինչ նորմալ է, բայց… բայց դա անհնար էր:

Փորձեցի հասկանալ թե պապիկս որտեղ է և ցանկացա, որ ապակե գունդը ցույց տա պապիկիս: Տեսածիս չէի հավատում: Նա ինչ որ մութ սենյակում կապված, գետնին նստած էր և աչքերը փակ էին: Հետո միանգամից գունդը սևացավ և դարձավ ավազ, արագորեն սողալով ձեռքերիս միջից: Տեսածս անհասկանալի էր և տարօրինակ: Այդ որտե՞ղ էր պապիկս, ինչո՞ւ էր կապկապված:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանը կիմանամ, եթե գտնեմ նրան: Մի բան չեմ հասկանում, ուր էր նրան տեղափոխել այդ պորտալը: Ըստ նրա այն մեզ պետք է տեղափոխեր մեր աշխարհ, որտեղ մենք երջանիկ պիտի ապրեինք մեր ընտանիքի հետ, սակայն նա հայտնվել էր ինչ-որ ուրիշ տեղում, և դա հաստատ մեր աշխարհը չէր:

Ես վերադարձա տուն և ամեն ինչ պատմեցի իմ նոր ընտանիքին: Նրանք ասացին, որ կարող եմ դիմել պապիկիս աշակերտին, ով տարիներ շարունակ սովորել էր պապիկիս մոտ: Ես գտա նրան: Սպասելիքներս չարդարացան: Նա Էլֆ էր, իսկ ես պատկերացնում էի պապիկիս նման բարձրահասակ, սլացիկ և առնական ինչ-որ մի մարդու, մինչդեռ իմ առաջ դուրս եկավ տգեղ, կարճահասակ և շատ նիհար մի էլֆ: Բայց նա տիրապետում էր շատ հզոր կախարդանքի: Ասում են, որ նա կարող էր պապիկիս հավասար մրցակից համարվել, քանի որ պապիկս սովորեցրել էր նրան այն, ինչ գիտեր: Նա կախարդանքի միջոցով վերդարձրեց իմ «Տռալիզորիում» գիրքը, որում ինչպես հիշում եք գրվում էր այն ամենը ինչը տեղի էր ունենում այստեղ:

Ես վերցրի այն և սկսեցի կարդալ իմ և պապիկի հանդիպումից սկսած: Ես դարձել էի իրական հեքիաթի հերոս: Ես ողջ կյանքս երազել էի հայտնվել ինչ-որ հեքիաթային աշխարհում, բայց գաղափար անգամ չունեի, որ ինձ կհաջողվի այցելել միանգամից մի քանի տարբեր աշխարհներ: Պարզվում է՝ պապիկս ինչ-որ բան թուրմը պատրաստելիս սխալ էր արել և փոխանակ ընկներ մեր աշխարհ ընկել էր «Անհայտ քաղաք» անունով մի աշխարհ, որտեղ ապրում են միայն 2 հոգի թագավորը և իր աղջիկը: Բայց բացի նրանցից այդ աշխարհում էին հայտնվում նաև նրանք, ովքեր անհաջող փորձ էին անում մի աշխարհից տեղափոխվել մյուսը, և ինձ միայն դա էր մնում: Այդ «Անհայտ քաղաք»-ում ըստ առասպելի և գրքի կան շատ հոգիներ, որոնք գողանում են մարդկանց և բանտարկում, իսկ մահանալուց հետո վերջիններս նույնպես դառնում են վրիժառու հոգիներ: Արդեն պարզ էր, թե ինչու էր պապիկս կապկպված և ճաղերի ետևում:

Պապիկի աշակերտը օգնեց որպեսզի թուրմը պատրաստեմ հենց այնպես ինչպես պապիկն էր պատրաստել: Թուրմը պատրաստ էր: Բոլոր հարազատներս և ծանոթներս եկել էին ինձ հաջողություն մաղթելու և հրաժեշտ տալու: Ամենադժվարը ինձ համար Իզայի հետ բաժանումն էր, քանի որ այդ ամիսների ընթացքում շատ էի կապվել նրա հետ: Ահա և հերթը հասավ նրան:

-Խնդրում եմ զգույշ կլինես և խոստացիր, որ ինձ երբեք չես մոռանա: Ահա վերցրու իմ սիրելի խաղալիքը, որպեսզի միայնակ չլինես և ամեն անգամ նրան տեսնել ինձ հիշես,- արցունքն աչքերին ասաց Իզան և տվեց իր ամենասիրելի արջուկին:

Ես խոստացա նրան, որ զգույշ կլինեմ և որ նրան երբեք չեմ մոռանա: Եկավ պորտալը բացելու ժամանակը: Ես թուրմը լցրեցի հենց այն տեղում, որտեղ պապիկն էր լցրել անցած անգամ: Այն բացվեց: Ես պատրաստվում էի նետվել նրա մեջ, բայց… այնտեղից եկավ մի հոգի և Իզային գցեց պորտալի մեջ ես էլ նրա հետևից արագ ցատկեցի և պորտալը փակվեց: Այժմ իմ աշխատանքը ավելի էր բարդանալու: Ես նախ պիտի մտածեի, թե Իզային որտեղ պիտի թաքցնեմ, որ հոգիները չհասնեն նրան, իսկ հետո ինքս գնայի և հանձնվեի հոգիներին, որպեսզի հասնեի պապիկիս:

Ինչպես ասացի, այստեղ ապրում էին նաև թագավորն ու նրա դուստրը, որոնք իրենց պալատից երբեք դուրս չեն եկել, քանի որ վախենում են այդ հոգիներից: Ես և Իզան ճանապարհ ընկանք դեպի պալատը: Նա ողջ ճանապարհին լաց էր լինում, ուզում էր հետ գնալ ծնողների մոտ, ուզում էր խաղալ իր խաղալիքներով, բայց, ինչպես ինքներդ եք հասկանում, դա անհնար էր այս պահին: Ես իմ և Իզայի վրա պաշտպանական կախարդանք էի կիրառել, որպեսզի հոգիները մեզ չնկատեին: Եվ ամբողջ ճանապարհին մտածում էի, թե ինչպես եղավ, որ մենք 2-ով կարողացանք անցնել պորտալով, այնինչ պապիկս ասել էր, որ միայն մի հոգի կարող է անցնել:

Ամեն ինչ գնալով պարզ էր դառնում: Պապիկս իմացել էր, որ ես եկել եմ Տռալիզորիում և ինձնից ազատվելու համար պատրաստել էր այդ խաբեություն ներկայացումը: Նա ցանկացել էր, որ ես ընկնեմ այդ աշխարհ, բայց պատահական հենց ինքն էր հայտնվել այնտեղ: Ըստ առասպելի՝ այլ աշխարհից եկած կախարդը կարող էր հաղթել Տռալիզորիումի ամենաուժեղ կախարդին, և նա, վախենալով այդ փաստից, որոշել էր ազատվել ինձանից, բայց… Համարյա հասել էինք պալատին, երբ մի քանի հոգիներ հարձակվեցին մեզ վրա: Իմ պաշտպանիչ կախարդանքը քիչ-քիչ թուլանում էր: Իզան գնալով ավելի ուժեղ էր սկսում լաց լինել: Ես կատաղությունից փակեցի աչքերս ու ականջներս և բարձր գոռացի: Իմ գոռոցը ասես ինչ-որ ալիք լիներ, այն ալիքի նման հավաքեց բոլոր հոգիներին և շպրտեց մի կողմ:

Արդեն ճանապարհը ազատ էր: Ես գնալով հավատում էի գրվածին, որ կարող եմ պապիկից էլ ավելի ուժեղ կախարդ դառնալ, սակայն չէի ուզում: Ես միայն ցանկանում էի վերադառնալ իմ նախկին կյանքին և լինել ընտանիքիս հետ: Վերջապես հասանք պալատ: Երկար ժամանակ թակեցինք դուռը, սակայն բացող չեղավ: Ես խաղարդանքի միջոցով բացեցի դռները և մենք ներս մտանք: Մեր առաջ դուրս եկան Թագավորը և նրա աղջիկը: Նրանցից յուրաքանչյուրի ձեռքին կային զենքեր: Ես արագորեն տարածեցի ձեռքերս և ասացի.

-Խնդրում եմ մի կրակեք, ես հիմա ամեն ինչ ձեզ կբացատերմ,- ի տարբերություն նախորդ անգամվա այս անգամ ինձ վրա անեծք չէին կարող դնել այս հասարակ մարդիկ,- Մենք եկել ենք այս աշխարհ, որպեսզի գտնենք իմ պապիկին, ես նրանից ճշտելու շատ բաներ ունեմ և մեզ ապաստան է պետք: Խնդրում եմ, թույլ տվեք այսօր գիշերել ձեր պալատում և կցանկանանք իմանալ այս աշխարհի մասին ավելին:

Թագավորը, զգալով, որ մեզանից ոչ մի վտանգ չկա իջեցրեց զենքը, աղջիկը հետևեց նրան:

-Ես Թագավոր Ֆիմոսն եմ, իսկ սա իմ դուստր Անիլան: Կար մի ժամանակ, երբ այս աշխարհը լցված էր մարդկանցով, ովքեր ապրում էին լավ կյանքով, իսկ ես այդ աշխարհի թագավորն էի: Բայց, երբ հայտնվեցին այդ հոգիները, մեր աշխարհը ամբողջությամբ կործանվեց, և մենք, արդեն մի քանի տասնյակ տարի է, այս պալատից դուրս չենք եկել և հյուրեր չենք դունեցել, դուք առաջին մարդիկ եք այս վերջին ժամանակներում: Այդ հոգիների պատճառով ես կորցրի իմ թագավորությունը, կնոջս, իմ ժողովրդին և ամեն ինչ: Եվ հիմա ապրում եմ ամենավերջին խղճուկ արարածի նման՝ պաշտպանվելով հոգիներից և ես դա անում եմ հանուն իմ դստեր, չեմ ցանկանում, որ նա կորցնի նաև ինձ, քանի որ այդ ժամանակ չգիտեմ, թե ինչ կլինի:

-Մենք ամեն կերպ կփորձենք Ձեզ օգնել հետ վերադարձնել թագավորությունը: Ես կախարդական ուժ ունեմ և ինչ-որ չափով այս հոգիներից ավելի ուժեղ եմ, իսկ երբ ազատենք նաև իմ պապիկին, այդ ժամանակ արդեն , ոչինչ մեզ չի կանգնեցնի: Իսկ այս փոքրիկին պիտի խնդրեմ, որ լավ նայեք, մինչև ես կգտնեմ պապիկիս: Նրա անունը Իզա է, շատ պատահական է ընկել պորտալի մեջ և հայտնվել այստեղ: Ամեն ինչ կտայի, միայն թե նա հետ վերադառնար իր աշխարհ:

-Իսկ ինչպես է կոչվում Ձեր աշխարհը:-Հարցրեց թագավորը:

– Տռալիզորիում,-կմկմալով պատասխան տվեց Իզան:

Նա ողջ ճանապարհին լաց էր եղել և ուժասպառ էր եղել: Թագավորի աղջիկը նրան տարավ քնեցնելու, իսկ ես գնացի պապիկիս որոնելու: Ճանապարհիս շատ հոգիներ կային, որոնք ձեռքիս մի շարժումով անհետանում էին: Կախարդական բառերը բարձր արտասանելուց հետո իմ ճանապարհը լուսավորվեց և ես հետևելով լույսին հասա այնտեղ, ուր պահում էին պապիկին: Զարմանալին այն էր, որ ոչ ոք չկար կանգնած ճաղերից այս կողմ: Ես մոտեցա, որպեսզի բացեի դուռը, սակայն, երբ կպա կողպեքին, ինչ-որ ուժ ինձ այնպես հրեց, որ մի քանի մետր այն կողմ շպրտեց: Ես հասկացա, որ նրա ճաղավանդակի վրա պաշտպանական կախարդանք էր դրված: Ես մեծ ջանքերի միջոցով կարողացա այն վերացնել և պապիկին հասցրեցի մինչև պալատ:

Ուժասպառ եղած պառկեցի և մեռելային քնով քնեցի ողջ գիշեր, իսկ պապիկին հենց այդպես կապկապված էլ թողեցի, քանի որ դեռ շատ հարցերի պետք է պատասխաներ և չէի ցանկանում արթնանալ ու տեսնել, որ նա չկա: Վերջապես բացվեց լույսը: Արևի առաջին շողերի հետ բացվեցին աչքերս: Ես արագ գնացի դեպի այն սենյակը, որտեղ թողել էի պապիկին: Նա պառկած էր հենց այնպես, ինչպես որ նրան թողել էի: Այդ պահին իմ մտքով միայն մի բան կարող էր անցնել: Մոտեցա և փառք Աստծո, որ ողջ էր: Ես քանդեցի նրա կապերը, ջուր ու հաց տվեցի և սկսեցի իմ հարցաքննությունը: Նա շատ անօգնական և խղճուկ տեսք ուներ: Առաջին հարցը, որ ես նրան տվեցի, դա այս էր.

-Ինչու էիր ինձ խաբել և ասել, որ պորտալով միայն մեկ մարդ կարող է անցնել:

Նա գլուխը կախեց և կարծես թե ամաչեց իր արածի համար: Հարցաքննությունից հետո պարզվեց, որ իրոք նա ինձ ստել էր և որ ամենասարսափելին էր, այս աշխարհը հենց նա էր դարձրել այսպիսին, որպեսզի այստեղ ուղարկի բոլոր նրանց, ովքեր կկանգնեն իր ճանապարհին: Նա այնքան էր տարվել իր այդ փառասիրությամբ, որ մոռացել էր սովորական մարդկային հարաբերությունների մասին, նա ամեն ինչ անում էր կախարդանքի միջոցով: Իսկ այստեղ նա ոչինչ չէր կարող անել, քանի որ իր ստեղծած աշխարհում ինքը անզոր էր: Նրա մտքի անգամ ծայրով չի անցել, որ մի օր հենց ինքը կարող է հայտնվել այստեղ: Ես այդ ընթացքում հասկացա, որ իմ պապիկը, ինչպես ասում էին ծնողներս, իրոք վաղուց մահացել է, սա իմ պապիկը չէր, այլ ինչ-որ անսիրտ ու զզվելի մարդ, ով բացի իրենից այս և մնացած բոլոր աշխարհում ուրիշ ոչ մեկի չի տեսնում:

Եվ քանի որ ես ունեյի կախարդական ուժ կարողացա նրան կախարդել այնպես, որ իմ բերանից դուրս եկած ամեն ցանկաություն նա կատարի: Ես ցանկացա, որպեսզի նա մեզ ասի, թե ինչպես կարող ենք այս աշխարհը դարձնել առաջվա պես գունավոր ու մարդկանցով լի աշխարհ, և ինչպես կարող է Իզան վերադառնալ Տռալիզորիում:

Ես չէի անհանգստանում, արդյոք կվերադառնամ տուն թե ոչ: Ինձ համար կարևորը Իզային տուն հասցնելն էր, քանի որ նա հայտնվել էր այստեղ իմ պատճառով, իսկ այս մարդկանց ես խոստացել էի հետ վերադարձնել իրենց թագավորությունը: Նա բոլորիս ուղեկցեց այն տեղը, որտեղից հնարավոր էր վերացնել այս աշխարհի անեծքը, դե իհարկե իմ և իմ կախարդանքի օգնությամբ:

Ես արեցի ամեն ինչ նրա ասածով և հետ վերադարձրի այս աշխարհի նախկին տեսքը ու մարդկանց, իսկ Իզան վերադարձավ իր աշխարհ: Մնացինք միայն ես և նա: Իմ վերջին ցանկությունն էր, որ նա ասի թե ինչպես կարող ենք վերադառնալ մեր աշխարհ, երկուսով: Նա ասաց, որ դա անհնարին է: Այն աշխարհից եկած մարդը, երբեք այլևս չի կարող հետ վերադառնալ:

Սակայն ես գիտեի, որ մի բան եթե շատ ես ուզում այնպայման կատարվում է: Ես մի քանի ամիս փնտրտուքներից հետո վերջապես գտա միջոց հետ վերադառնալու, սակայն պապիկիս ոչ մի կերպ չկարողացա գտնել: Խնդրեցի թագավորին, որպեսզի ասի իր մարդանց գտնել նրան: Ավելի լավ կլիներ, որ չանեի այդ բանը և երբեք չիմանայի…

Պարզվեց, որ պապիկս մահացել էր: Նա առանց կախարդանքի չէր կարողացել ապրել: Թե ինչ մահով էր նա մահացել, կարևոր չէ: Ես վերադարձա իմ աշխարհ: Անցել էր արդեն ուղիղ 5 տարի: Պարզվեց, որ այն աշխարհներում ժամերը շատ ավեի դանդաղ էին անցնում, այնինչ այնտեղի մեկ տարին իմ աշխարհում հավասարազոր էր 5 տարուն: Ես քայլում էի մեր փողոցով: Փորձում էի գտնել մեր տունը, սակայն մեր փողոցի բոլոր տները քանդված էին և ինչ որ նոր մեծ շենքի շինարարություն էր ընթանում: Ես մոտեցա և հարցրի թե, որտեղ են այս փողոցի տները և ինձ պատասխանեցին, որ.

-Բոլոր նրանք ովքեր ապրում էին այս փողոցում, վաճառել են իրեն տները և տեղափոխվել այլ տներ:

Պատկերացրեք իմ հիասթափությունը: Այժմ իմ իրական աշխարհում պետք է փնտրեի ծնողներիս:

Շարունակելի…

Այս պատմության հեղինակը Լևոն Հակոբյանն է: Լևոնը 16 տարեկան է, սովորում է Երևանի թիվ 112 դպրոցում: Լևոնը սկաուտ է, նաև սիրում է գրել ու դիտել ֆիլմեր: Գրում  է հեքիաթներ, ֆանտաստիկ և արկածային պատմվածքներ: Ապագա կինոռեժիսոր է:

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

1 մեկնաբանություն

  1. Նունե Վարդումյան

    Երբ կլինի՞ պատմվածքի շարունակությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի