գդալը

Այս փոքրիկ ու զվարճալի պատմվածքը պատմում է մի գդալի արկածների մասին: Շատակեր ու չարաճճի գդալը ընկել էր սպասք լվացող մեքենայի մեջ և բոլորովին չէր հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ: 

Արթնացա ցավից, երբ խեղդող մի ձեռք ինձ գցեց ինչ-որ մետաղյա տարրայի մեջ: Զգացի սառնություն. պարզվեց ջուր է լցվում: Սկսեցի մրսել, փռշտացի: Արձագանք չկար, երևի ոչ մեկ չլսեց, չնայած նրան, որ կողքս սպիտակ իրեր կային, եթե չեմ սխալվում` իրենց ափսե են ասում:

Իմ ընկերները` մյուս գդալները, այնտեղ չէին, բարեբախտաբար թշնամիներս` ևս: Չեք պատկերացնի, թե այդ դանակ-պատառաքաղները ինչ կարող են անել ինձ հետ, մանավանդ, եթե լինեն խմբով. ուժեղ ծակում են, ցավեցնում, իսկ այդ հպումներից ես փշաքաղվում եմ: Իսկ ընկերներիս առկայության դեպքում մենք միասին կկարողանայինք դուրս պրծնել այստեղից:

Վերադառնամ տվյալ իրավիճակիս, որը, բնավ, նախանձելի չէ: Երբ հայտնվեցին պղպջակները, աչքերս սկսեցին մրմռալ: Մի քանի վայրկյան անց արդեն մոտս գլխապտույտ էր: Հետո հասկացա, որ ուղղակի աղմուկից եմ վատ զգացել: Մի քանի րոպեից աղմուկը դադարեց, բայց մի որոշ ժամանակ գլուխս դեռ դըմփդըմփում էր:

Բայց ունեմ լավ նորություն. երկար մարմինս ու գլուխս հիմա մաքուր են ու թարմ: Իսկ դա նշանակում է, որ կարող եմ չարաճճիություն անել և մշակել նոր, արդեն բարելավված ծրագիր, թե ինչպես հասնել սեղանին դրված աաաա՜յն համեղ հալած շոկոլադին, քանի դեռ ինձ կրկին այստեղ չեն գցել:

Լուս Հակոբջանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

1 + 9 =