«ԱՐԵՎԻԿԻ» ՏՂԱՆ

Մի անգամ Սարգիսին փողոցում տեսնելով մի երեխա բարձր ձայնով ասաց մայրիկին. «Մամ, նայի, Արևիկի տղեն»: Մայրիկն էլ ասաց. «Արևիկն ո՞վ ա, բալես»: Եվ, իսկապես, Սարգիսին մինչև հիմա շատերը այդպես էլ ճանաչում են, որպես «Արևիկի տղա»: Բայց այդ տղան արդեն վաղուց մեծացել է ու շուտով իր անհատական կարիերան կսկսի: Բայց մինչև այդ ամենը, նրա հետ մի քիչ ավելի լավ ծանոթանանք:

Սարգիս Մզիկյան

Երգել, ինչպես բոլոր ապագա երգիչները, նա էլ սկսել է «տնային համերգներից» ու մանկապարտեզից: Իսկ 9 տարեկանում Սարգիսն ընդունվեց Հանրային Ռադիոյի Արիկ մանկապատանեկան անսամբլ ու սկսեց առաջին քայլերը պրոֆեսիոնալ երգիչ դառնալու ճանապարհին: Նրա կատարած երգերը չափազանց սիրվեցին բոլորի կողմից, Ռուբեն Հախվերդյանի «Իմ փոքրիկ նավակ», «Գտնված երազ», ինչպես նաև «Ողջույն Ձմեռ», «Իջեք, իջեք, երազներ» երգերը իսկական հիթեր դարձան մանկապատանեկան հիթ-շքերթներում:

Իսկ 2006 թվականին Արևիկ անսամբլի ամենամյա փառատոնին Սարգիսը միանգամից երկու մրցանակի արժանացավ: Լավագույն երգ անվանակարգում հաղթող ճանաչվեց «Ողջույն ձմեռ», իսկ Լավագույն կատարում անվանակարգում «Գտնված երազ» երգի կատարումը: Հետո արդեն՝ 2007 թվականին, Սարգիսը մյուս Արևիկցիների հետ ներկայացրեց Հայաստանը Մանկական Եվրատեսիլում՝ տարիներ շարունակ լսվող ու պահանջված «Երազանքների բարի փերի» երգով: Ի դեպ, Սարգիսը այս երգի խոսքերի հեղինակն է:

Սարգիս Մզիկյան

Սարգիսը արդեն բարեհաջող հաղթահարել է իր ձայնի անցումային շրջանը: Այսօր նա աշխատում է որպես հաղորդավար Հանրային ռադիոյի Լյա-լյա-ֆա մանկապատանեկան հիթ-շքերթում և մի շարք համերգային ծրագրերում, նաև կարդում է շատ հետաքրքիր գրականություն ու զբաղվում իր կրթությամբ: Իսկ մենք հուսով ենք, որ նա շատ շուտով կվերադառնա մեծ բեմ և, ինչպես ինքն է ասում, կսկսի երգել ջազ, բլյուզ, փոփ, R & B, սոուլ, Gospel երաժշտական ոճերում:

Անահիտ Ալեքսանյան

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի