facebook

ԿԱԽԱՐԴՎԱԾ ՋՈՒԹԱԿՆԵՐԸ


Կախարդված ջութակները

Երաժշտություն մարդիկ միշտ են սիրել, դեռ շատ հին ժամանակներում: Հին հույներն անգամ երաժշտության աստված են ունեցել՝ Ապոլոնը, որն անգերազանցելի էր իր վարպետության մեջ: Իսկ երաժշտականգործիքներ մարդիկ սկսել են ստեղծել մոտ 5000 տարի առաջ: Գործիքները նրանք պատրաստում էին ոսկորներից ու եղջյուրներից, փայտից ու քարերից: Նրանք երաժշտություն էին գրում և նշանների տեսքով գրի առնում դրանք կավե տախտակների վրա:

Ժամանակի ընթացքում և նոտաները, և երաժշտական գործիքները ավելի ու ավելի կատարելագործվեցին և ծնունդ տվեցին այնպիսի սքանչելի գործիքների, ինչպիսին օրինակ ջութակն է:

Իր ողջ կյանքի ընթացքում նրան ինչպես ասես որ չեն կոչել, և յուրաքանչյուր ազգ էլ մի նոր անուն է տվել ջութակին: Սկզբում ջութակը մի փոքր այլ տեսք ուներ ու նրան ուղղահայաց էին պահում՝ ծնկների վրա հենելով: Եվ լուրջ երաժիշտներն առհասարակ նրա վրա ուշադրություն չէին դարձնում: Ջութակին կարելի էր տեսնել պարահանդեսներին, խրախճանքների ժամանակ, թափառական երաժիշտների ձեռքին, մի խոսքով, ամեն տեղ, որտեղ կարելի էր պարել: Ջութակի փոքրիկ տարբերակը երբեմն նույնիսկ գրպանում էին պահում:

Իսկ հետո… Հետո հրաշք տեղի ունեցավ, գործն առանց կախարդության գլուխ չէր կարող գալ: Իսկ հրաշագործներն էլ իտալական Կրեմոնա քաղաքի երաժիշտներն էին՝ Ամատին, Գվարներիները և ամենամեծ հրաշագործը՝ Ստրադիվարին: Ավելի քան 500 տարի առաջ հենց նրանք տվեցին ջութակին այն սքանչելի ձայնը, որ նա ունի այսօր: Իսկ թե նրանք ինչպես արեցին դա, ոչ ոք մինչև այսօր չի կարողանում հասկանալ:

Անտոնիո Ստրադիվարին ջութակների հետ աշխատել սկսել է 12 տարեկանից, բայց միայն 60 տարեկանում նա հասավ իր նպատակին ու ստեղծեց իր հրաշք-գործիքներից առաջինը: Եվ շարունակեց իր սիրելի աշխատանքը մինչև կյանքի վերջը՝ 92 տարեկանը:

Շատ վարպետներ սկսեցին ուսումնասիրել նրա պատրաստած ջութակները ու փորձեցին կրկնել նրան: Իհարկե, նրանց մոտ վատ չէր ստացվում, բայց միևնույն է Ստրադիվարին մնաց անգերազանցելի: Չէ՞ որ մեծ արվեստագետները նաև մեծ գաղտնիքներ պետք է ունենան…

Լեգենդներ պատմում են ոչ միայն Ստրադիվարիի, այլև ջութակի մեկ այլ հանճարի՝ Նիկոլո Պագանինիի մասին: Նրա նվագը հեքիաթային էր ու այնքան գեղեցիկ, որ թվում էր, հասարակ մարդը այդպես նվագել չի կարող: Հենց իր մեծ տաղանդի պատճառով էլ Պագանինին շատ ծանր կյանք ունեցավ:

Անահիտ Ալեքսանյան

Մեկնաբանություններ

ԿԱԽԱՐԴՎԱԾ ՋՈՒԹԱԿՆԵՐԸ