ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՄԱՐԴԸ


Շատ տարիներ առաջ մի խումբ զինվորներ փորձում էին վերականգնել մի քանդած կամուրջ: Աշխատանքը ղեկավարում էր մի փոքրիկ սպա, որին թվում էր, թե ինքը շատ կարևոր անձնավորություն է: Նա միայն կանգնած էր ու հրամաններ էր տալիս շատ բարձր ձայնով:

Զինվորները փորձում էին մի հաստ գերան հասցնել բլրի գագաթը, սակայն նրանց ուժը չէր պատում: Մի զույգ ձեռք էր պակասում, որպեսզի գործը հեշտությամբ գլուխ գար: Չնայած դրան, սպան չէր պատրաստվում իր օգնությունն առաջարկել: Նա շարունակում էր հրամաններ արձակել:

-Հեյ, դուք,- գոչում էր նա, -գործի անցեք ամբողջ ուժով, մի կանգնեք ու նայեք գերանին, տեղից շարժեք, արագ:

Այդ պահին նրա կողքով անցնում էր քաղաքացիական հագուստով մի տղամարդ: Նա կանգ առավ, նայեց, թե ինչ է կատարվում, այնուհետև հարցրեց սպային, թե ինչու ինքը չի օգնում մնացածներին:

-Իսկ Դուք գիտեք՝ ով եմ ես, պարոն,- զայրույթախառն զարմանքով հարցրեց նա:- Ես սպա եմ:

-Օ՜, այդ դեպքում ներեցեք,- ասաց անծանոթը:

Ապա հանեց պիջակը, մոտեցավ ու օգնեց մարդկանց: Այնպես որ, քիչ անց գերանն իր տեղում էր:
Սպան նույնիսկ շնորհակալություն չհայտնեց օգնության համար: Իսկ անծանոթը, պիջակը հագնելով, հանգիստ ասաց նրան:

-Հաջորդ անգամ, երբ նման գործ կունենաք անելու, և մարդիկ քիչ կլինեն, անմիջապես ինձ իմաց տվեք: Ես կգամ և կօգնեմ:

-Կարելի՞ է իմանալ, թե ով եք Դուք, պարոն,-հարցրեց սպան:

-Այո, պարոն, – պատասխանեց անծանոթը,- իմ անունն է Ջորջ Վաշինգտոն, և ես բանակի գլխավոր հրամանատարն եմ: Ցտեսություն, պարոն:

Քաղաքացիական հագուստով մարդը հեռացավ, իսկ փոքրիկ սպան մնաց քարացած կանգնած՝ ի վիճակի չլինելով նույնիսկ մի բառ ասելու:

Մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՄԱՐԴԸ

log in

reset password

Back to
log in