ԻՆՉՊԵՍ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ ԵԿԱՎ ՄԱՍՏԱԿԸ

1848 թվականի սեպտեմբերի 23-ը մաստակի ծննդյան օրն է: Նրան հայտնաբերեց ամերիկացի Ջոն Կուրտիսը իր սեփական տանը: Մաստակը կոնֆետի մի տեսակ է, որ բաղկացած է ոչ ուտելի մասից և համային ու հոտային հավելումներից:

Ինչ-որ բան մաստակի պես ծամելու սովորություն մարդիկ ունեցել են դեռ շատ հին ժամանակներում, հազարավոր տարիներ առաջ: Այդ նպատակով նրանք օգտագործել են տարբեր բույսերի կեղևներ, մի շարք ծառերի արտադրած մածուցիկ նյութեր, մեղրամոմ և այլ: Այս «մաստակները» օգտագործվում էին ատամները մաքրելու և անուշ բույրի համար:

Եվ ահա վերջապես Ջոն Կուրտիսի մտքով անցավ արտադրել մաստակ կաղնու խեժից՝ ավելացնելով նաև այլ բաղադրիչներ: Տարիներ հետո կաղնու խեժը փոխարինվեց կաուչուկով, և մաստակ սկսեցին արտադրել ամենուր և հսկայական քանակությամբ: Մաստակը դարձավ այնքան հայտնի ու տարածված, որ առանց նրա անհնար էր պատկերացնել մարդկանց առօրյան:

mastak2

Մեր երկիր այն բավական ուշ մուտք գործեց և այնպիսի զարմանալի երևույթ էր, որ դարձավ երեխաների, ինչու չէ, նաև մեծահասակների պաշտամունքի առաջկան: Մաստակների գունավոր թղթեր հավաքելն այդ տարիներին ողջ աշխարհում ամենահետաքրքիր զբաղմունքներից մեկն էր, իսկ մաստակից «փուչիկ փչելն» էլ ամենահետաքրքիր մրցություններից մեկը:

Այդ մրցություններում ռեկորդ է սահմանել Սյուզան անունով մի ամերիկուհի 1994 թվականին: Նրա փուչիկի տրամագիծը 58,5 սմ էր:

mastak

Դե իսկ այսօր ողջ աշխարհում ամենամեծ խնդիրներից մեկն էլ այն է, որ քաղաքավարության կանոններին անտեղյակ մարդիկ իրենց մաստակն օգտագործելուց հետո կպցնում են ուր պատահի:

Իհարկե, մաստակը մեղք չունի, և գիտնականներն այսօր փնտրում են հնարավոր տարբերակներ մաստակին այս ամոթալի վիճակից ազատելու համար: Մյուսներն էլ այլ տարբերակներ են փորձում գտնել: Օրինակ, Ամերիկայի Կալիֆորնիա նահանգի քաղաքներից մեկում ավելի քան 40 տարի կա մի պատ, որի վրա բոլոր ցանկացողները կարող են կպցնել իրենց մաստակները: Եվ որքան էլ զարմանալի է, այս պատը համարվում է քաղաքի ամենակարևոր տեսարժան վայրերից մեկը:

Անահիտ Ալեքսանյան

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի