facebook

ՎԱՀԵՆ ՈՒ ՌՈԲՈՏԸ


Վահեն ու Ռոբոտը

Արձակուրդ էր: Վահեն ո՛չ քննություն ուներ, ո՛չ ամառային հանձնարարություն: Նստել էր բազկաթոռին ու մտածում էր: Ախր, ի~նչ մտածելու ժամանակ է, իջիր բակ, վազվզիր` երևի կասեք դուք: Բայց Վահեն տրամադրություն չուներ: Այսօր առավոտյան արթնացել էր ու հայտարարել, որ ինքը հոգնել է: Հոգնել է ամեն ինչից` համակարգչային խաղերից, հեռուստացույցից: Հանկարծ չկարծեք, որ նա դասերին էր կարոտել. դասերի մասին լսել անգամ չէր ուզում: Ա~յ, թե մի ռոբոտ լիներ, որ ամեն ինչ աներ…

Սկսեց երազել ու չնկատեց, թե ինչպես քնեց: Տեսավ, որ ինքը պառկած է մեծ, փափուկ անկողնում, բարձերի մեջ, շուրջը իր թիկնապահներն են, հսկում են, որ ոչ մի ճանճ չհամարձակվի մոտենալ իրեն: Իսկ մի մեծ ռոբոտ` գոգնոցով ու սկուտեղը ձեռքին, մոտենում է իրեն: Նրա ծանր քայլերից հատակը դղրդում էր: Ռոբոտը մոտեցավ ու նստեց Վահեի մահճակալի վրա:

-Դուք իմ երազած ռոբո՞տն եք,- զարմացած, բայց մի քիչ ուրախացած հարցրեց Վահեն:

Ռոբո՞տ, չես էլ ամաչում, ես քո մայրն եմ:

-Իմ մա՞յրը, դուք ինձ ի՞նչ մայր…

-Լռի՛ր և կեր, – այս ասելով` ռոբոտը մեծ բուտերբրոդը խցկեց Վահեի բերանը: Հետո այնքան կերակրեց Վահեին, որ վերջինս փուչիկի պես փքվեց:

-Խնդրում եմ, թույլ տվեք` մի քիչ համակարգչով խաղամ:

-Ի՞նչ համակարգիչ, ի՞նչ ես խոսում, կե՛ր…

-Այդ դեքպում գուցե ֆուտբո՞լ խաղամ…

-Լսել անգամ չեմ ուզում այդ մասին, կե՛ր…

Վահեն մտածեց, մտածեց ու ճարահատյալ ասաց.

-Հարգելի՛ ռոբոտ-մայրիկ, իսկ կարելի՞ է դաս սովորել:

-Քանի՞ անգամ ասեմ, որ ես ռոբոտ չեմ, իսկ դասերը միայն բթացնում են ուղեղդ, կե՛ր:

Վահեն անգործությանն էլ չդիմացավ ու սկսեց լաց լինել: Հետո հանկարծ գլխում մի փայլուն միտք ծագեց, վազեց խոհանոցում ճաշ եփող ռոբոտ-մայրիկի մոտ ու ասաց.

-Մա~մ, ինչո՞վ կարող եմ քեզ օգնել…

Ռոբոտը շրջվեց, հուզված նայեց Վահեին, սկսեց կամաց-կամաց սկսեց վերածվել իսկական մայրիկի, հետո այնպես գրկեց Վահեին, որ վերջինս կասկածեց, թե իրեն նորից ռոբոտն է գրկել: Հենց այդ պահին արթնացավ ու տեսավ սիրելի մայրիկին կողքին ու ամաչեց իր ծուլության համար: Այդ օրվանից Վահեն դարձավ իսկական ջենտլմեն, միշտ օգնում էր աղջիկներին ու մեծերին և լիարժեք վայելում արձակուրդը:

Անահիտ Ալեքսանյան

Մեկնաբանություններ

ՎԱՀԵՆ ՈՒ ՌՈԲՈՏԸ