facebook

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿԱԾ ՄԱՐԴԸ. ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ ԷՔԶՅՈՒՊԵՐԻՆ


Անտուան դը Սենտ Էքզյուպերի

«Փոքրիկ իշխանը» պատկանում է այն հազվագյուտ ստեղծագործությունների թվին, որոնց յուրաքանչյուրը ընթերցումը երջանկություն է պատճառում մարդու, լցնում նրա սիրտը զարմանալի քնքշությամբ և մի այնպիսի թախիծով, որը կարող է սրբագործել: Մանուկներին ուղղված մի սովորական հեքիաթ է թվում «Փոքրիկ իշխանը», թեև իր ընդգրկումներով ու խորությամբ, համամարդկային գաղափարներով դուրս է գալիս սովորական ու պարզ հեքիաթի սահմաններից և դրանով էլ դառնում ավելի շատ մեծահասակների, քան մանուկների համար գրված մի գործ:

Սակայն այդ չի խանգարում, որ երեխաները հասկանան ու սիրեն «Փոքրիկ իշխանը»: Այդ նրանից է, որ գրքի հեղինակ Անտուան դը Սենտ Էքզյուպերին ամեն ինչի նայում է երեխայի խոշոր ու խորը աչքերով և այդ աչքերով էլ ընկալում է ամեն ինչ: «Ես եկել եմ իմ մանկությունից: Ես մանկությունից եկել եմ այնպես, ինչպես մի որևէ երկրից են գալիս»,-ասում էր Էքզյուպերին: Եվ նա ասում էր նաև, որ մանկության աշխարհն իր կյանքում եղել է և կմնա ամենաիրականը: «Ես այնքան էլ վստահ չեմ,-ասում էր նա,-թե իմ մանկությունից հետո ապրել եմ»: Ահա այդպիսի խոստովանություններից հետո պարզ է դառնում, թե Էքզյուպերիի մոտ որտեղից է այդքան մանկական անմիջականությունն ու մանկական հիացմունքը ամեն ինչի նկատմամբ: Ինքը՝ Անտուանը, երազուն, բայց չտեսնված շարժուն մի երեխա էր: Ինչ էլ որ աներ, նա կտարվեր ինքնամոռացության աստիճանի:

Հերոս էր մանկական խաղերում. կելներ ամենաբարձր ծառի գագաթը և միջնադարյան ամրոցների քիվերով կքայլեր: Նա արդար դատավոր էր իր բոլոր խաղընկերների համար, ճշմարտախոս էր, ազնիվ ու նվիրված: Հնարում էր ամեն տեսակի խաղեր և պատրաստում զանազան մեխանիզմներ: Տարվում էր տեխնիկայով, և երբ տասներկու տարեկան հասակում այնպես պատահեց, որ նա ինքնաթիռով օդ բարձրացավ, այնուհետև նրա մտքերը պտտվում էին միայն օդանավերի շուրջը: Եվ նա դարձավ օդաչու, աշխարհի առաջին օդաչուներից մեկը, օդային տեխնիկան հարստացրեց իր մի քանի գյուտերով: Որպես ռազմական օդաչու՝ նա մինչև իր կյանքի վերջը կռվեց գերմանական ֆաշիզմի մեջ, որոնք գրավել էին նրա հայրենիք Ֆրանսիան:

Էքզյուպերին քսաներորդ դարի  ամենախոշոր գրողներից մեկն էր, սակայն երբեք չապրեց զուտ գրողի կյանքով: Նա օդաչուի իր սիրած գործը չթողեց նույնիսկ այն ժամանակ, երբ նրա հռչակը տարածվել էր ամբողջ աշխարհով մեկ: Մի քանի անգամ վթարի ենթարկվելուց  և ծանր վիրավորվելուց հետո նրան ընդհանրապես արգելել էին թռչել, բայց նա այնուամենայնիվ կարողացավ մարտնչելու իրավունք ստանալ: 1944 թվականի հուլիսի 31-ին ուրիշի օգնությամբ, քանի որ այլևս չէր կարող ինքնուրույն անել դա, նա վերջին անգամ հագավ օդաչուի իր համազգեստը, բարձրացավ օդ ու այլևս չվերադարձավ: Բարեկամները վերջին անգամ տեսան, թե ինչպես փոքրանալով նա կորավ երկնքի կապույտում, այնտեղ, որտեղից մի օր իջել էր Փոքրիկ իշխանը:

Սաղաթել Հարությունյան

Մեկնաբանություններ

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿԱԾ ՄԱՐԴԸ. ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ ԷՔԶՅՈՒՊԵՐԻՆ

log in

reset password

Back to
log in