ՆԻԿՈԼՈ ՊԱԳԱՆԻՆԻ. ԿԱԽԱՐԴ ԵՐԱԺԻՇՏԸ


5 shares

Աշխարհի ամենաքնքուշ երաժշտական գործիքը՝ ջութակը, հրաշքներ է գործում, երբ հայտնվում է իսկական վարպետի ձեռքին: Ջութակի նվագը կարող է կախարդել և ապշեցնել լսողին, իսկ այդ հրաշալի երաժշտությունը ստեղծող արվեստագետին՝ դարձնել ամենաերջանիկ կամ ամենադժբախտ մարդը:

Ջութակի ամենամեծ վարպետներից մեկի՝ Նիկոլո Պագանինիի կյանքն էլ անչափ հարուստ է զարմանալի և միաժամանակ ողբերգական իրադարձություններով: Պագանինին առասպել էր դեռ իր կենդանության օրոք: Եվ ամենից առաջ նա զարմացնում էր իր արտաքին տեսքով: Պագանինին սարսափելի նիհար ու գունատ էր և ուներ անչափ բարակ ու երկար ձեռքի մատներ: Դրանք ասես կրկնակի երկար էին սովորական մարդու ձեռքերի մատներից:

Տարիներ անց բժիշկները բացահայտեցին Մարֆանի հիվանդությունը, որը ենթադրում է այս բոլոր արտաքին նշանները՝ գունատությունն ու նիհարությունը, երկար ու բարակ մատները, և վստահեցրին, որ Պագանինին նույնպես ունեցել է այս հիվանդությունը: Սակայն նրա հզոր տաղանդն, իհարկե, չէր կարող պայմանավորված լինել միայն այս արտաքին հատկանիշներով և այլ բանում էր թաքնված:

Մարդկանց մի մասը վստահ էր, որ Պագանինին գործարքի մեջ է սատանայի հետ, մյուսներն էլ նրան հրեշտակ էին համարում. սովորական մահկանացուները չեն կարող լինել այսքան տաղանդավոր, վստահ էին նրանք: Պագանինիի՝ ջութակի համար գրված ստեղծագործություններն աշխարհի ամենադժվար երաժշտական գործերից են, դրանք շատ հաճախ չեն կարողանում նվագել անգամ ամենատաղանդավոր երաժիշտները: Իսկ նրա 24 կապրիսները մինչև այսօր համարվում են այն բարձունքը, որին ձգտում են վիրտուոզ-ջութակահարները: Սակայն ինքը՝ Պագանինին, նվագում էր դրանք զարմանալի թեթևությամբ: Հանդիսատեսին թվում էր, թե ինչ-որ տեղ թաքնված է երկրորդ ջութակը և նվագում է նրա հետ միաժամանակ:

Երկրորդ Նիկոլո Պագանինի աշխարհում դեռ չի ծնվել: Իսկ միակ և անկրկնելի Նիկոլոն ծնվել է 1782 թականին Իտալիայի Ջենովա քաղաքում, մի սովորական վաճառականի ընտանիքում, ով, սակայն, շատ էր սիրում երաժշտություն և վստահ էր, որ իր տղան պետք է աշխարհահռչակ երաժիշտ դառնա: Միայն թե նա Նիկոլոյին անդադար ստիպում էր պարապել՝ զրկելով բոլոր մանկական հետաքրքրություններից ու խաղերից: Հաճախ փակում էր նրան սենյակում և դուրս չէր թողնում, մինչև տղայի նվագը չէր գոհացնում իրեն: Ասում են, որ մի անգամ Պագանինիի մայրիկին երազում հրեշտակ է այցելում ու հարցնում, թե ինչ կցանկանար իր համար: Մայրը հրեշտակին խնդրում է օգնել իր տղային հաջողության հասնել, որպեսզի դաժան հայրը այլևս չտանջի նրան:

Իր առաջին համերգը Պագանինին տվեց 11 տարեկանում և հանրահայտ ստեղծագործությունների հետ կատարեց նաև իր առաջին հեղինակային գործերը: Շուտով նրա անունը հանրահայտ դարձավ: Եվրոպացի ջութակահարները գալիս էին մրցելու նրա հետ, բայց Պագանինին անգերազանցելի էր մնում: Նա ոչ միայն ջութակ էր հրաշալի նվագում, այլև կիթառ:

Ի դեպ, Պագանինին զարմանալի ցրված ու մոռացկոտ էր: Նա անգամ չէր հիշում, թե որ թվականին է ծնվել, և ասում էր, որ իր հիշողությունը ոչ թե իր գլխում է, այլ մատների մեջ, երբ դրանք բռնում են ջութակը:

Պագանինիով ոչ միան հիանում էին, այլև չարախոսում ու նախանձում էին նրան: Մի անգամ էլ համերգից առաջ թուլացրին նրա ջութակի լարերը, և դրանք կտրվեցին համերգի ժամանակ: Պագանինին իրեն չկորցրեց ու շարունակեց նվագել մեկ լարով, իսկ հանդիսատես դահլիճում զարմանքից քարացել էր:

Երբ համերգներից մեկից առաջ Պագանինին կառքով ուղևորվում էր համերգասրահ, կառապանը ճանապարհի համար նրանից տասը ֆրանկ պահանջեց, տասը անգամ ավելի շատ իրական գնից ու պատճառաբանեց այսպես.

-Չէ՞ որ հիմա դուք պատրաստվում եք զարմացնել Ձեր հանդիսատեսին՝ մեկ լարի վրա նվագելով և նրանցից յուրաքանչյուրից դրա համար վերցնելու եք տասը ֆրանկ:

-Շատ լավ,- ասաց Պագանինին, ես էլ Ձեզ տասը ֆրանկ կվճարեմ, միայն թե մինչև թատրոն ինձ հասցրեք՝ կառքը վարելով միայն մեկ անիվի վրա:

Առաջին անգամ Պագանինին Իտալիայի սահմաններից դուրս եկավ 46 տարեկանում և ցնցող հաջողություն ունեցավ բոլոր այն երկրներում, որտեղ որ ելույթ ունեցավ: Նրա համերգներն այնքան պահանջված էին, որ այս շրջագայությունն ավարտվեց միայն տասը տարի անց:

Նրան լսեցին և հիացան այնպիսի երաժիշտներ, ովքեր չէին հավատում, որ հնարավոր է այդքան տաղանդավոր լինել: Նրանցից մեկը՝ ջութակար Բենեշը, Պագանինիի համերգի ժամանակ ասաց իր ընկերոջը.

-Կարծում եմ՝ մենք բոլորս արդեն կարող ենք մեր կտակները գրել:
-Ոչ բոլորը,- պատասխանեց նրա երաժիշտ ընկերը, որը Պագանինիի երաժշտությանը ծանոթ էր արդեն մի քանի տարի:- Անձամբ ես արդեն մահացել եմ երեք տարի առաջ:

Պագանինին Իտալիա վերադարձավ հյուծված ու հիվանդ և մահացավ 57 տարեկան հասակում: Մահվանից առաջ նրան քահանա այցելեց, սակայն Պագանինին այդպես էլ չկարողացավ խոստովանել իր մեղքերը. մեծ երաժիշտը կորցրել էր ձայնը: Սակայն եկեղեցականները չհավատացին նրան, սատանա անվանեցին և արգելեցին նրա մարմինն ամփոփել բոլոր քրիստոնյա երկրներում: Նրան թաղեցին գաղտնի, հայրական տան մոտ: Եվ միայն 19 տարի անց Պագանինիի որդու՝ Ակկիլեի ջանքերով նրա մարմինը հողին հանձնվեց գերեզմանոցում և վերականգնվեց նրա մեծ փառքը, որն առ այսօր չի կարողանում գերազանցել ոչ ոք:

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

5 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։