Մուլտֆիլմերը

Որոշ մեծահասակներ կարծում են, թե մուլտֆիլմ դիտելը դատարկ զբաղմունք է, և արգելում են երեխաներին երկար ժամանակ անցկացնել հեռուստացույցի առջև: Սակայն եթե նրանց համար մուլտֆիլմը պարզապես հեքիաթ է, երևակայության ծնունդ, ապա փոքրիկների աչքերով դա մի ամբողջ աշխարհ է, ուր կողք կողքի ապրում են թզուկներն ու մարդիկ, բարի կենդանիներն ու անտառի հրեշները:

Երեխաներն ազնիվ հավատով են հետևում երկնագույն էկրանից այն կողմ ապրող հերոսների՝ հրաշքներով լի կյանքին, չէ՞ որ այդ կյանքի հիմքում իրական մարդկային հույզեր են, իրական ապրումներ, պայքար իրական արժեքների, երջանիկ ու խաղաղ կեցության համար:

Մուլտֆիլմերը վերջին տարիներին ավելի ու ավելի են անդրադառնում մեծահասակների խնդիրներին՝ դրամ, պայքար իշխանության համար, հանցագործություններ և այլն: Սակայն այսչափ մերձեցումն իրականության հետ վտանգավոր է փոքրիկների համար: Դեռ փխրուն հոգով այդ էակները պատրաստ չեն միանգամից «խրվել» հասուն մարդկանց վերաբերվող պրոբլեմների մեջ: Ուրեմն ամեն մուլտֆիլմ չէ, որ օգտակար է երեխայի համար, իսկ որպեսզի կարողանաք լավը վատից տարորոշել, անհրաժեշտ է ունենալ որոշ մանկավարժական հմտություններ:

Նախ՝ ծնողն ինքը պետք է դիտի մուլտֆիլմն ու հասկանա, թե ինչ բարոյական արժեք կա նրա հիմքում, և ինչ կարող է այն տալ երեխային: Բացի այդ նա պետք է օգնի երեխային դիտած մուլտֆիլմն իմաստավորել հետաքրքիր խաղերով, նկարել սիրելի մուլտհերոսին, փոքրիկ պատմվածք կամ ոտանավոր գրել: Այդպես նա սովորում է վերլուծել տեսածը և դասեր քաղել տեսածից:

Ծնողները պետք է լուրջ ուշադրություն դարձնեն նաև այն խաղերին, որոնք խաղում է երեխան մուլտֆիլմերի ազդեցության տակ: Եթե խաղալիս երեխայի մոտ ի հայտ են գալիս բացասական հույզեր և եղածի ու մտացածինի շփոթ, ապա անհրաժեշտ է պարզել, թե ինչ կերպարի է ընդօրինակում երեխան, հետաքրքրվել՝ ինչն է նրան գրավում տվյալ մուլտֆիլմում: Հարկավոր է միասին դիտել մուլտֆիլմը և հարցնել երեխային, թե ով է բարի, ով է չար, ով է խելացի, իսկ ով՝ խորամանկ, ինչ է կարևոր ընկերության մեջ և այլն, և այլն:

Ծնողը կարող է իր համար մուլտֆիլմերի փոքրիկ աղյուսակ կազմել, որոնք կնպաստեն այս կամ այն խնդրի լուծմանը: Օրինակ՝

Խնդիր 1. Սերմանել ընկերության գաղափարը:

Ի՞նչ պետք է ունենա մուլտֆիլմը: բնավորությամբ թեթև, առույգ հերոսներ, ովքեր սիրում և օգնության ձեռք են մեկնում իրար:

Համապատասխան մուլտֆիլմի օրինակ. «Արձակուրդը Պրոստոկվաշինոյում»:

Խնդիր 2. Ծանոթացնել շրջապատող աշխարհին:

Ի՞նչ պետք է ունենա մուլտֆիլմը: Տարատեսակ կենդանիներ, բույսեր և այլն:

Համապատասխան մուլտֆիլմի օրինակ. «Վինի Թուխը»:

Եվ իհարկե, չմոռանանք ասել, որ ամեն օր երեխան պետք է դիտի երեքից ոչ ավելի մուլտֆիլմ (30-60 րոպե), որպեսզի կանխվի խորթացումն իրական աշխարհից, ինչը չափազանց վտանգավոր է:

1 մեկնաբանություն

  1. Համամիտ եմ վերը նշվածների հետ: Ցանկացած մուլտֆիլմ ունի մեծ դաստիարակչական նշանակություն երեխայի համար,պարզապես անհրաժեշտ է հետևողական վերաբերմունք ցուցաբերել դրանց ընտրության հարցում:Այստեղ կարևորագույն դերը պատկանում է ծնողին և մեծ բան է կախված նրա մանկավարժական կարողություններից:Եկեք մտածենք մեր ապագա երեխաների հետագա զարգացման մասին և ամեն ինչ անենք նրանց համակողմանի և ներդաշնակ զարգացումը ապահովելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here

9 + 4 =