Հա, ու տենց մեր Ճնճղուկ Բիլը հանդիպեց մի օր ճնճղուկուհուն, անունն էլ Մարտա: Չէ, մարտ ամսվա հետ ոչ մի կապ չուներ, չնայած երևի մի քիչ գիժ էր մարտի նման: Հա, պատմեմ, թե ոնց հանդիպեցին Մարտան ու Բիլը: Մի օր Մարտան փողոցով քայլում էր ու հաշվում էր փողոցում ընկած կոնֆետի թղթերը:

Նա միշտ այդպես էր անում ու հետո համեմատում էր, թե ամեն օր քանի կոնֆետի թուղթ կա գետնին, ու այդպիսով տեսնում էր` երեխաները դեռ կոնֆետ սիրում են, թե ոչ: Մեր Մարտան մի քիչ տարօրինակություններ ուներ, անկեղծ ասած, դե բայց Բիլն էլ պակասը չէր:

Մի խոսքով, ինչ երկարացնեմ, մի օր Մարտան քայլում էր փողոցով, ու արդեն հասել էր այդ օրվա 77-րդ կոնֆետի թղթին, երբ երկնքից իր վրա ընկավ Բիլը: Այո, այո, մի զարմացեք, Բիլն այնքան արագ էր թռչում, որ չկարողացավ արգելակել ու ընկավ ուղիղ Մարտայի գլխին: Մարտային, իհարկե, ոչինչ չեղավ, միայն գզգզված մազերն էլ ավելի գզգզվեցին (հա, մոռացա ասել, որ Մարտայի մազերն էլ էին գզգզված): Այդպես նրանք ծանոթացան…

Հետո պարզվեց, որ Մարտան նկարում է, հա, ամենաուղիղ իմաստով, վերցնում է կավիճն ու նկարում է: Ու ինչ ասես, որ չէր նկարում` տերևներ, փղեր (թե ասա դու ինչ գիտես` փիղն ինչ է), ու, իհարկե, գետնին ընկած կոնֆետի թղթերը:
Բայց ճնճղուկ երբեք չէր նկարել: Վայ, բայց մի հատ Բիլի աչքերին նայեք, ինչպես կարելի է նրան չնկարել: “Չէ, մի օր կնկարեմ”,- մտածեց Մարտան ու այդպես էլ արեց:

Մի օր նա նկարեց Բիլին ու նկարը նվիրեց նրան: Բիլը զարմացել էր` ախր իրեն երբեք ոչինչ չէին նվիրել, մեկ էլ այսպիսի նվե՜ր: Մանավանդ, Բիլը գիտեր, որ Մարտան առաջին անգամ էր ճնճղուկ նկարում: Մի խոսքով, Բիլին դուր եկավ նվերը, և Մարտան երջանիկ էր: Նրանք դարձան լավ ընկերներ` Մարտան ու Բիլը, ու լիքը արկածներ ունեցան, իսկ թե ինչ արկածներ, հետո կպատմեմ, իսկ հիմա գնացի քնեմ, բարի գիշեր :)))))

ՀԵՔԻԱԹԸ made by ՄԱՆԱՆԱ

ՆԿԱՐՆԵՐԸ made by ՄԱՆԱՆԱ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

7 + 2 =