ԳՆՈՒՄ ԵՆՔ ՀՅՈՒՐ ԵՎ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ՀՅՈՒՐԵՐԻ


Գնում ենք հյուր

Իհարկե, Վինի Թուխին մենք շատ ենք սիրում, և երբեմն նրա թեփով լցված գլխում իսկապես շատ հանճարեղ մտքեր են ծնվում, բայց շատ հաճախ նրա վրա ուզում ես մի լավ բարկանալ: Բա կարելի՞ է այդքան շատակեր լինել, այն էլ՝ երբ հյուր ես ուրիշի տանը: Որպեսզի մենք էլ մեզ անքաղաքավարի չդրսևորենք և հետո էլ Վինի Թուխի պես չմնանք դռան արանքում և չկարողանանք դուրս գալ, պետք է սովորենք քաղաքավարության մի քանի շատ կարևոր կանոն: Եվ այսպես, ինչպես պետք է պահենք մեզ հյուր գնալիս կամ հյուրեր ընդունելիս:

ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՀՅՈՒՐԵՐԻ

Եթե դուք եք պատրաստվում ընդունել հյուրերի, ապա նախևառաջ հարկավոր է տունը կարգի բերել: Մեծերը, իհարկե, կարող են օգնել ձեզ, բայց մանկական սենյակն, օրինակ, անպայման հավաքեք ինքներդ, դասավորեք խաղալիքները, գրքերը, մաքրեք դարակների փոշին:

Իսկ հիմա սեղան գցելու ժամանակն է: Փռեք սփռոցը, հյուրերի քանակին համապատասխան սպասք դրեք: Ափսեի աջ կողմում դրվում է դանակը, ձախ կողմում՝ պատառաքաղը: Ափսեի առջևում, մի փոքր աջ դրվում են բաժակները ըմպելիքների համար: Թե ինչպես է պետք օգտվել սեղանից, մենք արդեն գիտենք, բայց իհարկե կարող ենք վերհիշել ևս մեկ անգամ ահա այս էջում:

Իսկ հիմա կրկին պատրաստվենք մեր հյուրերի ընդունելությանը: Հյուրերին պետք է դիմավորել մաքուր, կոկիկ հագուստով և կոշիկներով, հատկապես եթե միասին որևէ տոն եք պատրաստվում նշել: Երբ հյուրերը կժամանեն, պետք է ժպիտով դիմավորել ու ներս հրավիրել: Պետք է օգնել նրանց հանել վերարկուները, եթե, իհարկե, նրանք վերարկուներով են, և դրանց համար համապատասխան վայր գտնել մեկ այլ սենյակում:

Եթե ոչ բոլոր հյուրերն են միմյանց ծանոթ, ապա պետք է ներկայացնել միմյանց: Չմոռանաք սեղանի շուրջ հյուրասիրել նրանց և ստեղծել ուրախ, անմիջական մթնոլորտ:

Իհարկե հյուրերին ձեր տուն հրավիրելուց առաջ դուք կարող եք փոքրիկ, ուրախ հրավիրատոմսեր պատրաստել նրանց համար: Իսկ ի՞նչ է պետք անել, եթե հենց դուք եք ստացել այդպիսի հրավիրատոմս, և ձեզ են հյուր կանչում: Եվ այսպես.

ԳՆՈՒՄ ԵՆՔ ՀՅՈՒՐ

Ամենից առաջ հյուր չի կարելի գնալ առանց զգուշացնելու, այնպես, ինչպես արեցին Վինի Թուխն ու Դնչիկը: Չի կարելի հյուր գնալիս ձեզ հետ տանել նաև մեկ այլ մարդու, որը հրավիրված չէ: Եթե դուք հրավիրված եք ծննդյան տոնի, ապա անպայման հարկավոր է նվեր և շնորհավորական բացիկ պատրաստել: Իսկ եթե այդպիսի առիթ չկա, ապա քաղցրավենիքը կամ ծաղիկները (եթե հյուր հրավիրողը աղջիկ է) հաստատ չեն խանգարի:

Հարկավոր է կոկիկ հագնվել, պատրաստվել: Նշանակված ժամից ավելի շուտ գալը ճիշտ չէ: Չէ՞ որ տանտերերը դեռ պատրաստվում են: Եվ, իհարկե, չի կարելի նաև ուշանալ: Դռան շեմին չմոռանաք մաքրել ցեխոտ կոշիկները, հնարավորության դեպքում նաև հանեք դրանք՝ հատակը չկեղտոտելու համար: Հյուրընկալող տանը չի կարելի առանց թույլտվության ձեռք տալ տարբեր իրերի, տանտերերին անհարմարություն պատճառել, անփութորեն որևէ բան կոտրել և այլն:

Սեղանին մոտենալուց առաջ չմոռանաք լվանալ ձեռքերը: Հարկավոր է ճիշտ օգտագործել սպասքը, դանակը բռնել աջ, իսկ պատառաքաղը՝ ձախ ձեռքով: Եվ անպայման սեղանից պետք է օգտվել զուսպ, չքննադատել ուտելիքը: Քաղաքավարությունը պահանջում է նաև շնորհակալություն հայտնել հյուրասիրության համար: Ապա առաջարկեք տանտիրոջը ձեր օգնությունը սեղանը հավաքելու գործում:

Փորձեք լինել հետաքրքիր զրուցակից, մասնակցեք խաղերին: Կամակորություններ ու չարություններ անելու ժամանակը չէ: Երբ խաղացիք, ուրախացաք ու զրուցեցիք, ժամանակն է շնորհակալություն հայտնել ամեն ինչի համար և հրաժեշտ տալ: Չի կարելի շատ երկար մնալ ուրիշի տանը: Դա նրան կարող է անհարմարություն պատճառել: Եվ բացի այդ այդպես դուք անհամբեր կսպասեք ձեր ընկերոջ հետ հաջորդ հանդիպմանը, և եթե ձեզ լավ դրսևորեցիք, նա ինքն էլ մեծ ուրախությամբ կրկին ձեզ կհրավիրի իր տուն:

Անահիտ Ալեքսանյան

Մեկնաբանություններ

ԳՆՈՒՄ ԵՆՔ ՀՅՈՒՐ ԵՎ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ՀՅՈՒՐԵՐԻ

log in

reset password

Back to
log in