facebook

ՎԻՆԻ ԹՈՒԽԸ ԻՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ


Վինի Թուխը

Գիտե՞ք, որ Վինի Թուխը ունի ոչ միայն իր երևակայական, այլև միանգամայն իրական աշխարհը: Վինիի երևակայական աշխարհը ստեղծել է Ալան Ալեքսանդր Միլնը, իսկ նրա իրական անտառը գտնվում է  Հարավարևմտյան Անգլիայում, Հարֆիլդ Վիլիջ անունով գյուղակում:

Այստեղ պահպանվել են բարի արջուկի հետ կապված պատմական վայրեր: Հենց այս գյուղակի գեղեցիկ անտառն էր, որ ոգեշնչեց Ալեքսանդր Միլնին ստեղծել այս անտառային ուրախ պատմությունը: Գրքի հերոս դարձան հեղինակի տղայի՝ Քրիստոֆերի իրական խաղալիքները: Վինիի նախատիպ արջուկին Միլնը Քրիստոֆերին նվիրել էր նրա առաջին տարեդարձին՝ 1921 թվականի օգոստոսի 21-ին, այնպես որ դա կարող ենք համարել Վինի Թուխի ծննդյան օրը. չէ՞ որ հենց ինքը՝ Քրիստոֆերը ասում է, որ երբ ինքը դառնա հարյուր տարեկան, Վինի Թուխն էլ կդառնա 99 տարեկան: Վինի անունով Քրիստոֆերը արջուկին անվանակոչեց միայն չորս տարի անց:

Ալան Ալեքսանդր Միլնը, Քրիստոֆեր ռոբինը և իրական Վինի Թուխը
Ալան Ալեքսանդր Միլնը, Քրիստոֆեր Ռոբինը և իրական Վինի Թուխը

Այսօր Քրիստոֆեր Ռոբինի բոլոր խաղալիքները, բացի Փոքրիկ Ռուից գտնվում են Նյու-Յորքի գրադարանի մանկական սենյակում: Խաղալիք Վինին բոլորովին նման չէ այն արջուկին, որ պատկերված է նկարիչ Շեփարդի նկարազարդումներում: Շեփարդը Թուխին նկարել էր իր տղայի խաղալիք արջուկի նմանությամբ: Վերջինս, ցավոք, հետո դարձել է նկարչի տանն ապրող շան «զոհը»:

Իսկ հիմա վերադառնանք Վինի Թուխի և նրա ընկերների անտառ, այնտեղ չմոլորվելու և նրա բնակիչներին գտնելու համար հարկավոր է հատուկ քարտեզից օգտվել: Այն կարելի է ձեռք բերել Վինիի խանութում («Pooh Corner Shop»): Խանութը գտնում է գյուղի կենտրոնական փողոցում: Դա չափազանց հին մի շինություն է, ավելի քան 300 տարեկան: Այնտեղ կարելի է գտնել մի հսկայական տեսականի՝ ամեն ինչ՝ կապված Վինի Թուխի հետ: Եվ իհարկե կարելի է գտնել Քրիստոֆեր Ռոբինի բոլոր սիրելի քաղցրավենիքները:

Իրական Վինի Թուխն ու նրա իրական ընկերները
Իրական Վինի Թուխն ու նրա իրական ընկերները

Անտառի բլրակի գագաթին է գտնվում կախարդական կամրջակը, իսկ կախարդական էր այն, որովհետև ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չէր կարող հաշվել, թե այդտեղ քանի ծառ կա՝ 63 թե 64: Կամրջակի մոտ այսօր մի հուշատախտակ կա, որը տեղադրել է Քրիստոֆեր Ռոբինը՝ իր հայրիկի և նկարիչ Շեփարդի հիշատակին: Այստեղ է նաև այն փայտե կամրջակը, որով Վինին հաճախ անտառ էր գնում: Անտառում դուք կգտնեք նաև «հյուսիսային բևեռը»՝ հայտնաբերված Թուխի կողմից:

Վինին իր անունով աստղ ունի անգամ  փառքի ծառուղում՝ թվով 2308-րդը: Նրա անունով նաև փողոց է կոչվում Վարշավայում: Վինին պատկերված է 18 երկրների դրոշմանիշների վրա: Իսկ Մոսկվայում տեղադրված են Վինիի, Դնչիկի, Իա-Իայի և Բուի արձանները: Այնպես որ, Վինին իսկական երկրպագուների մի մեծ բանակ ունի ամբողջ աշխարհում, որոնք երբեք-երբեք միայնակ չեն թողնի թեփով լցված գլխով, միամիտ ու բարեհոգի արջուկին:

Անահիտ Ալեքսանյան

Մեկնաբանություններ

ՎԻՆԻ ԹՈՒԽԸ ԻՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ