ԱՄԵՆ ԳՈՒՅՆԸ ՄԻ ԺՊԻՏ M&M’S


M&M's

Վառ գույներ, գեղեցիկ կեդեր, սպիտակ ձեռնոցներ և դաջվածք` «m»:  Արդեն գուշակեցիր, որ խոսքս M&M’s շոկոլադե կլորիկների մասին է: Դիտեցի գովազդը և մտածեցի. «Իսկ ինչպե՞ս են առաջացել թերևս ամենաուրախ ու զվարճալի շոկոլադները, ինչու՞ են նրանց անվանել M&M’S և վերջապես ինչու՞ են նրանք այդքան համեղ… »: Որտեղի՞ց  սկսեմ … Հա՜, սկզբից:

Պատմում են, որ M&M’S կոնֆետների գաղափարը ծնվել է Ֆորեստ Մարսի գլխում: Նա Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեսել էր, թե ինչպես են զինվորները կերել կլորիկ շոկոլադներ: Դրանք պատված էին եղել գլազուրով, որն էլ թույլ չէր տալիս, որ շոկոլադները հալչեն: Այո՛, գաղափարը ծնվել էր, բայց Մարսը օգնության կարիք ուներ: Բրյուս Մյուրեն իր աջակցությունն է առաջարկում, և նրանք գործընկերներ են դառնում: Այստեղից էլ կոնֆետների անվանումը. Մյուրեի և Մարսի անունների առաջին տառերը: Ճիշտ է գործընկերները հետագայում բաժանվել են, բայց մեկ է անվանումը չի փոխվել:

M&M's

Առաջին անգամ M&M’S կոնֆետները հայտնվել են ԱՄՆ-ում` 1941 թ-ին, հետո տարածվել ամբողջ աշխարհում` հասնելով նաև Հայաստան:  Նրանց նշանաբանն է. «Կաթնային շոկոլադ, որը հալչում է բերանում և ոչ` ձեռքերում»:

Իմիջայլոց, առաջին M&M’S կոնֆետները եղել են միայն շագանակագույն, հետո` 1960-ին միայն, դարձել գունավոր և ձեռք բերել անհատականություններ.

M&M's

Դեղինը  միամիտ շոկոլադն է, հիմարիկ, բարձրահասակ և գետնանուշով:
Կարմիրը  ցինիկ է և ցածրահասակ:
Կանաչը միակ աղջիկն է և, բնականաբար, թիթիզը:
Կապույտը ամենաինքնահավանն է:
-Իսկ Նարնջագույնը  անտառային գետնանուշով վախկոտ շոկոլադն է:

M&M's

Հետաքրքիր է, որ կաթնային M&M’s կոնֆետների տուփերում շագանակագույն կլորիկները  30% են կազմում, դեղիններն ու կարմիրները `  20-ական %, և ընդամենը 10-ական % կազմում են  կապույտ, կանաչ ու նարնջագույն կլորիկները: Տոկոսների բաժանումը այլ է գետնանուշով M&M’s-ի տուփերում. այստեղ շագանակագույն, դեղին, կարմիր և կապույտ կլորիկները  կազմում են 20-ական  %, իսկ կանաչներն ու նարնջագույնները` 10-ական:

M&M's

Կարծում եմ անպայման արժեր անդրադառնալ այս թեմային, չէ՞ որ նրանք մեր անբաժան ընկերներն են դարձել դպրոցում, տանը և անգամ բակում: Իսկ սրանք էլ այն զվարճալի գովազդներն են, որտեղ հանդես են գալիս մեր սիրելի գնդիկները:

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ԱՄԵՆ ԳՈՒՅՆԸ ՄԻ ԺՊԻՏ M&M’S

log in

reset password

Back to
log in