IQ ԹԵՍՏ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ- 3


զվարճալի IQ թեստ

Դե ինչ, արդեն պատրաստ է երրորդ, մի փոքր ավելի բարդ IQ թեստը, իսկ դու պատրա՞ստ ես: Ուրեմն սկսեցինք: Չեմ զլանա քեզ հիշեցնել մեր կանոնը. պատասխանը կարդում ենք միայն հարցին պատասխանելուց հետո.

Նստարանին նստած են Աննան, նրա մայրիկը, տատիկը և տիկնիկը: Տատիկը նստած է թոռան կողքին, բայց ոչ տիկնիկի: Տիկնիկը նստած է մայրիկի կողքին: Ո՞վ է նստած Աննայի մայրիկի կողքին:

Պատասխանն է տատիկը: Համոզված եմ, որ ճիշտ պատասխանեցիր, բայց սա դեռ սկիզբն է: Մյուս հարցերն ավելի մեծ ուշադրություն են պահանջում:

 Մարիամն ունի 3 երեխա: Նա ասում է, որ իր երեխաների կեսն աղջիկ է: Եվ հաստատ չի խաբում: Փորձիր գուշակել` հնարավո՞ր է արդյոք դա:      

 Դե իհարկե,  հնարավոր է, որովհետև երկրորդ կեսը ևս աղջիկ է:

Փողոցում կանգնած են երեք օրիորդներ: Նրանցից մեկը ճշտախոս է, մյուսը` ստախոս, իսկ երրորդը դիպլոմատ ( երբ ուզում է ստում է, երբ ուզում է ճիշտ է խոսում): Մի տղա մոտեցավ նրանց: Նա չգիտեր, թե ով ով է և հարցրեց  ձախ կողմում կանգնած աղջկան.

– Ո՞վ է կանգնած քո կողքին:
– Ճշտախոսը:
Հետո տղան հարցրեց մեջտեղում կանգնած աղջկան.
– Ո՞վ ես դու?
– Դիպլոմատը:
Եվ վերջապես հարցրեց աջ կողմում կանգնած աղջկան.
– Ո՞վ է կանգնած քո կողքին:
– Ստախոսը:
Փորձիր գուշակել` ով որտեղ էր կանգնած:

 Ձախ կողմում կանգնածը եթե լիներ ճշտախոս, ապա  «Ո՞վ է կանգնած քո կողքին» հարցին չէր պատասխանի «Ճշտախոսը»: Նշանակում է` ձախ կողմում ճշտախոսը չէր, բայց նա մեջտեղում էլ չէր: Լինելով ճշտախոս` «Ո՞վ ես դու» հարցին հաստատ չէր պատասխանի «Դիպլոմատը»: Փաստորեն ճշտախոսը աջ կողմում էր, նրա կողքին` մեջտեղում, ստախոսն էր, իսկ ձախ կողմում` դիպլոմատը:

 Աշոտը գնում էր դեպի անտառային լիճը: Նրան ընդառաջ գալիս էր 25 աշակերտից բաղկացած դասարան և 2 ուսուցիչ: 10 երեխայի ծնողներ նույնպես մասնակցում էին զբոսանքին: 5 մայր իրենց հետ ունեին սայլակներով երեխաներ: Ուսուցիչներից մեկն ուներ 1 շուն, իսկ 2 աշակերտ իրենց հետ ունեին 2 դաշտամուկ: Միասին վերցված քանի՞ ոտք էր շարժվում դեպի անտառային լիճ:

 116, 90, 38… Ո´չ, անտառային լճի ուղությամբ շարժվում էր ընդամենը երկու ոտք` Աշոտի ոտքերը: Չէ՞  որ մնացած բոլորը ետ  էին գալիս անտառային լճից:

Բժշկական համալսարանում ուսանողը քննություն է հանձնում: Դասախոսը նրան է տալիս մի ազդրի ոսկոր և հարցնում.

– Դու քանի՞ այսպիսի ոսկոր ունես:
Ուսանողը պատասխանում է.
– Երեք:
-Ո´չ, – ասում է դասախոսը,- դու ունես երկու այսպիսի ոսկոր:
Բայց ուսանողը ճիշտ էր: Այդ ինչպե՞ս:

 Ա՜խ այս ուսանողները: Նա բացի իր ոսկորներից, հաշվել էր նաև իր ձեռքում եղած ոսկորը:

 Իսկ հիմա կարող ես մի փոքր թուլանալ և այդքա՜ն երկար չմտածել:

Մեկն ապրում էր 17-րդ հարկում: Նա վերելակով իրենց հարկ բարձրանում էր միայն անձրևոտ եղանակին կամ երբ իր հետ ինչ-որ մեկը լինում էր: Իսկ եթե եղանակը հրաշալի էր կամ իր հետ մարդ չկար, նա վերելակով բարձրանում էր մինչև 9-րդ հարկ, իսկ մինչև 17-րդ հարկ բարձրանում էր աստիճաններով: Ինչու՞:

 Պարզապես  նա փոքրիկ էր, ցածրահասակ և չէր հասնում 17-րդ հարկի կոճակին: Իսկ անձրևանոցով կամ մեկի օգնությամբ, կարողանում էր սեղմել կոճակը:

  Սպասիր հաջորդ թեստերին, իսկ ժպիտի մասին հանկարծ չմոռանաս, լա՞վ:

 Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։