ՏԱՔ ԼՈԳԱՆՔ


Տաք լոգանք

Երբ հավիկ Դեզդեմոնան հաշվեց իր ածած ձվերը, շատ ուրախացավ, որովհետև դրանք յոթն էին: Ֆաբրիկայի աշխատողները շատ բարի էին, այդ պատճառով էլ ամեն հավիկից ընդամենը 5 ձու էին վերցնում, և այն էլ շաբաթը մի անգամ:

Ուրեմն` երկու հավիկ դեռ պիտի ծնվեն, երկու հավիկ իրավունք ունեն ապրելու: Ձվեկին, Ձվոկին, Ձվակին, Ձվակուկին և Ձվեկուկին մայրիկը ջերմորեն համբուրեց ու ճանապարհեց: Նրա հետ մնացին Ձվիկն ու Ձվուկը: Ձվուկն ամենափոքրիկն էր և, ոչինչ չհասկանալով, հանգիստ քնել էր մայրիկի թևերի տակ: Իսկ Ձվիկն իր կյանքի առաջին վայրկյանից լսեց «տաք լոգանքի» մասին:

Հետո իմանալով, որ իր քույրերն ու եղբայրները գնում են «տաք լոգանք» ընդունելու, որոշեց թաքնվել նրանց մեջ ու լոգանքն ընդունելուց անմիջապես հետո վերադանալ մայրիկի մոտ (նա հաստատ ոչինչ չի նկատի):

Այդպես էլ արեց. հանդիսավոր կերպով լվացվեց ու պատրաստվեց լոգանք ընդունելու: Նրան ինչ-որ մեկի փափլիկ մատները գրկեցին ու գցեցին ջրի մեջ: Ջուրը սառն էր, ու Ձվիկը մտածեց, որ իրեն դեռ անակնկալ է սպասվում:

Ջրով լի թասը դրեցին գազօջախին, և նա զգաց, որ ջուրը տաքանում է: Ձվիկին թվաց, որ սա իր կյանքի ամենաերջանիկ պահն է, բայց…

Բայց հանկարծ ջուրը «երես առավ» և սկսեց չափն անցնել: Ստիպված Ձվիկը սկսեց թռվռալ թասի մեջ, որպեսզի ոտքերը չվառվեն, հետո էլ չդիմացավ ու ճչալով դուրս թռավ թասի միջից:

Որքան ուժ ուներ, վազե՜ց… Ոչինչ, հիմա կհասնի, հիմա կգտնի մայրիկին, կմտնի նրա թևերի տակ ու մուշ-մուշ կքնի Ձվուկի կողքին:

Գուցե «չարաբաստիկ լոգանքը» դեռ չի փչացրել իրեն, ու ինքը կդառնա հավիկ… Հաստատ կդառնա…

Անահիտ Ալեքսանյան

Մեկնաբանություններ

ՏԱՔ ԼՈԳԱՆՔ

log in

reset password

Back to
log in