ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ ՍԵՆԴՎԻՉՆԵՐԸ


Առավոտյան դասի շտապելիս նախաճաշել երբեմն չենք հասցնում, մինչդեռ մեզ այնքան շատ է հարկավոր էներգիա՝ դասերն ուշադրությամբ լսելու և դասամիջոցին վազվզելու համար: Հենց այս դեպքում էլ օգնության են հասնում փոքրիկ, համեղ ու սննդարար բրդուճիկները՝ սենդվիչները:

mg_1317

Իհարկե, դպրոցականներ աշխարհում միշտ էլ եղել են ու միշտ էլ, առավոտյան դասի շտապելիս, քեզ պես մոռացել են նախաճաշելու մասին, մինչդեռ սենդվիչները միայն 18-րդ դարում լույս աշխարհ եկան: Եվ հենց ի պատիվ իրենց հեղինակի՝ լորդ Ջոն Մոնտեքյու Սենդվիչի, նրանք հենց այդպես էլ կոչվեցին՝ սենդվիչ…

pulled-pork-kid-approved

Լորդ Սենդվիչը Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարն էր և, ասում են, նաև շատ մեծ խաղամոլ էր: Նա կարող էր խաղալ օրեր շարունակ, առանց ընդմիջման: Եվ մի անգամ էլ, լորդը խաղասեղանի առջև նստած էր մնացել ամբողջ 24 ժամ, ու անգամ չէր զգացել, թե որքան քաղցած է ինքը: Երբ վերջապես հիշեց դրա մասին, պատվիրեց իր համար հացի երկու կտորի մեջ դնել տապակած տավարի մսի շերտիկ և բերել հենց խաղասեղանի մոտ: Այս արագ պատրաստվող ուտելիքի շնորհիվ նա կարող էր օրեր շարունակ խաղասեղանի մոտ նստել արդեն կուշտ փորով:

Բայց պետք է ասել, որ Լորդ Սենդվիչը ոչ միայն խաղամոլ էր, այլև շատ կարևոր պաշտոն զբաղեցնող քաղաքական գործիչ: Եվ գրասենյակում աշխատելիս նրան օգնության էին հասնում կրկին սենդվիչները: Լորդի օրինակին հետևելով, շատերը սկսեցին այսպիսի բրդուճիկներ պատրաստել և դրանք կոչեցին լորդ Սենդվիչի անունով: Սենդվիչները կարելի էր ուտել առանց դանակի ու պատառաքաղի, և դա բոլորին անմիջապես դուր եկավ:

IMGP4552

Սենդվիչը տարածում գտավ ամբողջ աշխարհում և եկավ հասավ նաև Հայաստան: Այսօր նրանք արագ սննդի ամենատարածված բաղադրիչներից մեկն են, սակայն միշտ ավելի համեղ են ստացվում, երբ պատրաստում ես դրանք քո սեփական ձեռքերով: Այնպես որ, առավոտյան արթնանալիս անմիջապես անցիր գործի, պատրաստիր քո համեղ սենդվիչը, և այն կդառնա քո ուրախ ու առողջ օրվա երաշխիքը …

Անահիտ Ալեքսանյան

Մեկնաբանություններ

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ ՍԵՆԴՎԻՉՆԵՐԸ

log in

reset password

Back to
log in