ՀԵՔԻԱԹ 28. «ՀՐԱՇԱԳՈՐԾ ՋՈՒԹԱԿԸ»


Հեքիաթ Կախարդական Ջութակը

Կար, չկար մի թագավորություն կար: Այն շրջապատված էր գեղեցիկ ծառերով ու ծաղիկներով, ներսում ուներ բազմաթիվ պարտեզներ: Պարտեզներում ծաղկում ու փթթում էին երփներանգ և գույնզգույն ծաղիկներ: Ամեն առավոտ թռչունների դայլայլից իրենց գլխիկներն էին բարձրացնում ալվան ծաղիկները:

Թագավորությունում  իշխում էր  բարի ու խոհեմ մի թագավոր,որը շատ էր սիրում ծաղիկներ: Սակայն նրա ամենասիրելի ծաղիկը իր չքնաղ աղջիկն էր, որը առավոտից երեկո շրջում էր պարտեզներում և խնամում էր ծաղիկները:

Բայց մի օր, երբ արքայադուստրն արթնացավ քնից, չլսեց թռչունների ծլվլոցը: Արքայադստերը շատ տարօրինակ թվաց, և նա անմիջապես դուրս վազեց ու ինչ տասավ. ծաղիկները թորշնել էին, թռչունները կուչ եկել, պարտեզները մեռնում էին:

Արքայադուստրը չգիտեր ինչ աներ, լաց էր լինում ու խնդրում էր ծաղիկներին.

 -Սիրելիներս, բարձրացրեք ձեր գլխիկները:

Բայց ոչինչ  չէր փոխվում:

Այդպես անցավ մի քանի ամիս: Արքայադուստրը այնքան էր լաց եղել, որ հալումաշ էր  եղել և անկողին ընկել:

Թագավորը աշխարհի տարբեր մասերից բույսերի մասնագետներ էր կանչել, բայց նրանցից և ոչ մեկին չէր հաջողվել փրկել պարտեզները:

Մի օր էլ, երբ արդեն հույս չկար, որ արքայադուստրը կլավանա, թագավորություն շրջիկ կրկես եկավ: Թագավորը հրամայեց, որ հեռանան, քանի որ տրամադրություն չունեն նրանց դիտելու, բայց հետո որոշեց, որ կրկեսի միջոցով արքայադուստրը կլավանա, և նրանց հրամայեց մնալ ու ներկայացումներ ցույց տալ: Արտիստները սկսեցին իրենց ներկայացումը: Արքայադուստրը նայեց, նայեց, բայց նրան ոչինչ չուրախացրեց: Ներկայացման վերջում մի փոքրիկ տղա սկսեց ջութակ նվագել: Արքայքդուստրը լարեց լսողությունը, ջութակի ամեն մի ելևէջի հետ լսվում էր թռչունների դայլայլը:

Հանկարծ արքայադուստրը շրջվեց, հրա~շք. ծաղիկները բարձրացնում էին գլխիկները: Բոլորը զարմացած իրենց շուրջն էին նայում, իսկ արքայադուստրն արդեն պարտեզում էր:

Փոքրիկ տղան անմոռաց նվագում էր: Պարտեզը վայրկյան-վայրկյան կենդանանում էր` ջութակի կախարդական մեղեդուց, արքայադուստրն էլ կարծես երբեք էլ հիվանդ չէր եղել: Երբ տղան վերջացրեց նվագել, պարտեզում ոչ մի ծաղիկ չմնաց, որ չծաղկեր ու չփթթեր: Թագավորը շնորհակալություն հայտնեց փոքրիկ տղային:

-Այդ ես չէի, այլ ջութակն էր,-ասաց փոքրիկ ջութակահարը:

-Մնա մեզ մոտ, խնդրում եմ, և ամեն օր նվագիր իմ ու ծաղիկների համար,-ասաց արքայադուստրը:

-Մնա տղաս,-ասացին կրկեսի արտիստները:

Ու տղան մնաց թագավորությունում: Ամեն առավոտ փոքրիկ ջութակահարը նավագում էր կախարդական ջութակով, իսկ արքայադուստրը շրջում էր պարտեզներով ու զմայլվում ծաղիկների գեղեցկությամբ:

 Մարիա Ջանիբեկյան

10 տարեկան

ք.Երևան, # 198 ավագ դպրոց

Մեկնաբանություններ

ՀԵՔԻԱԹ 28. «ՀՐԱՇԱԳՈՐԾ ՋՈՒԹԱԿԸ»

log in

reset password

Back to
log in