ՀԵՔԻԱԹ 36. «ԿԱՊՈւՏԱՉՈւԿՆ Ու ԿԱՆԱՉԱՉԻԿԸ»


Լինում են, չեն լինում, մի թագավոր ու թագուհի են լինում: Էս թագավորն ու թագուհին ունենում են զույգ աղջիկներ: Աղջիկները իրար այնքան նման են լինում, որ նույնիսկ ծնողները նրանց տարբերել չեն կարողանում:

Աղջիկներից մեկը շատ էր սիրում կապույտ գույնը և միշտ հագնում էր կապույտ զգեստներ: Այդ պատճառով նրան անվանում էին Կապուտաչուկ: Մյուս աղջիկը շատ էր սիրում կանաչ գույնը և միշտ հագնում էր կանաչ զգեստներ: Նրան Կանաչաչիկ էին անվանում:

Կապուտաչուկն ու Կանաչաչիկը շատ գեղեցիկ էին ու բարի, դրա համար էլ բոլորը նրանց շատ էին սիրում: Միայն թե տեսնեիր, թե ինչպես էին պարում խնջույքների ժամանակ: Բայց աշխարհի ծայրին ապրում էր մի չար կախարդ, ով նրանց չէր սիրում:

Մի օր թագավորը մեծ խնջույք է կազմակերպում և հրավիրում է աշխարհի բոլոր մարդկանց: Խնջույքին գալիս են Փոքրիկ Իշխանը, Մոխրոտիկը, Մաուգլին, Բուրատինոն, Կարմիր Գլխարկը և ուրիշ-ուրիշներ: Գալիս է նաև չար կախարդը: Երբ բոլորը հավաքվում են, թագավորը բարձրանում է իր գահին և հայտարարում, որ խնջույքը սկսված է: Բոլորը ուրախանում են և  սկսում են պարել: Կապուտաչուկն ու Կանաչաչիկը բոլորի հետ միասին ուրախ ու զվարթ պարում են և ուրախանում: Ուրախանում են նաև թագավորն ու թագուհին:

Երբ խնջույքը ավարտվում է, Կապուտաչուկն ու Կանաչաչիկը գնում են անտառ ծաղիկներ հավաքելու: Նրանք սիրում էին խնջույքներից հետո գեղեցիկ ծաղիկներ հավաքել և զարդարել պալատը: Երբ քույրիկները ավարտում են և ուզում են պալատ վերադառնալ, հանկարծ հայտնվում է չար կախարդը: Նա ասում է կախարդական խոսքեր և քույրիկներին դարձնում կակաչներ: Կապուտաչուկը դառնում է կապույտ կակաչ, իսկ Կանաչաչիկը` կանաչ կակաչ: Հետո չար կախարդը նայում է նրանց և ասում.

– Դուք կստանաք ձեր կերպարանքը միայն այն ժամանակ, երբ ձեզ պոկեն ձեր արմատներից, – ասում է և իսկույն անհայտանում:

Անցնում են օրեր: Թագավորն ու թագուհին տեսնում են, որ աղջիկներն այդպես էլ հետ չեկան, կանչում են աշխարհի բոլոր մարդկանց և հայտարարում.

– Ով գտնի իմ աղջիկներին, նրանցից մեկին կնության կտամ նրան:

Երկու տարի շարունակ մարդիկ ողջ աշխարհը ոտնատակ են անում, բայց աղջիկներին այդպես էլ չեն գտնում: Թագավորն ու թագուհին կորցնում են իրենց հույսը, որ կարող են գոնե մեկ անգամ տեսնել նրանց:

Ծաղիկները մեծանում էին:

Մի օր հարևան երկրից թագավորություն որսի են գալիս երկու արքայազն: Նրանք որսում են շատ կենդանիներ` աղվես, արջ, գայլ, նապաստակ: Երբ որսը ավարտվում է, և արքայազները որոշում են հետ վերադառնալ, հեռվում նկատում են անսովոր ծաղիկներ` մեկը` կապույտ, մյուսը` կանաչ: Նրանք գնում  են դեպի ծաղիկները: Երբ հասնում են, ծաղիկները հանկարծ խոսում են նրանց.

– Պոկեք մեզ մեր արմատներից, խնդրում ենք ձեզ:

Արքայազները պոկում են նրանց, և, օ՜ զարմանք, ծաղիկները դառնում են գեղեցիկ աղջիկներ: Արքայազները և զարմանում են, և ուրախանում, և նրանք բոլորը միասին գնում են պալատ: Թագավորն ու թագուհին, երբ տեսնում են իրենց աղջիկներին, շատ են ուրախանում, ուրախությունից աշխարհով մեկ են լինում: Թագավորը կատարում է իր խոստումը և աղջիկներին կնության է տալիս արքայազներին: 40 օր, 40 գիշեր մեծ հարսանիք են անում և ուրախանում: Կապուտաչուկն ու Կանաչաչիկը արքայազների հետ ապրում են շատ հաշտ ու համերաշխ: Մինչ օրս էլ նրանք շատ երջանիկ են իրենց թոռներով ու ծոռներով: Իսկ չար կախարդը, իմանալով այդ մասին, նախանձից կապտում է, կանաչում և վերածվում կաղամբի:

Միլեն Մարգարյան

11 տարեկան

ք. Երևան, # 160 դպրոց

Մեկնաբանություններ

ՀԵՔԻԱԹ 36. «ԿԱՊՈւՏԱՉՈւԿՆ Ու ԿԱՆԱՉԱՉԻԿԸ»

log in

reset password

Back to
log in