# 38 ՀԵՔԻԱԹ. ԻՆՉՊԵՍ ՄԻ ՓՈՔՐԻԿ ՏՂԱ ՓՐԿԵՑ ԱՇԽԱՐՀԸ


Հեքիաթ Ինչպես տղան փրկեց աշխարհը

Փոքրիկ տղան շատ էր սիրում ազատ ժամանակ մուտք գործել համացանց, որտեղ նա իրեն զգում էր շատ հզոր և ամենակարող: Երբ տղան զբաղվում էր տարբեր տեսակի խաղերով, կարծես թե դառնում էր այդ խաղերի արքան, նա մտովի կարծում էր, թե կարող է  մտնել համակարգչի  էկրանի մեջ և ինքնուրույն թելադրել խաղի կանոնները ու անձամբ դառնալ խաղի հերոսներից մեկը:

Մի անգամ` հերթական անգամ խաղալիս, փոքրիկ հայտարարություն կարդաց. «Խնդրում եմ աշխարհը փրկելու համար կապվել ինձ հետ»: Հայտարարությունը տղային զարմացրեց, միաժամանակ, հետաքրքրեց, որի համար էլ նա առանց մտածելու մկնիկն ուղղեց հայտարարության վրա և սեղմեց:

Տղան իր բնույթով արկածախնդիր էր, նա համոզված էր, որ աշխարհի փրկությունը կախված է հենց իրենից: Մկնիկը հայտարարության վրա սեղմելուց հետո, նա իր գեղեցիկ և մեծ աչքերով մի քանի վարկյան ուշադիր նայեց էկրանին` սպասելով, թե ինչ է կատարվելու: Սակայն բավականին երկար սպասելուց հետո փոքրիկը, ոչ մի հրաշքի ականատես չլինելով` գլուխը դրեց սեղանին ու ննջեց: Երկար էր ննջել, թե կարճ, հանկարծ արթնացավ մի  անբնական սուլոցից, կարծես տարբեր մարդիկ անդադար սուլում էին:

Հեքիաթ Ինչպես տղան փրկեց աշխարհը

Երբ տղան բացեց աչքերը, զարմանքից ապշեց` տեսնելով համակարգչից դուրս եկած և դեպի իր կողմն ուղղված նուրբ ձեռքը:Մի պահ չհասկացավ, թե ինչ է կատարվում,սակայն երբ հիշեց աշխարհը փրկելու մասին հայտարարությունը, միանգամից բռնեց իրեն պարզված ձեռքը ու անմիջապես հայտնվեց ինչ- որ անհայտ աշխարհում:

Նրան շրջապատել էին բազմաթիվ մարդուկներ, որոնք աղերսական հայացքով նայում էին տղային ու փորձում էին ինչ-որ բան հասկացնել:Տղան անմիջապես հասկացավ, որ ինքը կանչված է` փրկելու մարդուկների աշխարհը, և աջ ու ձախ նայելով` փորձում էր հասկանալ իր անելիքը:

Տղայի հայացքն ընկավ երկնակամարում գտնվող տարօրինակ լուսատուին, որը ուներ քառակուսի կառուցվածք:Տղան զարմացավ ոչ թե դրա ձևից, այլ այն բանից, որ բազմաթիվ մարդուկներ արևին էին հենել փայտյա հենարաններ և փորձում էին այն բռնել:

Տեսնելով մարդուկների մտահոգ դեմքերը` տղան հասկացավ, որ այդտեղ է կանչվել մարդուկների աշխարհն  արևն այնտեղ ընկնելուց փրկելու համար: Նա միանգամից վազելով գնաց դեպի հենակներով արևը բռնած մարդուկների ուղղությամբ:Տղային թվում էր, թե մարդուկները շատ մոտ են, սակայն, երբ արդեն ուժասպառ եղավ, հասկացավ, որ նրանց հասնելն այդքան էլ դյուրին չէ:Տղան, հավաքելով ուժերը, արագ շարժվեց արևի ուղղությամբ: Նա տեսնում էր, որ արևը համարյա հասել է երկրին ու կանխազգում էր, որ դա անդառնալի է մարդուկների աշխարհի համար:

Նա լարեց իր վերջին ուժերը ու համարյա սողալով հասավ արևին:Տղան շատ զարմացավ, որ իր մի թեթև հպումով արևը կտրուկ, կարծես զսպանակի միջոցով բարձրացավ վերև ու մնաց օդից կախված:

Մարդուկները, տեսնելով այդ, սկսեցին ուրախությունից թռչկոտել: Տղան հասկացավ, որ ինքը փրկեց մարդուկների աշխարհը:

Երբ տղան արթնացավ, տեսավ, թե ինչպես են բազմաթիվ մարդուկներ համակարգչի էկրանի մեջից իրեն ձեռքով անում…..

 Էռնեստ Բատիկյան

11 տարեկան

Անանիա Շիրակացու անվան ճեմարան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։