ՀԵՔԻԱԹ 38. «ԵՐՋԱՆԻԿ ԽՐՃԻԹԸ»

Շատ տարիներ առաջ մի բարի կախարդ էր ապրում: Նրա անունը Ցողիկ էր: Նա ուներ ոսկեգույն վարսեր և մոխրագույն աչքեր: Նա ապրում էր անտառի խորքում գտնվող մի գեղեցիկ ամրոցում: Ամեն օր Ցողիկը զարթնում էր արեգակի շողերի հետ և նրա հետ շրջում  ամբողջ աշխարհով մեկ` կատարելով բարի գործեր: Նա անտեսանելի էր դառնում և օգնում էր տատիկներին անցնել փողոցը, օգնում էր կարիքավոր մարդկանց, շնիկներին պաշտպանում էր ցրտից:

Ցողիկը հատկապես շատ էր սիրում երեխաներին. նա վերևից կոնֆետներ և մրգեր էր նետում նրանց: Նա սիրում էր անցկացնել երեկոները կտուրի վրա ` հետևելով երեխաների զվարճալի խաղերին: Թվում էր , թե Ցողիկը երջանիկ է , սակայն նա գրեթե միշտ տխուր էր: Բարի փերին ուներ մի երազանք ` ունենալ փոքրիկ երեխա, որի հետ  կխաղար , կքայլեր փրփուր ամպերի միջով և կթռչեր ամբողջ աշխարհով:

Մի փոքրիկ գյուղում ապրում էր մի աղքատ ընտանիք: Հայրն ու մայրը ամբողջ օրն աշխատում էին ,որպեսզի կերակրեին իրենց տասը երեխաներին: Ամեն երեխայի նրանք սիրում էին յուրովի և չէին կարող իրենց կյանքը  պատկերացնել առանց նրանցից որևէ մեկի: Երեխաներից ամենափոքրիկը Կարենն էր: Նա փոքրամարմին և թուլակազմ մի էակ էր: Ծնողներին հատկապես դժվար էր խնամել նրան , սակայն նրանք դա անում էին սիրով ու քնքուշ հոգածությամբ:

Ցողիկը լսել էր այդ բազմազավակ ընտանիքի մասին,գիտեր ,որ նրանք  ունեին տասը երեխա ,  և մտածում էր , որ եթե  օրերից մի օր երեխաներից մեկն անհետանա,   հոգսաշատ ծնողները չէին  նկատի նրա բացակայությունը: Ահա թե ինչու որոշեց առևանգել Կարենին ու թեթևացնել  ընտանիքի հոգսը:

Հաջորդ օրը ,երբ արեգակը դեռ քնած էր , բարի կախարդը դարձավ անտեսանելի և  մտավ նրանց խրճիթը: Նա առևանգեց քնածԿարենին և տարավ նրան իր ամրոց:

Առավոտյան ,երբ փոքրիկը զարթնեց , սկսեց աչքերով փնտրել մայրիկին , սակայն նա չկար: Անօգնական մանկիկը հուսահատությունից չգիտեր ինչ անել , երբ ներս մտավ Ցողիկը: Նա բռնեց երեխայի ձեռքը, և երկուսով  բարձրացան երկինք: Նրանք թռչում էին ծովերի ու օվկիանոսների , դաշտերի ու լեռների վրայով: Երեխան հրճվում էր, ցնծում, այնքա՜ն անակնկալ էր այդ ամենը, այնքա՜ն հեքիաթային  , իսկ բարի փերին հալվում էր երանության զգացումից. նա աշխարհի ամենաերջանիկ էակն էր: Հանկարծ երեխան հարցրեց.

-Իսկ որտե՞ղ է մեր խրճիթը։

Ցողիկը տխրեց,բայց չկարողացավ մերժել երեխային:Նրանք դարձան անտեսանելի և իջան խրճիթի կտուրին: Երբ Կարենը ներս նայեց,    տեսավ մայրիկին ու հայրիկին , որոնք չէին կարողանում գտնել իրենց տեղը: Մայրիկն ու ինը քույրիկները անընդմեջ լալիս էին , իսկ շփոթված հայրիկը փորձում էր նրանց հանգստացնել ` ասելով.

-Մենք անպայման կգտնենք նրան , անպայման:

Կարենն այլևս չդիմացավ, խնդրեց Ցողիկին իրեն տեսանելի դարձնել:  Այդ պահին փերին հասկացավ , թե ինչ է սերը: Ընտանիքը շատ աղքատ էր , բայց, միևնույն է ,նրանք պատրաստ էին անել ամեն ինչ իրենց բոլոր երեխաների համար: Այսպիսով՝ նրանք երկուսն էլ դարձան տեսանելի և մտան խրճիթ: Տեսնելով իրենց սիրելի եղբորը՝  երեխաները փարվեցին նրան անհուն սիրով և գորովանքով:Մայրն ու հայրը համբուրում էին նրա երեսը և շնորհակալություն հայտնում Աստծուն: Այդ տեսարանից ազդված Ցողիկի գլխում մի հրաշալի միտք ծագեց, և նա ասաց.

-Դուք բոլորդ կարող եք տեղափոխվել իմ ամրոցը: Մենք այնտեղ կլինենք երջանիկ , և ես կկարողանամ ամբողջ օրը խաղալ երեխաների հետ:

Սակայն բոլորը միաբերան ասացին ,որ իրենց խրճիթից հարազատ և սիրելի վայր չկա:

Այդ օրվանից սկսած՝ բարի փերին սկսեց ամեն օր այցելել ընտանիքին: Նա կոնֆետներ և խաղալիքներ էր բերում երեխաներին և ամբողջ օրը խաղում նրանց հետ: Կարենը շուտով առողջացավ և սկսեց օգնել հայրիկին: Օրեցօր նրանց կյանքը բարելավվում էր: Նրանք ապրեցին երկար տարիներ  իրենց հարազատ խրճիթում ` միմյանց օգնելով և աջակցելով:

 Շահանե Առուշանյան

15 տարեկան

ք.Երևան, «Այբ» ավագ դպրոց

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

7 մեկնաբանություն

  1. Nairuhie

    Շահանե ջան շաաաաաաաատ լավ հեքիաթ է: Ես չէի էլ կասկածում, որ այսպիսի լավ հեքիաթ կգրես:
    ՀԱՂԹԱՆԱԿ եմ մաղթում 🙂

  2. Ալիկ

    Շահանե ջան շատ լավն է ապրես 🙂

  3. Davit Arushanyan

    Ապրես մռութս, շատ և շատ լավ ես գրել!

  4. Seda

    Քեզ հաղթանակ եմ մաղթում Շահանե ջան :Դ

  5. կարինա

    շատ հատաքրքիր և լավ հեքիաթ է ՀԱՂԹԱՆԱԿ եմ քեզ մաղթում

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի