# 40 ՀԵՔԻԱԹ. «ԻՈՆԵԼԼԱՆ ՈՒ ԴԵԼՖԻՆԸ»

Իոնելլան ու դելֆինըԼինում է, չի լինում, մի գեղեցիկ թագավորություն է լինում: Այնտեղ ապրում էր թագավորն իր երեք դուստրերի հետ` Վիոլայի, Պամելայի և Իոնելլայի: Նրանք շատ գեղեցիկ էին:

Վիոլան բարձրահասակ էր, սևաչյա, սևահեր: Նա աշխատասեր էր, լուռ ու խոնարհ:
Պամելան զգայուն աղջիկ էր, ամաչելիս նրա այտերը կարմրաթուշ խնձորի էր նմանվում: Նա սիրում էր նկարել: Իոնելլան շիկահեր էր, կապուտաչյա, շուրթերը նման էին վարդի թերթերի: Նա պատրաստում էր զարդեր` տարբեր քարերով: Իոնելլան աշխույժ էր ու չարաճճի:

Ապրում էին նրանք շքեղ ապարանքում, կապուտակ ծովի ափին: Պալատի շուրջը կար մի շքեղ այգի:Այնտեղ կային բարձր արմավենիներ, բուրավետ մագնոլիաներ, բարձրահասակ եղեգներ, հրաշալի գլիցինիաներ, որոնց վրա ողկույզներով կախված էին շքեղ ծաղիկները: Այգում` կանաչ խոտերի վրա, հանդարտ, նազանքով քայլում էին գեղաչյա եղնիկները, իսկ ծառերի վրա դայլայլում էին գույնզգույն թռչունները:

Թագավորի ապարանքի կողքին կար մի բլուր, որտեղ ապրում էր մի չար կախարդ: Նա ծածուկ հետևում էր թագավորին ու նրա դուստրերին: Չար կախարդը նախ որոշեց չորացնել այգին: Նա որոշեց իր չար կախարդանքով քամիներ ստեղծել: Սակայն այգին շրջապատված էր հզոր կաղնիներով, որոնք դարերով պահպանել էին այդ շքեղ այգին:

Նրանք հաստատուն կանգնեցին քամու դիմաց, և այգին չվնասվեց: Չար կախարդը որոշեց երաշտով չորացնել այգին, սակայն ծառերը խորը գնացող արմատներով ջուր վերցրին և այգին պահպանվեց: Չար կախարդը էլ ավելի զայրացավ ու չարացավ և որոշեց ապարանքն ու այգին ծածկել ջրով:

Սկսվեցին հորդառատ անձրևները, ծովը բարձրացավ, և ապարանքը ծածկվեց ջրով:
Կապույտ ծովում ապրում էր բարի փերին: Նա պահպանեց թագավորին, իսկ նրա դուստրերին դարձրեց ջրահարսներ: Աղջիկները դարձյալ երջանիկ էին: Նրանք ամբողջ օրը լողում էին ծովում, խաղում ձկների հետ, մարգարիտներից ու կարմիր մարջանից զարդեր էին պատրաստում: Այդ գործում շատ հմուտ էր Իոնելլան:

Մի անգամ, զբոսանքներից մեկի ժամանակ, հիանալով ծովի գեղեցկությամբ, շատ հեռացավ քույրերից և, հանկարծ, տեսավ մի միայնակ դելֆինի: Առաջին պահին վախեցավ, հետո տեսնելով դելֆինի հիացական հայացքը` կանգ առավ… Այնուհետև, ո′չ Իոնելլան, ո′չ էլ դելֆինը հանգիստ չէին գտնում, նրանք միասին շարունակ լողում էին կապուտակ ծովում: Ու մի օր էլ լողալիս նրանք հանդիպեցին բարի փերուն:

Իոնելլայի համար շատ զարմանալի էր, երբ բարի փերին խոնարհվեց դելֆինի առջև: Պարզվեց, որ դելֆինը ծովի մյուս ափին ապրող թագավորի կախարդված որդին էր: Նրանք ուրախացած լողացին դեպի ափ, դուրս եկան ջրից: Նրանց առջևում կանգնած էր չար կախարդը, որը զարմանքից ու չարությունից պայթեց:

Այսպես վերացավ չար կախարդանքը, և նրանք բլորը ստացան մարդկային կերպարանք: Եղավ ճոխ հարսանիք` Իոնելլայի և դելֆինի հարսանիքը: Ուրախությունը տևեց յոթ օր, յոթ գիշեր: Նրանք մինջև այսօր էլ ապրում են իրենց շքեղ պալատում, փարթամ այգում:

Հասմիկ Գրիգորյան

12 տարեկան

ք. Երևան, #198 ավագ դպրոց

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանությունները փակված են