Գերված խնձորենիները Հեքիաթ

Կար-չկար  մի  տղա  կար,  անունը`  Միթե:  Միթեն  գիտեր,  որ  չար կախարդը խլել  է  իր պապերի  երկիրը, ուր  աճում  էին  Արտամետի  խնձորները: Եվ  քանի  որ  Միթեն  շատ  էր  փոքր երկիրը  ետ  բերելու  համար,  որոշեց  գերությունից  փրկել  Արտամետր  խնձորները:

Ճիշտ  է,  Միթեն  հայր  չուներ,  սակայն  դա  նրան  չէր  խանգարել  մեծանալու  խիզախ,  ազնիվ  ու  նպատակասլաց:  Նա ամեն անգամ քնելուց  առաջ  մտքում խնձորենիներին  հասնելու  ամենակարճ  ճանապարհն  էր  մտմտում: Ու  մի  օր  էլ, ստանալով  մոր  օրհնությունը,  Միթեն ճանապարհ  ընկավ  դեպի  իր  պապերի  երկիրը,  որ  էլ  իրենը  չէր:

 Բաժանումից  առաջ  մեծ  եղբայրը  Միթեին  նվիրեց  իր  արծաթյա  մատանին  և  ասաց.

-Հենց  որ  տեղդ  դժվարանա,  պտտիր  մատանին,  և  ես  ծտի  թևով  քեզ  կհասնեմ,  Մի՛թե:

Ճանապարհը  երկար  էր  ու  դժվարին:  Միթեն  շատ  գնաց,  թե  քիչ,  շատն  ու  քիչը  Աստծուն  է  հայտնի,  հանդիպեց  սպիտակամորուք  մի  ծերունու,  որը  նստել  էր  ճանապարհների   խաչմերուկում:

– Բարով  ես  եկել,  փոքրիկ  Մի՛թե,  բարով  ես  եկել:

Միթեն  շփոթված  կանգ  առավ. «Այս  պապիկը  որտեղի՞ց  գիտի  իմ  անունը»:

Ծերունին,  զգալով  Միթեի  շփոթմունքը,  ասաց.

-Եթե  աջ  գնաս,  կմոռանս  նպատակդ,  բայց  շատ  հարուստ  կլինես:  Եթե  ձախ  գնաս,  կհասնես  թագավորության,  եթե  ուղիղ  գնաս,  կհանդիպես  չար  կախարդին,  որ  գիշերուզօր  հսկում  է  Արտամետի  խնձորենու  տնկիները:

Առանց  երկար  մտածելու  Միթեն  ընտրեց  ուղիղ  ճանապարհը:

-Վերցրու՛  ծխամորճս  ու  սանրս,  այն  քեզ  ճանապարհին  շատ  պետք  կգա…

Միթեի  սրտի  ջերմությունից  երկար  ու  ձիգ  տարիներ  ցավից  ու  կարոտից  քարացած  թռչունները,  ծառերը,  անտառները  միանգամից  արթնացան.

-Մենք  քեզ  երկար  ենք  սպասել, Մի՛թե,  բարով  ես  եկել  քո  պապերի  տուն:  Մի՛թե,  մի՞թե  եկել  ես  մեզ  տուն  տանելու:

Ի՜նչ  հրաշալի  է,  –  երգում  էին  թռչունները:

-Ի՜նչ  հրաշալի  է,  –  պարում  էին  լեռները:

-Ոնց  որ  հեքիաթում,  –  ծփում  էին  անտառները:

-Ուու՜ու՜,  այս  ո՞վ  է  համարձակվել  խախտելու  իմ  թագավորության  սահմանները,  ուու՜ու՜,  –  ոռնում  էր  չար  կախարդը:

Միթեի  մարմնով  սարսուռ  անցավ.  նա  շատ  մոտ  զգաց  կախարդի  շունչը: «Մի՞թե  ես  վախենում  եմ»,-  անցավ  Միթեի  մտքով: Նա  գրպանում  շոշափեց  ծխամորճն  ու  սանրը,  ծնկեց  ու  համբուրեց  հողը  և  զգաց,  որ  երակներն  ուռչում  են,  որ  սիրտն  արագ  է  բաբախում:

-Վառի՛ր  ծխամորճը,  Մի՛թե, –  հուշում  էին  թռչունները,  –  շո՛ւտ  արա:

Միթեն  փակեց  աչքերն  ու  պարզ,  շատ  պարզ  տեսավ  Վահագն  Վիշապաքաղին,  Ավարայրի  Վարդանին:  Իսկ  մոտիկ,  շատ  մոտիկ  Մեժ  ու  Փոքր  Մասիսներն  էին`  ուս  ուսի  տված,  ուսերին  լավաշներ,  փեշերին  խավրծիլ,  որ  Միթեին  ծանոթ  իր  մանկության  պես  ծանոթ  մի  պար  էին  պարում: Միթեն  կռացավ  ու  մի  խավրծիլ  պոկեց:

-Դասարանում  հաստատ  պետք  կգա, –  անցավ  Միթեի  մտքով:

Միթեն  վառեց  ծխամորճը, և ամեն  ինչ  պատվեց  թանձր  մշուշով:  Օգտվելով  մշուշից`  Միթեն  քաշեց  հանեց  խնձորենու  փոքրիկ  տնկիները  ու  փախավ:

-Չե՛մ  տա, – գոռում  էր  կախարդը, – սրանք  իմն  են,  իմն  են  խնձորենիները,  իմն  է  այս  թագավորությունը` վկա երկնքում լուսնի  մահիկը,  վկա` պատվական  մորուքս…

-Միթեն  շնչակտուր  վազում  էր:  Թիկունքում  քառատրոփ  լսեց:

-Չեմ  հասցնի,  –  վախեցավ  Միթեն  ու  հետ  նայեց:

Թռի՛ր մեջքիս,  մարդկային  լեզվով  խոսեց  թևավոր  ձին,-  ես  Պեգասն  եմ,  ամուր  բռնվիր  ու  պինդ  կաց:  Չար  կախարդը  իր  զորքով  գազազած  գալիս  է…

Միթեն  թռավ  ձիու  մեջքին  ու  թեթևացած  շունչ  քաշեց:

-Նետի՛ր  սանրը, –  նորից  խոսեց  ձին:

Միթեն  նետեց  սանրը,  ու  նրանց  թիկունքում  անանցանելի  ու  խիտ  մացառներ  աճեցին: Միթեն  չէր  հասցրել  աչքը  թարթել,  մեկ  էլ  ձին  խոսեց.

-Տեղ  հասանք,  իջիր՛:  Բրաբիոնից  հյուսված  այս  դրասանգը  քեզ  համար  է,  հանիր՛  վզիցս,  ու  ոչ  մի  բանից  մի՛  վախենա,  դժվար  պահերին  ես  միշտ  քո  կողքին  կլինեմ,  չէ՞  որ  դու  հրաշալի  տղա  ես,  մնաս  բարով,  –  ասաց  ձին  ու  անհետացավ:

Միթեի  աչքերում ուրախության  ու  երախտագիտության  արցունքներ  հայտնվեցին:

Նա  զգուշությամբ բացեց  իրենց  տան  դուռը:

-Ես  բերեցի  տնկիները,  մայրի՛կ,  –  ասաց  Միթեն  դողդողացող  ձայնով:

Մայրը  գրկաբաց  ընդառաջ  եկավ.

-Ես  գիտեի,  ես  վստահ  էի,  ես  համոզված  էի…

Միթեն  տխրեց:  Նա  շատ  կուզեր,  որ  իր  հեքիաթն  էլ  ավարտվեր  աշխարհի  բոլոր  հեքիաթների  նման,  այսինքն  երկնքից  3  խնձոր  ընկներ`  մեկը`  ասողին,  մեկը`  լսողին,  մեկն  էլ  գիշերուզօր  անդադար  երազողին:

 -Համբերի՛ր, տղա՛ս,  ա՛յ  կմեծանաս, ետ  կբերես պապերիդ  երկիրը  ու  էն  ժամանակ երկնքից ոչ թե երեք, այլ բյուր-բյուրավոր խնձորներ  կընկնեն,  համբերի՛ր,  տղա՛ս…

Մհեր Մկրտումյան

 12 տարեկան

 Տավուշի  մարզ, գյուղ Գետահովիտի  միջնակարգ  դպրոց

6 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Շատ անուշիկ, քաղցր և խիզախ հեքիաթ էր: Ապրի Մհերը: Երևում է, որ նա շատ հայրենասեր է և ունի մեծ երևակայություն: Անկեղծ ասած, սկզբից ինձ թվաց հեղինակը տարիքով ավելի մեծ է: Նորից ապրի Մհերը. նա շատ շնորհալի ու քաջ տղա է 🙂

Comments are closed.