# 46 ՀԵՔԻԱԹ. «ՄԵԾ ՍԵՐԸ»


Հեքիաթ մեծ սերը

Լինում է, չի լինում Ֆորտիս անունով մի աստղ է լինում: Նա այնքան ուժեղ և գեղեցիկ էր, որ բոլոր տղա աստղերը նախանձում էին նրան, իսկ աղջիկները խենթանում էին նրա սիրուց: Լուսաշող աղջիկ աստղերը ամեն ինչ անում էին, որպեսզի գրավեին նրա սիրտը:

Բայց Ֆորտիսի սիրտը պատկանում էր ուրիշին: Նա սիրում էր Պուլքեր անունով մի շատ գեղեցիկ ծաղկի:  Պուլքերը գիտեր այդ մասին  և  նույնպես սիրում էր նրան:

Բայց,ավա՜ղ, նրանց միջև կար մի ահռելի տարածություն, որ բաժանում էր սիրահարներին իրարից: Նրանք անհաս սիրահարներ էին: Երկուսն էլ ապրում էին՝ միմյանց մասին երազելով, և հավատում էին, որ մի օր կլինեն միասին: Ամեն անգամ, երբ բացվում էր առավոտը, ծաղկի մով աչքերին արցունք- ցող էր երևում, դա նրա սիրտն էր, որ լալիս էր իր  հեռացած աստղի համար: Ամբողջ օրը նա տխուր նայում էր երկնքին՝ հավատալով, որ Ֆորտիսը այնտեղից թաքուն-թաքուն նայում է իրեն, թեև,իհարկե, տեսնում էր, որ սիրեցյալը երկնքում չէ: Իսկ երբ գալիս էր գիշերը, Պուլքերը չէր քնում. իր կարոտն էր առնում Ֆորտիսից՝  անհագ նայելով նրան:

Մի օր էլ Ֆորտիսը չի դիմանում և ասում է.

—էլ ինչո՞վ եմ ես ուժեղ, որ չեմ կարող գնալ իմ աննման Պուլքերի մոտ, իմ կյանքը գեղեցկացնողի մոտ: Ես գիտեմ, որ նա ինձ սիրում է և միշտ իմ մասին է մտածում, էլ ինչու՞ չեմ խիզախում ու գնում նրա մոտ: Երբ գնամ այնտեղ, էլ ետ չեմ դառնա այս անիրավ ընկերներիս մոտ: Նրանք ինձ չեն սիրում:

Իսկապես որ շատ չարն էին Ֆորտիսի ընկերները, նրանք միշտ բամբասում էին և ծաղրում  նրա սերը: Իսկ երբ լսում են այս խոսքերը, մտածում են, թե ինչ անեն, որ նա չկարողանա գնալ Պուլքերի մոտ: Հաջորդ գիշեր աստղերը շրջապատում են Ֆորտիսին և նրա ուշադրությունը գրավում  իրենց պատմություններով: Եվ այսպես շարունակ:

Իսկ Պուլքերը օրեցօր ավելի էր հյուծվում ու մաշվում: Նրա դեմքը միշտ գունատ էր, սիրտը՝ միշտ տխուր: Պուլքերը շարունակ տենդի մեջ էր.

—Ա՜խ, ինչպե՞ս անեմ, որ Ֆորտիսի մոտ գնամ, ես սիրում եմ նրան: Ինչու՞, ինչու՞ չեմ կարող գրկել նրան գոնե մեկ վայրկյանով: Միթե՞ նա ինձ չի սիրում, ինչու՞ ինքը չի գալիս ինձ մոտ, ինձ չի՞ կարոտում: Ա՜, նա ինձ չի սիրում, չի սիրում, ես գիտեմ: Նա ինձ խաբեց,  իմ սիրտը կոտրեց:

Այսպես  օր օրի Պուլքերի վիճակը ավելի էր վատանում, իսկ  ընկերուհիները թաքուն ծիծաղում էին նրա վրա և  սուտ-սուտ  բաներ էին ասում ու ավելի ծանրացնում նրա հոգին:

—Գիտե՞ս, որ քո սիրելի Ֆորտիսը վաղուց մոռացել է քեզ, —ասում էր նրանցից մեկը:

—Այո՛, դու ճիշտ ես, ես  իմացել եմ, որ նա հիմա ուրիշ աստղի հետ ընտանիք է կազմել: Խորհուրդ եմ տալիս մոռանալ նրան: Նա երբեք էլ քեզ չի սիրել: Դու կարող էիր հասկանալ դա ավելի շուտ: Ինչպե՞ս կարող էր նա քեզ նմանին սիրել,-ասում էր մեկ ուրիշը:

Եվ այսպես այդ չարախոսները կեղեքում էին Պուլքերի հոգին ու սիրտը:

Մի օր էլ  Ֆորտիսը, նայելով ներքև, տեսնում է, որ Պուլքերի չքնաղ աչուկներն  այլևս վեր չեն նայում.նա խոնարհել է նրբագեղ գլխիկը   և կծկվել:  Այդ ժամանակ Ֆորտիսը հասկանում է, որ  վիրավորել է Պուլքերի զգայուն սիրտը: Իրեն կորցրած Ֆորտիսը խենթի նման նետվում է ցած: Երբ Պուլքերը տեսնում է Ֆորտիսին, երջանկությունից մարում է նրա գրկում: Աստղի ջերմ շունչը արթնացնում է Պուլքերին ծանր թմբիրից, և նրանք ամուր գրկում են միմյանց:

Այսպես նրանք ապրեցին երկա՜ր, շա՜տ երկար: Այս պատմությունը  շատ բան սովորեցրեց նրանց չար ընկերներին՝ դարձնելով բարի ու գթասիրտ:

Նաիրուհի Թովմասյան

14 տարեկան

ք. Երևան, «Այբ» ավագ դպրոց

Մեկնաբանություններ

# 46 ՀԵՔԻԱԹ. «ՄԵԾ ՍԵՐԸ»

log in

reset password

Back to
log in