# 50 ՀԵՔԻԱԹ. «ԸՆԿԵՐՆԵՐԸ»


Հեքիաթ ընկերները

Էժուն մոտեցավ մորը  ու գրկեց նրան:
-Մտքիդ մի բան կա, ասա’, ի՞նչ ես ուզում,- հարցրեց մայրը`փորձելով խիստ երևալ:
-Մա՛մ,այսօր այն օրն է, հիշու՞մ ես, պիտի  ընկերներով գնանք արշավի:
Մոր դեմքով ստվեր անցավ, անհանգստություն ցույց տվեց, բայց  հիշեց, որ որդին արդեն  մեծ է,համարյա տղամարդ , ինքն  էլ  խոստացել  էր  թողնել, եթե  ամբողջ շաբաթ  բարձր գնահատականներ տուն բերեր: Տղան  այդպես էլ արել էր,ամբողջ յոթ օր շշմեցրել էր ուսուցիչներին: Մայրը գիտեր  պատճառը և չէր զարմացել,բայց ափսոսում էր,որ որդին միայն խոստումների դեպքում էր լավ սովորում:Ինչ արած,խոստացել էր և խոստումը պիտի կատարեր:

Հաջորդ օրը վաղ առավոտյան  մի քանի դպրոցական ընկերներով ճամփա ընկան:Շղեքլիս լեռն էին բարձրանալու: Բարձրանալը երկար տևեց,և արդեն կեսօր էր,երբ հասան գագաթին: Վրան խփեցին և կրակ վառեցին,որ չմրսեին և կարտոֆիլ  խորովեին,քանի որ շատ սոված էին:Կրակը թեժացավ ևանհամբեր տղաները իրենց հետ բերած կարտոֆիլները նետեցին կրակի մեջ:Հանկարծ երկինքը մլայլվեց,և հորդառատ անձրև սկսվեց: Բոլորը վազեցին վրանը:Մեկ ժամ անցավ,իսկ անձրևը չէր դադարում,ամպերն էլ ավելի էին կուտակվում:

Էժուն որոշեց գնալ խարույկի մոտ և գոնե կիսաեփ կարտոֆիլները բերել ,որ ուտեն և քաղցած չմնան: Մի կտոր հաց վերցրեց,կծեց,հետո դրեց գրպանը և դուրս եկավ:
Չնայած դեռ երեկո չէր,բայց դրսում այնպես մութ էր,որ Էժուն չհամարձակվեց ոտքը առաջ գցել,բայց,ախր, ընկերները հույսը իր վրա էին դրել և վախը զսպելով`դուրս եկավ:Մոտավորապես գիտեր հանգած խարույկի տեղը և առաջ անցավ:Կույրի պես գնաց-գնաց, բայց ոչ մի տեղ չգտավ այն: Հետո շրջվեց,որ հետ դառնա.գուցե անցել էր:

Մի քայլ արեց, և սարսափը պատեց նրան.ո’չ վրանն էր երևում,ո’չ էլ խարույկը կար:Ուզեց գոռա,ընկերներին կանչի, բայց ամաչեց,ի՞նչ կմտածեին իր մասին:Մի փոքր էլ առաջ գնաց և հանկարծ գետինը սահեց ոտքերի տակից ու ընկավ:
Երբ ուշքի  եկավ,պառկած էր փոսի մեջ,ոչ ոք չկար:Մութ չէր: Վեր կացավ,նայեց շուրջը ու տեսավ,որ շատ խորը փոսի մեջ է: Ձայն տվեց , բայց լսող չեղավ:Փոս էր,բայց կարծես ճանապարհ կար:Ամպեր չկային,անձրև էլ չկար:Էժուն քայլեց առաջ`քիչ-քիչ արագացնելով քայլերը: Երկար վազում էր անծանոթ տեղերով,երբ վերջապես աստիճանների նման մի բան տեսավ:Բարձրացավ դրանցով և տեսավ հեռվում երևացող մի քաղաք,որը  իրենց քաղաքին նման չէր: Ոտքերը իրեն չէին ենթարկվում,զգաց,որ քաղցից ու վախից ուժասպառ է եղել: Հիշեց  գրպանի հացը,հանեց ,ուզեց ուտել,հանկարծ անսպասելի առջևը հայտնվեց մի շուն,որ վիզը ծռած Էժուին էր նայում: Հասկացավ,որ շունն էլ է սոված և հացը նրան տվեց:Մի քիչ էլ գնաց և ուշաթափվեց:

Այս անգամ, երբ աչքերը բացեց,մենակ չէր.մի տղա ու  աղջիկ  էին կանգնած կողքը և ժպտալով նայում էին իրեն: Ավերակի նման մի տեղ էր,ամեն ինչ թափթփված էր,զանազան արկղեր էին շուրջը: Էժուն հարցրեց.
-Որտե՞ղ եմ ես,ինչ տեղ է սա:
-Մենք քեզ գտանք գետնին ընկած,այստեղից քիչ հեռու և բերեցինք այստեղ,երևի քաղցած ես,կեր այս ուտելիքը,-ասաց տղան և դեմ տվեց մի աման,որի մեջ քաղցրաբլիթի նման մի բան էր:

Էժուն կերավ,իսկ նրանք հարցուփորձ էին անում, թե ո՛վ է,ու՛ր է գնում և այլն:Երբ իմացան,թե ինչ էր եղել տղայի հետ,բոլորովին չզարմացան:Խոստացան օգնել շուտ գտնելու  մորը:Նրանք պատմեցին իրենց մասին,որ ծնողներ չունեն,գողություն են անում և ապրում ավերակում:Տղայի անունը Լարկ  էր,իսկ աղջկանը`Վանեթ:Լարկը ասաց նաև,որ քիչ առաջ Էժուի կերած քաղցրաբլիթը նույնպես գողացված էր:Էժուն վատ զգաց իրեն,չէ՞ որ երբեք գողություն չէր արել:Բայց մի  փոքր անց մոռացավ այդ մասին,երբ մտածեց իր մոր ու կորցրած դասընկերների մասին:Վանեթը նստեց նրա կողքը և ասաց.

-Վաղը քեզ կուղեկցենք քո քաղաք,այսօր ուշ է,մութը շուտով կընկնի,իսկ մենք շատ  հոգնած ենք:
-Ինչու՞,ի՞նչ եք արել,որ շատ եք հոգնել:
-Դե,արդեն ասացինք,չէ՞,որ գողություն ենք անում:Այսօր ստիպված էինք ամբողջ քաղաքի շուրջը վազելով փախչել,որովհետև մի մթերքի մեքենա թալանելիս մեզ նկատեցին, և մենք մեր տեղը չմատնելու համար ուրիշ կողմերով մի կերպ մոտեցանք մեր ապաստարանին ու քեզ գտանք ուշաթափ գետնին ընկած:Քեզ այստեղ քարշ տվեցինք, և ահա հոգնած ենք:
-Հա՜,հիմա հասկացա:Ուրեմն վաղը կտեսնե՞մ  մերոնց:
-Գուցե:Հույսդ մի կտրիր,իսկ հիմա քնելու ժամն է:

Վանեթը հեռացավ,ու Էժուն հասկացավ,որ ամեն ինչ այդքան հեշտ չէ:Մի հնամաշ հագուստի վրա գլուխը դրեց և երկար ժամանակ չէր կարողանում քնել:Միայն լուսադեմին աչքերը փակվեցին,բայց կարճ ժամանակով,որովհետև գոռգոռոցներ լսվեցին, և նա վեր թռավ:Մեկը բարձր ասում էր.
-Այստեղ էլ մեկը կա,եկեք:
Մի քանի մարդիկ շրջապատել էին նրանց ապաստարանը:Էժուն տեսավ Լարկին ու Վանեթին,որոնք անհանգիստ իրենց շուրջն էին նայում:Հանկարծ նրանք փախան մի պատի վրայով,իսկ այդ մարդիկ չկարողացան բռնել ճարպիկ երեխաներին:Էժուին բռնեցին:Նրանցից մեկը ասաց.

-Դու մեզ կասես,թե որտեղ կարող են թաքնվել քո գող ընկերները,այլապես վերջդ կգա:
-Ես նրանց ընկերը չեմ և գող էլ չեմ:
-Հա,բա ոնց,մենք էլ հավատացինք,հիմա քեզ ոստիկանություն կտանենք ու դու ամեն ինչ կխոստովանես:
-Ճիշտ եմ ասում,ես նրանց հետ կապ չունեմ,-ասաց Էժուն և պատմեց գլխին եկածը:
Հռհռոց լսվեց, և բոլորը ծիծաղեցին:
-Մեզ  ձե՞ռք ես առնում:
Էժուն ավելի համոզվեց,որ ամեն ինչ հեշտ չէ:
-Ազնիվ խոսք,չեմ խաբում:
-Հիմա՛ր տղա,կարծում ես կհավատանք քո ցնդաբանություններին,ոչ՛ քո ասած լեռը կա,ո՛չ էլ քաղաքը ,ուզում ես գիժ ձևանալ և խուսափել պատժից:Ձեր խմբին վաղուց են փնտրում և ամբողջ քաղաքով:Դու կասես ընկերներիդ տեղը և կստանաք արժանի պատիժ:

Էժուն հույսը կորցրեց,համոզվեց,որ նրանք իրեն օգնել չեն կարող,միայն կխանգարեն տուն վերադառնալուն  և երբ մոտեցան բռնելու,փախավ նրանց արանքով:Երկար թափառում էր, մինչև որ մեկը ձայն տվեց :Շուռ եկավ և տեսավ Վանեթին,որը ձեռքով իրեն էր կանչում մի քիչ հեռվում կանգնած:Էժուն չգիտեր`ուրախանա՞ր,թե՞ տխրեր,նրա համար ամեն ինչ անհասկանալի էր: Մոտեցավ նրանց:Լարկը մատը դրեց շուրթերին և ցույց տվեց մի այգու ուղղությամբ,որտեղ մի ծերունի կռացած մրգեր էր դասավորում արկղի մեջ:Էժուն հասկացավ,թե ինչ են ուզում անել նրանք և հայացքով   արգելեց:Հետո արագ մոտեցավ ծերունուն և բարևեց:Ծերունին չզարմացավ նրան տեսնելով,կարծես վաղուց գիտեր ու սպասում էր նրան:Տուն տարավ նրան և ասաց,որ կարող է հրավիրել նաև իր ընկերներին:Էժուն կանչեց  տղային ու աղջկան,ու բոլորով սեղան նստեցին,կուշտ կերան տանտիրոջ համեղ ճաշը,հետո ամեն մեկը պատմեց իր հետ կատարված դեպքեր:Որոշ ժամանակ անց  ծերունին ասաց.

-Հիմա ինքներդ որոշեք,կարող եք մնալ այստեղ,ինձ օգնել,իսկ ես ձեզ կկերակրեմ:
-Մենք կմնանք,-ասացին բոլորը միաբերան:
-Շատ լավ,դե անցեք գործի,աշխատանք շատ կա:Տղաները փայտ կկոտրեն,իսկ աղջիկը ամաները կլվա:
-Բայց ես չգիտեմ:
-Կսովորես,-ժպտալով ասաց ծերունին:

Բոլորը աշխատում էին:Ճիշտ է,Լարկը մի անգամ կացինով հարվածեց ձեռքին,իսկ Էժունն էլ կացինը գցեց ոտքին,բայց ամեն ինչ հաջող անցավ:Երեկոյան փայտը կոտրած,դարսված էր,տունը մաքուր էր,ամաները լվացված:Վառարանին թեյ դրեցին, և ծերունին սկսեց պատմել զանազան պատմություններ`բորբոքելով երեխաների երևակայությունը քաջ,անվախ ու ազնիվ մարդկանց մասին պատմություններով:Հաջորդ օրերին երեխաները ուրիշ առաջադրանքներ էին ստանում,և իրենք էլ զարմանում էին,թե ինչպես էին կարողանում անթերի կատարել.չէ՞ որ առաջ երբեք այդ գործերից չէին արել:Մի երեկո էլ ծերունին ասաց.

-Հիմա ամեն ինչ գիտեք և նույնիսկ կարող եք ինքնուրույն ապրել` առանց գողություն անելու:
Ծերունին մի տեսակ տարօրինակ էր այդ երեկո:Նա նայեց Լարկի,Վանեթի կողմը և ասաց.
-Դուք տուն ունեք,ձեր ծնողները տունը ձեզ են թողել,դուք պիտի գտնեք ձեր տունը և ապրեք այնտեղ: Միայն թե երբեք չպետք է գայթակղվեք իշխանությամբ:Նրանք լավ չհասկացան,թե դա ինչ է նշանակում, և թե որտեղից գիտեր խորհրդավոր ծերունին իրենց ծնողներին,բայց չհասցրին հարցնել, որովհետև ծերունին նայեց Էժուին և ասաց.
-Իսկ դու երբեք չպետք է կորցնես քո հոգին,ինչպիսին կաս,այդպիսին էլ մնաս:

Ասաց և խնդրեց բոլորին գնալ քնելու:Երեխաները լուռ հեռացան`մտածելով նրա ասածների մասին:Որոշեցին հարցեր տալ առավոտյան: Երբ լույսը բացվեց,տեսան,որ ծերունին չկա,կարծես չքացել էր: Չկար նաև տունն ու այգին:Նրանք բաց երկնքի տակ էին:Տխրեցին և ճամփա ընկան`չիմանալով ուր գնալ:Հիշեցին ծերունու խոսքերը:Մտածեցին դրանց մասին և չիմացան ինչ ասել:

Իրենք էլ չիմացան,թե ինչքան էին քայլել,երբ նրանց առջև հանկարծակի հայտնվեցին բարձր պարիսպներով դարպասներ:Ներս մտան և տեսան մի շքեղ պալատ,որ շուրջը զինվորներ էին շարված:Պալատի ներսում նույնպես կային զինվորներ,իսկ խորքում գահ կար,որի վրա ոչ ոք չկար նստած:Լարկը մի զինվորի հարցրեց.

-Ինչու՞ գահին ոչ ոք  չկա,որտե՞ղ է ձեր թագավորը:
-Մենք թագավոր չունենք:Ով որ նստի այս գահին,նա կդառնա մեր թագավորը,և կանենք,ինչ նա հրամայի:
-Մի՞թե  ընդամենը պետք է նստել գահին ու վերջ:
-Այո՛,բայց նա էլ չի կարող վեր կենալ այդ գահից,ամբողջ կյանքում կգամվի գահին:
-Ես պետք է փորձեմ դա,միշտ էլ երազել եմ  հրամաններ տալ,-ասաց Լարկը իրեն կորցրած:

Էժուն փորձեց հետ պահել նրան,բայց չկարողացավ:Լարկը նստեց գահին, և պալատականները անմիջապես շրջապատեցին նրան`պատրաստ կատարելու նրա հրամանները:Նա հրամայեց ուտելիք բերել:Հրամանը կատարվեց,և ուտելիքներով սեղանը մոտեցրին թագավորին:Նա խժռեց ուտելիքները` առանց հիշելու ընկերներին,որոնք դռան հետևում կանգնած,ապշած նայում էին նրան:Լարկը հանկարծ նրանց նկատեց և հրամայեց բռնել ու բանտը գցել:Լավ է,որ հասցրին գլուխները պրծացնել ու հեռու փախչել:Երբ բավականին հեռացել էին,Էժուն գլուխը օրորեց և ասաց.

 -Նա սխալ որոշում կայացրեց,ծերունին էլ էր այդ մասին զգուշացրել:
-Այո՛,նա երևի էլ չի կարող այնտեղից վեր կենալ և շուտով իրեն դժբախտ կզգա:
Մի քանի օր անցավ:Նրանք սնվում էին ինչով պատահեր և քայլում էին կարծես ոչ իրենց կամքով:Մի օր դաշտում տեսան հսկայական վանդակներ:Դրանց մեջ գազաններ էին փակված,որոնք կատաղած այս ու այն կողմ էին շարժվում,մռնչում,ոռնում,իրար ճանկռում:Վախվխելով մոտեցան վանդակներին ու տեսան, որ տարբեր կենդանիներ կային,և բոլորն էլ գազազած տեսք ունեին:Հանկարծ մի ձի մարդկային լեզվով դիմեց երեխաներին .
-Հանե՛ք մեզ այստեղից: Ով որ բացի մեր վանդակների դռները,նա կդառնա մեր տիրակալը:
Վանեթի աչքերը պսպղացին,և հարցրեց.
-Այդքան բա՞ն,ու կարող եմ հրամայել ձեզ`ի՞նչ ուզեմ:
-Ի՛նչ ուզես,միայն թե մեր ուտելիքի հարցը հիմա դու պետք է լուծես,այլապես սովից կատաղած  պատրաստ ենք իրար գզել:Մեզ կերակրելուց հետո կարող ես հրամայել ամեն բան, և իսկույն կկատարվի:

Վանեթը առանց երկար մտածելու վազեց վանդակները բացելու:Էժուն այս անգամ էլ փորձեց ուշքի բերել Վանեթին,արդեն ուշ էր,վանդակները բաց էին, և կատաղած գազանները գռմռում էին իրենց տիրուհու շուրջը:Նա անհանգստացած հրամայեց հեռանալ իր կողքերից,բայց նրան չհեռացան:Վանեթը հիշեց նրանց կերակրելու պայմանը և նայեց Էժուին:Էժուն նման բան չէր սպասում և չհավատաց ականջներին,երբ լսեց.
-Բռնե՛ք և խժռե՛ք նրան:

Ու տեսավ իրեն ուղղված ձեռքը:Մի ակնթարթում գազանները շրջապատեցին Էժուին և ախորժակով նայում էին նրան:Հանկարծ նրանց միջից մի շուն առաջ եկավ և շուռ գալով երախը բացեց ու գռմռաց գազանների վրա:Էժուն հետ-հետ գնաց և փախավ,իսկ շունը շարունակում էր գռմռալ ու արգելել գազաններին հետապնդել տղային:Շնչակտուր փախավ այդ սարսափելի տեղից`ուշքի չգալով կատարվածից:Մտածում էր,թե այդ շունը ինչու՞ փրկեց իրեն, և թե ի՛նչ եղավ դրանից հետո: Սարսափելի հոգնած էր,պառկեց և քնեց:Ինչ-որ մեկը ձայն էր տալիս`Էժու՜,Էժու՜…

Աչքերը բացեց և զարմացած նայեց շուրջը:Դասընկերներն էին,որոնք  վախեցած նրան  էին  նայում:Նա պառկած էր վրանի մեջ:
-Ի՞նչ է պատահել,ինչու՞ եք այդպես զարմացած նայում ինձ,-հարցրեց Էժուն:
-Մե՞զ ես հարցնում:Այդ մենք պետք է քեզ հարցնենք,թե ու՛ր էիր կորել,ի՛նչ էր պատահել,գնացիր դուրս ու կորար,միայն առավոտյան քեզ գտանք ու շատ վախեցանք,որովհետև անգիտակից էիր:
-Հա՜,հոգնած էի,չհամբերեցի,հենց դրսում էլ պառկեցի ու քնեցի:Դուք էն ասեք`կարտոֆիլները եփվե՞լ են,քաղցած մեռնում եմ:
-Եփվել են,էն էլ ո՜նց…,-ծիծաղեցին ընկերները,-խելա՛ռ:
-Ինչ լավ է,որ լա՛վ ընկերներ եք,նրանց պես չեք:
-Ու՞մ:
-Հե’չ,- ասաց նա ու իրեն շոշափելով`ուրախ ավելացրեց,-հոգիս չեմ կորցրել,չէ՞…

Մարիամ Կարապետյան

12 տարեկան

Գեղարքունիքի մարզ, գյուղ Մադինա

Մեկնաբանություններ

# 50 ՀԵՔԻԱԹ. «ԸՆԿԵՐՆԵՐԸ»

log in

reset password

Back to
log in