ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ. ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՆԵՐ


Մանկական ԵվրատեսիլԱրդեն ավարտվել են Մանկական Եվրատեսիլ 2011-ի նախապատրաստական աշխատանքները: Հայաստանը լիովին պատրաստ է նշելու եվրատեսիլյան մեծ տոնը: Այսօր` դեկտեմբերի 1-ին, համալիրի մամուլի կենտրոնում տեղի ունեցավ նաև Մանկական Եվրատեսիլ 2011-ի հատուկ հյուր Սիրուշոյի մամուլիասուլիսը:

Նոյեմբերի 30-ին Սիրուշոն իր առաջին փորձն է անցկացրել Եվրատեսիլի բեմում, նա կատարելու է «Քելե քելե» երգի փոփոխված տարբերակը: Այն հարցին, թե ինչու է հենց այդ երգն ընտրել, երգչուհին պատասխանեց. «Այս երգն ընտրեցի, քանի որ Եվրատեսիլ է, իսկ «Քելե քելե»-ն հենց դրա խորհրդանիշն է»:

Սիրուշոյի ելույթի ընթացքում լինելու է նաև «Բերդ» պարը. «Օրեր շարունակ ծնողներիս հետ միասին մտածում էի ինչպես ներկայանալ, և երբ հայրս հիշեցրեց, որ միշտ ցանկացել եմ, որ ելույթիս ընթացքում ազգային պար լինի, հասկացա, որ սա լավ հնարավորություն է ցանկությունս իրագործելու համար, հատկապես երբ դիտելու է ամբողջ Եվրոպան», – ասում է Սիրուշոն և ավելացնում. «Երբ երեկ փորձի ընթացքում մի պահ ետ շրջվեցի, հասկացա, որ այն, ինչ երկար ժամանակ իմ մտքում էր, արդեն իրական է. փշաքաղվել կարելի էր»:

Սիրուշոն նաև նշեց, որ ինքը շատ ուրախ է, որ այս մեծ տոնն այս տարի հենց մեզ մոտ` Հայաստանում է անցկացվելու: «Համոզված կարող եմ ասել, մենք հասել ենք բարձունքին: Եվրատեսիլն ամեն երկրում յուրովի է անցկացվում, կարծում եմ՝ մեր ունեցած ջերմությունը, հյուրընկալությունը և  բոլորի ուրախությունը կիսելու պատրաստակամությունը տարբերում է այս տարվա Եվրատեսիլը մյուսներից: Համոզված եմ, որ հայ հանդիսատեսը առանձնակիորեն ակտիվ կլինի և բոլոր մասնակիցներին անխտիր ցույց կտա իր աջակցությունը»:

Մանկական Եվրատեսիլի մասնակիցների երգերից Սիրուշոն լսել է միայն Դալիթայինը, և երգում Հայաստան կանչելու գաղափարն իրեն շատ է դուր եկել, թեև նշում է, որ բոլոր մասնակիցներն էլ շատ լավն են:

Տիգրանուհի Թասլակյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։