facebook

ՀԵՔԻԱԹ. «ԴԺԲԱԽՏ ԿՈԿՈՆ ԿԱՄ ՄԻ ԱՌԱՎՈՏ ՍԱՎԱՆՆԱՅՈՒՄ»


Դժբախտ Կոկոն

Վաղ առավոտ էր, մեղմ քամի էր փչում, արևը դեռ ամբողջովին դուրս չէր եկել, բայց սավաննայում արդեն բոլորն արթնացել էին: Ընձուղտն իր ձագի հետ հանգիստ ծամում էր նարնջենու հյութեղ տերևներն ու պտուղները, առյուծը մռնչալով ուտելիք էր պահանջում, իսկ փղերը լվացվում էին մոտակա գետի ափին: Այդ փղերից մեկը` մի երիտասարդ ու միամիտ մայր փիղ, ուներ փոքրիկ ձագուկ` Կոկոն: Նա ամեն առավոտ լողացնում էր իր ձագին և նարինջներ հավաքում, որպեսզի կերակրի նրան:

Այսպես խաղաղ էր անցնում կենդանիների առօրյան մինչև այն օրը, երբ սավաննա եկան մարդիկ: Սավաննայի կենդանիներից շատերը լսել էին մարդկանց մասին, գիտեին, որ նրանցից միշտ էլ վտանգ պետք է սպասել:

Մարդկանց տեսնելով` կենդանիները վախեցան և մտան անտառ, նրանք թաքնվեցին մարդկանց աչքից հեռու. Մեկը` խոր անտառում, մեկը` թփի տակ, մյուսը` հաստաբուն ծառի փչակում, մեկ ուրիշը թաքստոց ընտրեց սավաննայի բարձր կանաչը: Կոկոն և իր մայրը չթաքնվեցին, քանի որ մայր փիղը դեռևս շատ էր երիտասարդ և վստահում էր նաև մարդկանց` չնայած երբեք առիթ չէր ունեցել հանդիպելու նրանց: Իսկ այդ առավոտ, երբ մայր ու որդի խաղաղ ըմբոշխնում էին սավաննայի վաղորդյան զովը, մարդիկ դուրս եկան ուղիղ նրանց առջև: Կոկոն մի լավ ուսումնասիրեց նրանց: «Այս ի՜նչ հետաքրքիր արարածներ են,- անցավ նրա մտքով,- ունեն գունավոր մաշկ և կարծես դեպի իրենց են գալիս, ձեռքներինն էլ ասես սև կնճիթներ լինեն»: Կոկոն փորձեց մոտենալ. «Կարելի է ծանոթանալ այս հանելուկային արարածների հետ»,- մտածեց նա, սակայն մայրը նրան կտրուկ հետ քաշեց և սկսեց հետ-հետ գնալ. այնքան էլ վստահելի չէին նրանց հայացքները: Մայրը որոշեց արագ հեռանալ` իր հետ քարշ տալով նաև ձագին: Բայց Կոկոյի հետաքրքրությունն անսահման էր: Նա, չնայած հետևում էր մորը, բայց մերթընդմերթ հետ էր շրջվում` նորից նայելու այն անծանոթ արարածներին, որոնցից իր մայրը որոշոց հեռանալ: Ու այն է, ուզում էր շրջվել դեպի սև կնճիթներ ունեցող արարածները, երբ որջ սավաննան թնդաց: Կայծա՞կ ճայթեց, թե՞ ամպը որոտաց. փղիկն այդպես էլ չհասկացավ: Մայրը հանկարծ մի բարձր ձայն արձակեց, կտրուկ շրջվեց ու վազեց ուղիղ դեպի ձագը: Ի՜նչ փոշի, նրա վազքից առաջացել էր ամպի մեծ քուլա… Նա խելագարի պես վազում էրդեպի Կոկոն, մինչդեռ փոքրիկը շվարած կանգնել էր ու չէր հասկանում կատարվածը: Երբ ուշքի եկավ, և շուրջն ամեն ինչ խաղաղվեց, նա տեսավ մորը` գետնին տապալված` աղերսագին հայացքը հառած դեպի երկնքի ծով անեզրությունը: Իսկ զարմանալի արարածներն արդեն բավականին հեռու էին:

Մեռելային լռություն էր: Սավաննայում ոչինչ չէր շարժվում, նույնիսկ Կոկոն շունչը պահած սպասում էր: Երբ անակնկալ վախն անցավ, անվստահ քայլ արեց, մի քայլ էլ, մյուսն էլ, և համոզվելով, որ վտանգ չկա, վազեց մոր մոտ, զննեց նրան, հետո կանգնեց նրա առաջ և հպվեց նրան: Մայրը փակեց աչքերը, և կյանքի վերջին բոցը մարեց նրա մեջ: Ոչինչ չհասկանալով Կոկոն ուժասպառ ընկավ մոր կողքին և քնեց:

Երբ արթնացավ, արդեն կեսօր էր: Տեսնելով, որ մայրը դեռ քնած է, նա փորձեց վազել գետափ, բայց ինչ-որ ուժ նրան մղեց դեպի պառկած մայրը: Ու երբ հասկացավ, որ նա էլ երբեք չի արթնանալու, անսահման ատելությամբ լցվեց դեպի այն զարմանալի արարածները, որոնց հայտնվելը ճակատագրական եղավ իր համար: Կոկոն փաքր էր, նա դեռ չէր հասկացել, թե ինչ է կյանքը, բայց վայրկենական սարսափը և մոր կորուստը նրան ստիպեցին այլ հայացքով նայել աշխարհին: Նա ատեց մարդուն, և աչքերի մեջ փայլատակեցին արցունքի կաթիլները…

Կոկոն վերջին անգամ նայեց մորը և հեռացավ` սրտում ամբարած խոր հիասթափությունն ու թախիծը:

Աշխարհը նրա համար կարծես նույնը չէր, և արևն էլ կարծես ավելի սառն էր նայում սավաննային:

Անետա Բալոյան

11 տարեկան

Անանիա Շիրակացու անվան ճեմարան

Մեկնաբանություններ

ՀԵՔԻԱԹ. «ԴԺԲԱԽՏ ԿՈԿՈՆ ԿԱՄ ՄԻ ԱՌԱՎՈՏ ՍԱՎԱՆՆԱՅՈՒՄ»