ՀԵՔԻԱԹ ԱՐԵՎԻ ՈՒ ԼՈՒՍՆԻ ՄԱՍԻՆ


հեքիաթ արևի ու լուսնի մասին

Շատ տարիներ առաջ կար մի գեղեցիկ աշխարհ: Այնտեղ ապրում էին շատ հյուրասեր և բարի մարդիկ:Երբ երեկոյան նրանք հոգնած տուն էին գնում, նրանց լուսավորում էր Բարությունը` իր փայլփլուն հատիկներով, որոնք աստղիկներ էին կոչվում: Առավոտյան նրանց արթնացնում էր Խաղաղությունը իր ջերմ լույսով: Այսպես` նրանք ցերեկները ապրում էին խաղաղությամբ, իսկ գիշերները` բարությամբ:

Այս աշխարհում ապրում էր մի համեստ, հարգված ու խելացի ընտանիք` նկարիչ հայրը, երաժիշտ մայրը, շիկահեր և գանգրահեր որդին և սևաչյա ու սևահեր դուստրը: Տղայի անունը Արեգ էր և նա շատ նման էր իր մայրիկին: Աղջկա անունը Լուսնյակ էր: Նա էլ նման էր հայրիկին: Նրանք ամենաերջանիկ ընտանիքներից  մեկն էին: Բոլորը հարգում ու սիրում էին նրանց:

Բայց չար ուժերը հանգիստ չունեին: Աշխարհի երջանկությունը սարսափեցնում էր  նրանց: Նրանք մնացել էին անգործ: ԵՎ ահա նրանք  հավաքվեցին ժողովի: Եվ քանի որ նրանք կարողանում էին գողանալ մարդկանց մտքերը, գործի անցան: Մութը պատեց աշխարհին: Նրանք այդ երկիր ուղարկեցին իրեց չար պատվիրատուին Պատերազմ անունով: Եվ նա կատարեց իր չար գործը: Մարդիկ սկսեցին ոչնչացնել իրար: Այդ պատերազմում զոհվեց Արեգի և Լուսնյակի հայրիկը: Նրանք  շատ դժվար էին ապրում առանց հայրիկի: Բայց չար ուժերը շարունակում էին իրենց գործը:

Երեխաները աղքատ էին և սոված: Ոչ ոք չէր օգնում նրանց: Իհարկե, կային շատ լավ մարդիկ, որոնք դեռ չէին վարակվել չարությամբ ու իրենց օգնությունն  էին միշտ առաջարկում: Շուտով վրա հասավ նոր դժբախտություն: Հիվանդացավ նրանց սիրելի մայրիկը: Շատ չարչարվեցին քույր և եղբայր, որ օգնեն իրենց մայրիկին, բայց ոչինչ չօգնեց: Նրանք մնացին միայնակ: Ծանր հիվանդությունը զրկեց նրանց իրենց  սիրելի մայրիկից: Շատ լաց եղան քույր և եղբայր, բայց այլևս ուշ էր:

Մի գիշեր, երբ նրանք ցրտից կուչ եկած, իրար գրկել ու քնել էին, տեսան մի հրաշալի երազ: Հայրիկը և մայրիկը նրանց հետ էին: Մայրիկը իր նուրբ ձեռքերով քնքշորեն շոյեց նրանց և ջերմորեն համբուրեց: Հայրիկը իր ուժեղ ձեռքերով գրկեց նրանց և բարձրացրեց գլխից վերև ու ժպտալով ասաց.«Բռնեք Աստծո ճանապարհը»:

Նրանք արթնացան ռումբերի պայթյունից: Նրանց ականջներում դեռ արձագանքում էին հայրիկի խոսքերը. «Բռնեք Աստծո ճանապարհը»: Քույր և եղբայր չէին կարողանում ուշքի գալ: Նրանք դեռ չէին հավատում, որ դա երազ էր: Դեռ հնչում էին  հայրիկի խոսքերը, դեռ իրեց այտերին զգում էին մայրիկի ջերմ համբույրները: Բայց նրանք պատրաստ էին կատարելու սիրելի հայրիկի պատվիրանը:

Դժվար ճանապարհ էր նրանց սպասվում: Ամեն տեղ ավերածություն, լաց ու տխրություն էր: Մարդիկ չէին լսում նրանց: Նրանք չարացել էին, իսկ նրանց պահապանները` Հույսն ու Հավատը, լքել էին նրանց հոգիները: Տեսնելով Արեգին ու Լուսնյակին՝ Հույսն ու Հավատը մոտեցան և առաջարկեցին ընկերանալ: Դա մի ամուր ընկերություն էր: Հույսն ու Հավատը պաշտպանում էին նրանց ամեն տեսակ հարվածներից: Իսկ քույր և եղբայր կիսում էին նրանց հետ իրենց վերջին ձեռք բերած պատառը: Երկար փնտրեցին նրանք Աստծո  ճանապարհը, բայց կարծես թե այն ոչ եղել էր, ոչ էլ կար: Հաճախ նրանց ճանապարհը կտրում էին չար ուժերը: Նրանք տարբեր տեսակի խորամանկություններով ուզում էին  համոզել երեխաներին, որ հրաժարվեն իրենց ընկերներից: Բայց երեխաները լավ էին հասկանում, որ առանց հավատարիմ ընկերների նրանք կկործանվեն, իսկ նրանց հետ` միշտ կլինեն անհաղթահարելի:

Շատ զրկանքներ կրեցին նրանք, բայց հավատարիմ ընկերները արթուն էին ու միշտ իրենց կողքին: Եվ երբ արդեն Հույսն ու Հավատն էլ էին հոգնել, երևաց մի փայլուն լույս: Արեգն ու Լուսնյակը հասկացան, որ  իրենք շուտով կհանդիպեն Աստծո  հետ: Այդ  պահին Հույսն ու Հավատը գրկախառնվեցին նրանց, համբուրեցին ու ասացին. «Մենք կատարեցինք մեր պարտքը:Մենք այլևս ձեզ պետք չենք: Գնացեք ամենազոր Տիրոջ մոտ, իսկ մենք պետք է ետ վերադառնանք: Դեռ շատ վարակվածներ կան, որոնց կարելի է փրկել»: Այս ասելով, նրանք անհայտացան:  Արեգն ու Լուսնյակը ուզում էին ներկայանալ, բայց Աստված ժպտալով ասաց. «Ես ամեն ինչ գիտեմ: Դուք գտաք ճիշտ ճանապարհը և դրա համար դուք կպարգևատրվեք: Դուք կմնաք այստեղ`ձեր մայրիկի, հայրիկի հետ,  իսկ  իմ հավերժական սիրո լույսը կլինի ձեզ հետ»: Արեգն ու Լուսնյակը երջանիկ էին: Նրանք մոռացան իրենց կրած բոլոր զրկանքների մասին:Նրանք իրենց Աստծո, հայրիկի և մայրիկի հետ էին և ոչինչ նրանց այլևս չէր կարող բաժանել: Ամենուրեք սեր էր ու երջանկություն:

Անցան օրեր: Նրանք դիմավորում և տեղավորում էին շատ փրկվածների:Մի օր Աստված կանչեց նրանց և ասաց.«Սիրելի Արեգ ու Լուսնյակ,պատերազմը վերջնականորեն կավերի աշխարհը և հիմարացած մարդիկ այլևս չեն կարող փրկվել: Հույսն ու Հավատը շատ են հոգնել: Մենք  չենք կարող անգործ նստել: Լույս է պետք աշխարհին և դուք պետք է օգնենք ինձ»:Այլևս ոչ ոք չիմացավ նրանց գաղտնիքը: Այդ մասին գիտեն միայն Աստվածը, Արեգը և Լուսնյակը: Միայն թե հայտնի  է  ,որ Արեգը սկսեց լուսավորել աշխարհը իր սիրով և վերադարձավ Խաղաղությունը, իսկ երբ նա հոգնում ու քուն է  մտնում, գործի է անցնում նրա քույրիկը` սևահեր Լուսնյակը և բարությամբ ու բարության սերմերով քուն բերում մարդկանց:

Օրը  սկսեց բացվել խաղաղությամբ և ավարտվել բարի գիշերով: ԵՎ խաղաղությունը սկսեց  տիրել աշխարհին: Փախան չար ուժերը: Բայց միշտ պատրաստ են վերադառնալու և նոր թափով ավերածություններ ու դժբախտություններ բերելու: Եվ որպեսզի մարդիկ այլևս չվարակվեն չարությամբ ու կուրանան, Հույսն ու Հավատը նրանց պատմում են արևի ու լուսնի հեքիաթը: Նրանք ցանկանում են, որ մարդիկ հասկանան, որ չար ուժերը տեղ չունեն մեր կողքին և, որ մարդիկ պետք է վարակվեն միայն բարությամբ, ընկերանան իրենց հետ, որ աշխարհում վերանան բոլոր անբուժելի հիվանդությունները ու ոչ մի հայրիկ չզոհվի պատերազմի դաշտում :

Գայանե Վաղրամյան

8 տարեկան

Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան

Մեկնաբանություններ

ՀԵՔԻԱԹ ԱՐԵՎԻ ՈՒ ԼՈՒՍՆԻ ՄԱՍԻՆ

log in

reset password

Back to
log in