ԱՄԱՆՈՐՅԱ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ՝ ԴԻԶԱՅՆԵՐ ՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆԻՑ


Նուշ Ղազարյան

Դե ինչ, արդեն ժամանակն է մոռանալ ամեն ինչ և զբաղվել միայն ամանորյա հաճելի հոգսերով: Ամեն տարի որոշում ենք  յուրահատուկ ու տարբերվող շունչ հաղորդել Ամանորին, բայց այդպես էլ  չենք անում: Իսկ այս տարի հաստատ որոշել ենք. ամեն ինչ արտասովոր է լինելու` ամանորյա ուտեստները, ամանորյա ձևավորումը և անգամ տոնածառի խաղալիքները: Քեզ այս հարցում շա՜տ ցանկացավ օգնել դիզայներ Նուշ Ղազարյանը: Տեսնենք ինչ խորհուրդներ է նա մեզ տվել:

«Քանի որ այս տարվա տարերքը ջուրն է, ավելի կիրառելի կլինեն սառը, ծովային գույները և ջրային աքսեսուարները, օրինակ՝ խեցին, ծովային աստղերը, որոնք կարելի է օգտագործել իբրև տոնածառի խաղալիքներ և, ընդհանրապես, դրանցով անել այն ամենն, ինչ մտքներովդ անցնի: Այս տարի վիշապի տարի է, և պետք չէ մոռանալ նաև փոքրիկ արձանիկների մասին (նախընտրելի է՝ ապակուց կամ փայտից):

Բայց մի կարևոր բան. նախքան տան զարդարանքը շատ կարևոր է տունը մաքրել հին իրերից: Այո, ազատվեք հին իրերից, բայց ոչ միայն ֆիզիկապես, ազատվեք նաև բոլոր այն վատ հիշողություններից, որ կապված են դրանց հետ: Մենք սկսում ենք ՆՈՐ ՏԱՐԻ` առանց որևէ վատ հիշողության:

Ամանորյա դիզայն

Տան զարդարանքը սկսում ենք գլխավոր մուտքից. նույնիսկ մի փոքրիկ դեկորը կարող է տոնական տրամադրություն հաղորդել ձեզ և ձեր հյուրերին: Որպեսզի տարբերվեք նաև ձեր բոլոր հարևաններից, առաջարկում եմ դռան վրա ոչ թե փակցնել եղևնու ճյուղեր, այլ հետաքրքիր գրություն` բնութագրող ձեր անսահման երևակայությունը: Ամանորյա գլխավոր, գեղեցիկ, բայց նաև վտանգավոր զարդը մոմն է: Մոմեր կարող եք դնել սկսած հենց նախասրահից: Ձևավորման գույներն ընտրելիս այդքան տատանվել պետք չէ, ավելի ճիշտ կլինի առաջնորդվել տան ինտերիերի գույներով, որպեսզի ամեն ինչ առավելագույնս համահունչ և աչք շոյող լինի:

Ամանորյա դիզայն

Գրեթե բոլորը կարծում են, որ վիշապին բնորոշ է փայլուն, ճոխ ձևավորումը, և հիմնականում նախընտրությունը տալիս են փայլերին, բայց խորհուրդ եմ տալիս փայլերը չչարաշահել ու կենտրոնացնել միայն տոնածառի շուրջ (վիշապը կբավարավի այդքանով էլ, կարծում եմ): Տան դռներն ու պատուհանները  ևս առաջարկում եմ մի փոքր այլ կերպ զարդարել: Եթե դռներն ապակուց են, կարող եք գուաշով կամ ջրաներկով դրանց վրա նկարել փաթիլներ, գուլպաներ, մի խոսքով ամանորյա ամեն ինչ, բայց մայրիկների թույտվությամբ, իհարկե: Իսկ եթե մայրիկների հետ համաձայնության չգաք, կարող եք թղթե փաթիլներով զարդարել:

Ամանորյա դիզայն

Հիմա պատուհանները. եթե հնարավորություն կա ապակիների մեջ որևէ բան տեղադրելու, ապա շա՜տ լավ. բամբակով, եղևնու ճյուղերով, փոքրիկ խաղալիքներով կարող եք ստանալ ձմեռային և տոնական հրաշալի տեսարան: Եվ ամենակարևորը` տոնածառը. դե, իհարկե, դուք գիտեք ինչպես այն զարդարել, պարզապես կրկին հարևաններից և ընկերներից տարբերվելու համար կարող եք խաղալիքներն ինքնուրույն պատրաստել, այսինքն ` handmade: Տանը գտնվող յուրաքանչյուր իր, որ կարող է անպետք թվալ, կարող եք հնարամտորեն օգտագործել և ստանալ տարբերվող ու ուրախ տոնածառ»:

Ահա այսքանը, ժամանակն է գործի անցնելու, իսկ ահա ամանորյա handmade խաղալիքներ պատրաստելու գործում մենք ձեզ շատ շուտով օգնության կգանք:

Զրուցեց՝ Անի Ավագյանը

Մեկնաբանություններ

ԱՄԱՆՈՐՅԱ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ՝ ԴԻԶԱՅՆԵՐ ՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆԻՑ

log in

reset password

Back to
log in