ՁՄՌԱՆ ԱՄԵՆԱԼԱՎ ԽԱՂԱԼԻՔԸ. ՁՆԵՄԱՐԴ


Ձնեմարդ

Ի՜նչ լավ ձյուն եկավ այս տարի: Իսկական ամանորյա հեքիաթ էր: Երանի ձյունը երբեք չվերջանա: Այդ դեպքում կարելի է ամեն շենքի բակում մի ձնեմարդ պատրաստել: Պատկերացնո՞ւմ եք` որքան ուրախ կլինի: Դուրս ես գալիս փողոց ու տեսնում լիքը ժպտացող ձյունե մարդուկների: Չէ, ձնեմարդը հաստատ ձմռան ամենալավ խաղալիքն է և նաև ամենամեծ խաղալիքը:

Իսկ գիտե՞ք, թե որ խելացի մարդն է առաջին անգամ ձնեմարդ պատրաստել: Պարզվում է` նա ոչ միայն խելացի, այլև շատ տաղանդավոր մարդ է եղել` աշխարհահռչակ քանդակագործ Միքելանջելոն (նրա մասին ես քեզ անպայման կպատմեմ, խոսք եմ տալիս` չեմ մոռանա): Իսկ առաջին ձնեմարդը հիմա կլիներ 500 տարեկան, եթե, իհարկե, չհալչեր:

Գիտե՞ք, ասում են` ձնեմարդը բարի հրեշտակ է: Կախարդական ձյունը իջնում է երկնքից ու բարի մարդուկ դառնում: Եթե նրան թաքուն պատմես քո երազանքը, երբ նա հալչի ու երկինք բարձրանա, քո երազանքն էլ իր հետ կտանի, ու այն անպայման կիրականանա:

Ձնեմարդը Ձմեռ պապիկի հեռավոր բարեկամն է ու նրա օգնականը, միայն թե բնակվում է մարդկանց մոտ, խաղում նրանց հետ ու պահպանում նրանց բնակարանները: Այդ պատճառով էլ մարդիկ հենց իրենց տան կողքին են ձնեմարդ պատրաստում: Նրա քթիկի փոխարեն գազար են դնում, գլխին էլ` շրջած դույլ, որովհետև, ասում են, թե դրանք շատ առատ տարի են խոստանում: Իսկ որպեսզի ոչ ձնեմարդը դրսում սառչի, ոչ էլ հանկարծ դուք հիվանդանաք այս տարի, պետք է նրան նաև տաք շարֆով փաթաթել կամ էլ նրա պարանոցից սխտոր կախել. այդպես մեծահասակներն են ասում:

Եվ հենց մեծահասակների խելքն էլ գնում է ձնեմարդ պատրաստելու համար (բա չգիտեի՞ք): Նրանք անգամ մրցույթներ են կազմակերպում, փորձում են պատրաստել ամենամեծ կամ ամենափոքր ձնեմարդը:  Մինչև այսօր նրանց պատրաստած ամենամեծ ձնեմարդը ունեցել է 37 մետր 20 սանտիմետր հասակ` 11-հարկանի շենքից էլ բարձր, պատկերացնո՞ւմ եք: Իսկ ամենապստլո ձնեմարդը 5 անգամ նիհարիկ է մազի հաստությունից: Ի~նչ տարօրինակ մարդիկ են մեծահասակները…

Իսկ մենք եկեք պայմանավորվենք. հենց ձյուն տեղա, բոլորով միասին դուրս կվազենք ու մեր բակերում կպատրաստենք ձմեռային ամենալավ խաղալիքը: Ոչինչ, որ նա շատ մեծ չլինի, կարևորն այն է, որ նա լինի շատ բարի ու ժպտա: Հետո նրա գլխին մի պստլիկ դույլ կդնենք, կփաթաթենք նրան շարֆով ու մենք բոլորս միասին կշշնջանք մեր երազանքները…Կախարդական խաղալիք…

Անահիտ Ալեքսանյան

Մեկնաբանություններ

ՁՄՌԱՆ ԱՄԵՆԱԼԱՎ ԽԱՂԱԼԻՔԸ. ՁՆԵՄԱՐԴ

log in

reset password

Back to
log in