ԱՄԱՆՈՐՅԱ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ


11 shares
Ամանորյա սովորույթները աշխարհում

Ամանորը մոտենում է, իսկ այն տոնելու բազմաթիվ հետաքրքիր ձևեր կան: Ամեն ազգ ունի իր ավանդույթներն ու սովորույթները: Ոմանք ավանդապաշտ են, ոմանք էլ կարևորություն չտալով ավանդույթներին, ամանորը նշում են այնպես, ինչպես իրենք են ուզում:

Ծանոթանանք տարբեր երկրների ամանորյա սովորույթներին.

Անգլիայում Ամանորին մարդիկ իրենց սենյակներում մոմ են վառում, և դնելով լուսամուտի գոգին` նրան պատմում են տարվա ընթացքում կուտակված բոլոր հոգսերի ու վիրավորանքների մասին: Անգլիացիները հավատում են, որ այդ բոլոր անհաջող պահերը մոմի հետ միասին կհալչեն ու կանհետանան:

Շոտլանդացիները նույնպես հավատում են մոմի խորհրդավոր ուժին: Իրենց հյուրերի վերաբերմունքն իմանալու համար տոնական օրերին նրան հրավիրում են վառվող մոմի մոտ: Եթե մոմը հանդարտ է վառվում, ուրեմն հյուրը համակրում է տանտիրոջը, և հակառակը:

Ամանորի նախօրյակին ռումինացիները  պահում են սուր, կտրող գործիքներ: Պատճառն այն է, որ նրանց թվում է, թե մեղավորների հոգիները կարող են իրենց վնասել: Նաև նախընտրում են սխտոր ուտել, քանի որ սխտորի հոտից հոգիները վախենում են:

Ճապոնացիները կարծում են, որ մարդն ունի վեց արատ` ագահություն, չարություն, հիմարություն, կողմնակալություն, թեթևամտություն և անվճռականություն: Դրանցից յուրաքանչյուրն իր տասնութ երփներանգներն ունի, որոնցից հարկ է Ամանորի գիշերը ազատվել: Տաճարների զանգերը մաքրում են հոգիները, ուստի ճապոնացիները կանգնում են դրսում մինչ զանգերի լռելը:

Հետաքրքիր ավանդույթ ունեն նաև մեքսիկացիները: Ամանորին նրանք պատրաստում են «պինյատու»: Այն իրենից ներկայացնում է քաղցրավենիքով լցված 7 կամ ավելի տարաներ, որոնք կախում են բակում: Տոնի թեժ պահին տանտիրոջ նշանով բոլորը դուրս են գալիս, կապում իրենց աչքերն ու սկսում խփել այդ ամաններին` մինչև քաղցրավենիքը թափվի: Այդպես «վերացվում են մեղքերը», իսկ նրան, ում հաջողվում է ջարդել ամանը, Նոր տարին երջանկություն է բերում:

Ամանորի գիշերը գերմանացիները բարձրանում են աթոռի վրա, և ժամացույցի տասներկուերորդ զարկի հետ թռչում… դեպի Նոր տարի: Հույներն էլ վստահեցնում են, որ Նոր տարվա առաջին օրը չի կարելի գոռալ, որևէ բան վաճառել կամ վերցնել, ինչպես նաև սուրճ խմել կամ աղալ, որովհետև «այն դառն է»:

Հունգարացիները հունվարի մեկին լվացվում են նոր մետաղադրամներով: Ֆրանսիայի գյուղական վայրերում էլ հունվարի մեկին գնում են ջրի: Նա, ով առաջինն է գալիս ջրի մոտ` քաղցրեղեն է թողնում: Հաջորդ եկողը վերցնում է այն ու դնում իր բերած բլիթը, և այդպես շարունակ: Կա մի սովորույթ ևս` ֆրանսուհիները Նոր տարին դիմավորում են նոր, կարմիր ներքնազգեստով: Կարծում են, որ դա հեռացնում է չար ու հաշվենկատ տղամարդկանց, փոխարենը՝ հրապուրում է լավերին:

Իսպանացիներն ու պորտուգալացիները նույնպես հետաքրքիր սովորույթ ունեն: Երբ խփում է ժամը 12 – ը, նրանք խաղողի ողկույզից պոկում են 12 հատիկ, և գալիք տարվա 12 ամիսների համար ցանկություններ մտածում:

Բոլորովին այլ է սովորույթը Գվինեայում: Նոր տարվա օրերին մարդիկ փողոց են դուրս բերում փղերին, որոնք խորհրդանշում են հարստություն և հզորություն: Երթն ուղեկցվում է երգով, պարով ու խաղերով:

Էկվադորում էլ հնամաշ հագուստից պատրաստում են ծղոտով լցված խրտվիլակ, բերանին` ծխամորճ, ձեռքին` ձեռնափայտ, և դնում են տան առաջ: Կեսգիշերին սկսում են կարդալ «անցած տարվա կտակը», որում թվարկված են ընտանիքի բոլոր հոգսերն ու ձախորդությունները: Հետո կտակը մտցնում են խրտվիլակի ծոցն ու վառում, հավատալով, որ այն իր հետ կտանի ընտանեկան բոլոր անհաջողությունները:  Դրան հաջորդում է ուրախ խմբապարը:

Ահա այսքանը, իսկ թե ինչպես ենք դիմավորում Ամանորը մենք… Դա հենց մեր ձեռքում է, այնպես անենք, որ այս տարի այն լինի յուրահատուկ, ուրախ ու անմոռանալի և դառնա ամենահեքիաթային Ամանորը ողջ աշխարհում:

 Տիգրանուհի Թասլակյան


Like it? Share with your friends!

11 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։