facebook

ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼՅՈ. «ՍՈՒՐԲ ԾՆՆԴԻ ՀԵՔԻԱԹԸ»


Մի հին ավանդազրույց պատմում է, որ մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը երկար ժամանակ ունեին մտածելու կյանքի և մահվան, մարդկանց ու բնության մասին։

Նրանք տեսան, թե ինչպես Լիբանան եկան Սողոմոն արքայի մարդիկ, և թե ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք մոտիկից տեսան անգամ իրենց երդվյալ թշնամիներին` Եղիա մարգարեին և Իզաբելին: Նրանց ժամանակ էր, որ ստեղծվեց այբուբենը: Ու նրանք անընդհատ զարմանում էին` տեսնելով, թե ինչպես են գույնզգույն կտորներով բարձված քարավաններն անցնում իրենց կողքով:

Եվ գեղեցիկ մի օր այդ երեք մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին: Նրանցից մեկն ասաց.

– Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզեի դառնալ գահ, որին կնստեր աշխարհի ամենազորեղ թագավորը:

– Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:

– Իսկ ինչ մնում է ինձ, – ասաց երրորդը, – ապա կուզեի, որ մարդիկ` ինձ նայելով` ամեն անգամ Աստծուն հիշեին:

Առաջին ծառից փարախ կառուցեցին, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:Անցան տարիներ, ու անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և տարան դրանք:

Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանցից  տախտակներ սարքեցին և դրեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:

Եվ երեք ծառերը սկսեցին տրտնջալ. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ ոք չկարողացավ, ինչպես հարկն է, օգտագործել այն»:

Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կինը հղի էր և այդ գիշեր նա որդի ծնեց ու նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:

Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:

Մանկիկի ծննդից տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը նրանցից մեկը օրհնեց սեղանին դրված հացն ու գինին:

Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչ միայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:

Այդ ընթրիքի  Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը:

Բայց երեք օր էլ  չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված ճակատագիրը. խաչին գամված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն եւ խաչը դարձավ նրա հարության խորհրդանիշը:

Այսպես կատարվեց երեք լիբանանյան մայրիների ճակատագիրը այնպես, ինչպմես դա միշտ լինում է երազանքների հետ: Դրանք կատարվում են, բայց բոլորովին այլ կերպ, քան պատկերացնում ենք:

Պաուլո Կոելյո

Մեկնաբանություններ

ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼՅՈ. «ՍՈՒՐԲ ԾՆՆԴԻ ՀԵՔԻԱԹԸ»

log in

reset password

Back to
log in