ԻՆՉՊԵՍ ՀԱՅՏՆՎԵՑ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏԸ


Ամբողջ օրը մենք վազվզում ենք սուպերմարկետներում, գտնում այն ամենը, ինչ մեզ հարկավոր է ու սայլակներով սլանում դեպի դրամարկղը: Այս բոլոր հարմարություններն այսօր չէին լինի, եթե մի օր ամաչկոտ գյուղացի մի տղայի՝ Ֆրենկ Վուլֆորտի մտքով չանցներ ստեղծել ահա այսպիսի խանութ: Ավելի քան հարյուր տարի առաջ Ֆրենկը բաց արեց առաջին սուպերմարկետը: Իսկ թե ինչու և ինչպես, դա երկար պատմություն է…

Դե ինչ, տեղափոխվենք 19-րդ դարի Ամերիկա… Այստեղ, մի փոքրիկ գյուղակում ծնվել էր Ֆրենկ Վուլֆորտը: Նա իր ծնողների հետ աշխատում էր այգում, հող էր մշակում, խնամում բույսերին: Իսկ մի օր էլ որոշեց փախչել Լանքասթեր կոչվող փոքրիկ քաղաքը: Չունենալով ոչ կրթություն, ոչ մասնագիտություն՝ ամաչկոտ ու կակազող պատանին ընդունվեց աշխատանքի մի խանութպանի մոտ՝ որպես օգնական: Խանութպանն անընդհատ բողոքում էր, որ Ֆրենկը անպետքի մեկն է, ոչնչից գլուխ չի հանում: Իսկ Ֆրենկը դիմանում էր…

Եվ մի անգամ, աշխատանքի ժամանակ Ֆրենկը ուշագնաց եղավ: Խանութի տերը պարզապես կատաղեց: Հայտարարեց, որ իր համբերությունն արդեն հատել է, և միայն վերջին հնարավորությունն է տալիս այդ «սարսափելի աշխատողին» ուղղվելու համար: Նա ահա թե ինչպես որոշեց փորձել Ֆրենկին: Տղան պետք է մի ամբողջ օր խանութի ապրանքները վաճառեր միայնակ: Եվ եթե օրվա եկամուտը մի փոքր անգամ պակաս լիներ ամենօրյա եկամտից, Ֆրենկն անմիջապես հեռացվում էր աշխատանքից:

kid-in-store

Մինչդեռ Ֆրենկը ոչ միայն չէր սիրում միայնակ մնալ խանութում, համոզել ու ներս հրավիրել գնորդներին, գովել ապրանքները կամ սակարկել, այլև պարզապես վախենում էր այդ ամենից: Բայց այլ ելք չկար, և Ֆրենկը այդ օրը վաղ առավոտյան եկավ խանութ…

Այդ ժամանակ դեռ վաճառվող ապրանքների վրա գին չէր փակցվում: Երբ ներս էր մտնում գնորդը, «հմուտ» վաճառողն անմիջապես հասկանում էր, թե ինչ հաստություն ունի գնորդի դրամապանակն ու համապատասխան թիվ էր հայտնում: Բացի այդ գնորդը ապրանքը կարող էր տեսնել միայն վաճառողի մեջքի ետևում, ձեռք տալ, ուշադրությամբ զննել նա կարող էր միայն գնելուց հետո:

Բայց Ֆրենկը, չցանկանալով ամեն անգամ կրկնել նույն ապրանքի գինը և սակարկել, վերցրեց ու թղթի կտորներ փակցրեց յուրաքանչյուր ապրանքի վրա՝ վրան գրելով այն գումարը, մինչև որը կարելի էր թույլ տալ գնորդին սակարկել: Իսկ պահեստում մնացած ողջ ապրանքը նա բերեց ու լցրեց մի մեծ սեղանի վրա և վրան էլ ցուցանակ դրեց՝ «Ամենը՝ 5 ցենտով»: Եվ ապրանքը, և ցուցանակը հիանալի երևում էին պատուհանից:

Այս ամենից հետո, ինքն իր նորամուծությունից սարսափելով, Ֆրենկը բացեց խանութի դռները: Բայց գնորդները, տեսնելով ցուցանակը, մի քանի ժամվա ընթացքում գնեցին ողջ ապրանքը: Խանութի եկամուտն այդ օրը գերազանցեց ողջ շաբաթվա եկամտին:

Խանութպանն, իհարկե, փոխեց իր կարծիքը Ֆրենկի մասին և պատրաստ էր շարունակել նրան աշխատանք տալ, միայն թե հիմա Ֆրենկն ինքը հեռացավ խանութից, մի քիչ պարտքով փող վերցրեց և բացեց իր սեփական խանութը ու շատ արագ վերադարձրեց պարտքը: Հետո բացեց հաջորդ խանութը, հետո մի հատ էլ, մի հատ էլ…

Frenk-Vulvort

Ֆրենկի բոլոր խանութները աշխատում էին միևնույն սկզբունքով: Բոլորը ապրանքները տեղադրված էին ցուցափեղկերին և գնորդը կարող էր ընտրել, դիտել ու զննել իրեն դուր եկած ապրանքը և այնքան երկար, որքան կցանկանար: Բացի այդ միշտ մի շարք ապրանքատեսակներ վաճառվում էին 5 ցենտով: Ահա թե ինչու ամերիկական թերթերը Ֆրենկին հռչակեցին «5-ցենտանի արքա»:

Իհարկե, հետո Ֆրենկի ստեղծած սուպերմարկետները ավելի ու ավելի կատարելագործվեցին, Մայք Կալլենի, Թոմ Սփենսերի, Սիլվան Գոլդմանի հիմնադրած սուպերմարկետներն ավելի ու ավելի էին նմանվում մերօրյա սուպերմարկետներին: Եվ երբ Կլարենս Սանդերսը առաջին անգամ պատենտավորեց խանութների այս տեսակը, սկսվեց նաև սուպերմարկետների «պաշտոնական» պատմությունը: Իսկ այս տարի սուպերմարկետը նշում է արդեն իր 100- ամյակը…

Մինչդեռ ամեն ինչ սկսվել էր մի ամաչկոտ տղայի ուշաթափությունից…

Անահիտ Ալեքսանյան

Մեկնաբանություններ

ԻՆՉՊԵՍ ՀԱՅՏՆՎԵՑ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏԸ

log in

reset password

Back to
log in