ԽԼՈՒՐԴԻԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. ՄՈՒԼՏՖԻԼՄ


Այս փոքրիկ, զվարճալի խլուրդին իրենց մանկությունից կհիշեն բոլոր մեծահասակները: Նա մինչև այսօր բոլորի մոտ ժպիտ է արթնացնում ու ուրախություն բաժանում ողջ աշխարհի երեխաներին: Բայց փոխարենը քչերն են ճանաչում խլուրդի «հայրիկին»՝ Զդենեկ Միլլերին: Հենց այս չեխ մուլտիպլիկատորն էր, որ աշխարհին նվիրեց խլուրդի մասին զվարճալի մուլտֆիլմը ու նկարահանեց ավելի քան հիսուն սերիա:

13

Իսկ թե ինչպես ամեն ինչ սկսվեց, հենց հիմա կիմանանք: 1954 թվականին Զդենեկ Միլլերը հերթական մուլտֆիլմ ստեղծելու առաջադրանքը ստացավ: Մուլտֆիլմի թեման շատ ձանձրալի էր, և Միլլերը ոչ մի կերպ չէր կարողանում հետաքրքիր կերպար հորինել մուլտֆիլմի համար: Նա հոգնել էր միանման մուլտհերոսներից, հաստատ որոշել էր, որ այս մուլտֆիլմում շնիկներ ու մկնիկներ չպետք է լինեն, բայց թե ով պետք է փոխարինի նրանց, ոչ մի կերպ չէր կարողանում պատկերացնել:

Výtvarní a scenárista Zdenìk Miler

Անցավ մեկ շաբաթ, երկու շաբաթ… Մի օր էլ հուսահատված մուլտիպլիկատորը դուրս եկավ զբոսանքի ու գնաց անտառ: Զբոսնելիս նա սայթաքեց ու ընկավ և գլխով հարվածեց մի կոշտ բանի: Երբ վեր կացավ ու նայեց ներքև, տեսավ մի փոքրիկ բլրակ, որը գետնի տակ ապրող խլուրդի «ձեռքի գործն» էր: Եվ հանկարծ Զդենեկը մտածեց. իսկ ինչո՞ւ մուլտհերոս չդարձնել հենց խլուրդին:

88ce7edb46e25c5b-large

Նա շտապեց տուն, վերցրեց հանրագիտարանն ու սկսեց ուսումնասիրել խլուրդներին: Նրանք իրականում այնքան էլ գեղեցիկ չէին, բայց մուլտիպլիկատորը խլուրդին «մշակման» ենթարկեց: Բազմաթիվ փորձերից հետո նա վերջապես ստացավ այն տարբերակը, որը տեսնում ենք մենք մուլտֆիլմում: Իրականում խլուրդները կույր են, բայց Զդենեկ Միլլերի խլուրդը շատ մեծ ու գեղեցիկ աչքեր ունի:

Մուլտֆիլմի առաջին մասում խլուրդը նաև խոսում է: Բայց քանի որ առաջին մասից հետո այս մուլտֆիլմով սկսեցին հետաքրքրվել նաև արտասահմանյան մուլտստուդիաներ ու կազմակերպություններ, իսկ հնչյունավորում էլ այդ տարիներին դեռ շատ հազվադեպ էր կատարվում, մուլտիպլիկատորը որոշեց հրաժարվել խոսքից, և այդպես խլուրդի մասին մուլտֆիլմը հասկանալի դարձավ բոլոր ազգությունների մարդկանց: Նա միայն ծիծաղում է, լաց է լինում կամ էլ արտասանում է հատուկենտ բառեր:

07

«Իմ բախտը շատ բերեց, որովհետև, երբ ես նկարահանում էի այս մուլտֆիլմը, իմ աղջիկները դեռ փոքրիկ էին: Նրանք հրաշալի ձայներ ունեին և շատ լավ էին ծիծաղում: Երբ ես նրանց խուտուտ էի տալիս ու կսմթում էի, նրանք ծիծաղում էին կամ լաց էին լինում, և ես ձայնագրում էի նրանց ձայները: Ես պահպանեցի դրանք և սկսեցի օգտագործել մուլտֆիլմում, որովհետև չնայած իմ բոլոր ջանքերին, ես այդպես էլ ավելի լավ տարբերակներ չկարողացա գտնել»,- պատմում էր Զդենեկ Միլլերը:

1325254335_00-00-48

Միլլերն ասում էր, որ ինքն այս մուլտֆիլմը ամենից առաջ երեխաների համար է ստեղծել: «Ես ուզում էի մուլտֆիլմի միջոցով երեխաներին պատմել մարդկային զգացմունքների մաիսն. դա շատ կարևոր է յուրաքանչյուր երեխայի համար: Երեխաները պետք է ունենան բարի ու դրական զգացողություններով լի կյանք, ապրեն սիրո ու հոգատարության մեջ: Աշխարհը լի է չարիքով, իսկ ես փորձում եմ օգնել երեխաներին դիմակայել»: Ահա թե ինչու են խլուրդիկի մասին մուլտերն այսքան բարի և ուրախ, նրանք ծիծաղեցնում են և սովորեցնում չվախենալ ոչ մի բանից…

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։