ԽՆԿՈ ԱՊԵՐ. ԱԳՌԱՎՆ ՈՒ ԱՂՎԵՍԸ


Բախտի բերմամբ, թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ մի գունդ պանիր
Դաշտում գտավ, կտուցն առավ,
Ծառին թռավ:

Օ՜, ինչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով:

Վազեց, գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը:
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, փափկամազիկ,
Բացեց լեզում անուշ, մեղուշ,
Թափեց, չափեց շաքար ու նուշ.

-Ինչքա՜ն լավն ես, ես քո գերին,
Քո էդ սևիկ, վառ աչքերին,
Նուրբ ծալքերով զույգ թևերին:
Գիտեմ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի:
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի:

Ագռավն ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած`
Ագռավային բկովը մին որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը վերցրեց, գնաց…

Մեկնաբանություններ

ԽՆԿՈ ԱՊԵՐ. ԱԳՌԱՎՆ ՈՒ ԱՂՎԵՍԸ

log in

reset password

Back to
log in