facebook

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ՄՈԾԱԿՆԵՐ


Իսկ դուք գիտե՞ք՝ մերոնք ինչպիսի հերոսական պատմություն են ունեցել, ի՜նչ քաջագործություններ են գործել… Դե իհարկե, դուք մեղավոր չեք, Մոծակների համաշխարհային պատմություն ոչ դպրոցներում են դասավանդում, ոչ էլ համալսարաններում: Բայց ոչինչ, մենք հիմա այդ բացը կլրացնենք: Սկսեցինք…

Մոծակների պատմությունը սկսվում է ավելի քան 40 միլիոն տարի առաջ: Մենք գոյություն ունեինք դեռ այն ժամանակ, երբ շատ ու շատ կենդանիներ ու միջատներ չէին էլ հայտնվել աշխարհում:

Մոծակները ապրում են ամեն տեղ, ուր մարդիկ են բնակություն հաստատել: Մոծակների հազարավոր տեսակներ տարածված են Երկիր մոլորակի հինգ աշխարհամասերում: Միայն ցուրտ Անտարկտիդան հարմար չէ մեր բնակության համար:

Մոծակները թռչում են 3,2 կմ/ժ արագությամբ: Իսկ թևերը թափահարում են վայրկյանում 500-600 անգամ (որոշ տեսակներ նույնիսկ 1000 անգամ): Այդ թափահարումից է առաջանում այն ձայնը, որը դուք կոչում եք տզզոց…

Իսկ գիտե՞ք, որ բոլոր մոծակները միատեսակ չեն տզզում: Աղջիկ մոծակների տզզոցը տարբերվում է տղաների տզզոցից, բացի այդ «տարիքով» մոծակներն էլ ավելի ցածր ձայնով են տզզում:

Տղա մոծակները մարդկանց չեն «կծում», այլ սնվում են ծաղկի նեկտարով: Իսկ թե ինչպես են նրանք բուսակեր դարձել, դուք արդեն շատ լավ գիտեք, այնպես չէ՞:

Եթե օդում տզզացող մի խումբ մոծակներ տեսնեք, վախենալ հարկավոր չէ: Դա տղա մոծակներն են, որոնք հավաքվել են… հարսանիքի: Բա գիտեք, միայն մարդկանց մոտ են հարսանիքներն անցնում այդպես ուրախ…

Մոծակներն էլ մարդկանց պես չեն սիրում շատ շոգ եղանակ և +28°С ավելի ջերմաստիճանի դեպքում թաքնվում են փակ տարածություններում:

Կծող մոծակները՝ այսինքն աղջիկները, ավելի շատ սիրում են կծել հենց աղջիկներին ու կանանց (դե դա այդպես էլ պետք է լիներ): Եվ նախընտրում են շիկահերներին, անգամ եթե նրանք «կեղծ» շիկահերներ են: Բայց ամենից շատ մոծակները փոքրիկ երեխաներին են սիրում:

Մենք շատ ենք սիրում նաև ձեր բնակարաններում վառվող էլեկտրական լույսը: Ահա թե ինչու ներխուժում ենք ձեզ մոտ երեկոյան ժամերին, երբ մոռանում եք լույսերն անջատել:

Իհարկե, կան նաև բաներ, որոնք մոծակները բոլորովին չեն սիրում, օրինակ՝ մեխակի, էվկալիպտի, կատվախոտի (սա արդեն բոլոր նյարդային մարդկանց ծանոթ «վալերյանկան» է) և ծխախոտի հոտերը: Այնպես որ ահա ձեզ փոքրիկ հուշում, թե ինչպես կարելի է խուսափել մոծակների «ծակոցներից»…

Դե դուք նախապատրաստվեք, իսկ մենք շատ շուտով կհանդիպենք… Գարուն է գալիս…

Մեկնաբանություններ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ՄՈԾԱԿՆԵՐ

log in

reset password

Back to
log in