facebook

ԻՆՉՊԵ՞Ս ՏԱՐԵԴԱՐՁ ՏՈՆԵԼ ՏԱՆԸ


Ո՞րն է քո սիրելի տոնը: Երևի դու էլ ինձ պես պատասխանեցիր՝ ծննդյանդ օրը: Այո’, այս օրը յուրահատուկ է բոլորիս համար, և մենք ոչինչ չենք խնայում այդ օրը անմոռանալի դարձնելու համար: Վերջերս առավել տարածված է ծննդյան տոները նշել դրսում, սրճարաններում և նույնիսկ ռեստորաններում: Եթե քո ընկերներն ընտրել են ուրախանալու այս տարբերակը, դա դեռ չի նշանակում, որ նույն կերպ պետք է վարվես նաև դու:

Ես գիտեմ, որ տանը կարելի է շատ ավելի հետաքրքիր կազմակերպել ամեն ինչ և, իմիջայլոց, առանց շատ գումար ծախսելու: Ի՞նչ է, վստահ չես: Եկ փորձենք, խոստանում եմ` այս տարեդարձը հիշվող կլինի: Սկսե՞նք…

Հրավեր

Շատ հետաքրքիր կլինի, եթե հրավերը լինի ոչ թե հեռախոսով, այլ սեփական ձեռքերով պատրաստված բացիկով: Բացիկը կարող է լինել հասարակ. գունավոր թուղթը կարող ես ոլորել և կապել գեղեցիկ ժապավենով: Իսկ թե բացիկի մեջ ինչ կգրես, ինքդ որոշիր (լավ կլինի որևէ հումորային երկտող): Չմոռանաս նշել նաև հասցեդ: Միայն թե հիշի’ր` գեղեցիկ ձեռագիրը պարտադիր է:

Three siblings are happily posing during birthday party

Տոնական սեղան

Ես կրկին համեստ ու ոչ շքեղ տարբերակի կողմնակիցն եմ: Պետք չէ ծանրաբեռնել սեղանը բազմազան ու թանկարժեք ուտեստներով: Առաջարկում եմ  պատրաստել սրտիկ-պիցցա, ուրախ բուտերբրոտներ ու աղցան-արևածաղիկ:

Եվ, իհարկե, ծննդյան սեղանը հնարավոր չէ պատկերացնել առանց տորթի ու լի՜քը կոնֆետների: Իսկ եթե սպասքն էլ լինի գունավոր, ամեն ինչ պարզապես անկրկնելի կլինի:

recreacao-infantil

Երաժշտություն

Սա պարտադիր պայման է: Բայց չմոռանաս հաշվի առնել նաև քո հյուրերի երաժշտական ճաշակը և ընտրել հնարավորինս ուրախ երաժշտություն: Կարաոկեն ևս կարելի է տանը կազմակերպել: Երգն ու պարը լավ տրամադրության ամենաանհրաժեշտ բաղադրչներն են:

Խաղեր

Դու հիմա հաստատ հիշեցիր աթոռներով խաղը, երբ երաժշտությունն անջատելիս շտապում ես գրավել քո տեղն աթոռի վրա: Բայց համոզված եղիր, որ ավելի հետաքրքիր խաղեր կան, որոնց մասին կամ չգիտեն, կամ էլ գիտեն շատ քչերը: Խաղերն ու մրցույթները ավելի հետաքրքիր են դարձնում  ժամանակը:

Հագուստ

Երբեմն մենք ամենօրյա հագուստով ենք տոնում տարեդարձը և հյուրերն էլ մոռանում են հատուկ պատրաստվել: Բայց այդպես չի կարելի, չէ՞ որ  սա սովորական օր չէ:

Կարծես թե մնաց հիշեցնել փուչիկների, աղմկոտ սուլիչների, երկար, զվարճալի գլխարկների  և լուսանկարչական սարքի մասին: Տեսնու՞մ ես՝ ամեն ինչ շատ պարզ է, իսկ դու վստահ չէիր…

Կարծում եմ` եթե ամեն ինչ կազմակերպես վերը նշված ձևերով, կհասկանաս Կոկորդիլոս Գենայի խոսքերը.  “К сожаленью, день рожденья только раз в году” (Ափսոս, որ տարեդարձն ընդամենը մեկ անգամ է  տարվա մեջ):

Մեկնաբանություններ

ԻՆՉՊԵ՞Ս ՏԱՐԵԴԱՐՁ ՏՈՆԵԼ ՏԱՆԸ