ՍԱՍՈՒՆՑԻ ՀՐԱՇՔ ՓՈՔՐԻԿԸ


Երկու տարի առաջ համացանցում հայտնվեցին մի փոքրիկ «խուճուճիկ» աղջկա տեսահոլովակները: Երբ ուրիշ փոքրիկներ այդ տարիքում դեռ նոր խոսել են սկսում, Մանեն իր մանկական հրաշք ձայնով արդեն երգեր էր երգում ու սիրողական տեսահոլովակներ պատրաստում մայրիկի հետ: Ծանոթանանք այս փոքրիկ  աղջկա հետ ու պարզենք, թե ինչպես նա հայտնվեց համացանցում:

Մանեն հինգուկես տարեկան է: Նա ծնվել է Երեւանում, բայց երբ ինն ամսական էր, նրա ընտանիքը տեղափոխվեց  Բեյրութ: Բեյրութ  տեղափոխվելուց հետո Մանեն դեռ չի հասցրել այցելել Հայաստան: Մանեի մայրիկը՝ Շաղիկը, պատմում է, որ նրա ամենասիրելի զբաղմունքը ընթերցանությունն է: Խաղալիքներով չի խաղում, այլ ամբողջ օրը կարդում է: Նա հեքիաթներ կարդում էր անգամ այն ժամանակ, երբ դեռ տառերը չգիտեր: Փորձու՞մ եք պատկերացնել, թե ինչպես: Մանեի մայրիկը հավերժացրել է նաև այդ ուրախ տեսարանը: Մանեն կարդում է առանց կարդալու…

Իսկ երաժշտական ընդունակություններ Շաղիկը Մանեի մոտ նկատել է դեռ շատ փոքր հասակից: Երբ երեք տարեկան էր, երգեց Բեյրութի Վանա ձայն ռադիոկայանի մանկական հաղորդման ընթացքում, հետո պարզվեց, որ Մանեի երգը մասնակցում է մրցույթի և 3-5 տարեկան երեխաների անվանակարգում ստացավ առաջին մրցանակ:

314317_10150512470071038_739236037_11367077_2125961316_n

Մանեն կատարում է իր մայրիկի հեղինակային երգերը: Առաջին երգը արձանագրել են, երբ դեռ երեքուկես տարեկան էր:  Մանեն նաև հայրենասիրական երգեր է կատարում, որոնցից ամենահայտնին թերևս «Սասունցի աղջիկ» երգն է: «Սա հատուկ գրել եմ իր համար, քանի որ Մանեն ծագումով Սասունից է և մեկ երգ՝ Հայաստանի երեք խորհրդանշանների մասին, սա էլ գրել եմ, որ երգի միջոցով դյուրին սովորի, թե որոնք են մեր խորհրդանաշանները: Իսկ մյուս երգերն ավելի մանկական են, իր հետաքրքրություններից ելնելով, ինքն ինչի մասին որ ուզել է, ես փորձել եմ գրել, օրինակ շնիկի, տիկնիկի, Բարեկենդանի եւ այլն»,-պատմում է Մանեի մայրիկը:

Երբ Մանեին հարցնում են, թե ինչ է դառնալու, երբ մեծանա, բոլոր փոքրիկ երեխաների պես նա էլ ամեն անգամ տարբեր-տարբեր պատասխաններ է տալիս այս հարցին՝ կախված նրանից, թե հենց այդ պահին նրան ինչն է դուր գալիս: Մանեի մայրիկն էլ չի պատկերացնում, թե ինչ մասնագիտություն կընտրի Մանեն, երբ մեծանա, պարզապես ամեն ինչ անում է, որ իր բալիկը կատարյալ կրթություն ստանա:

Եվ, իհարկե, ամենակարևորն այն է, որ ապրելով հայրենիքից հեռու, Մանեն ջերմորեն սիրում է իր հայրենիքը: Մանեի համար Հայստանը հեքիաթային երկիր է, ուր կա այն,  ինչ չկա Բեյրութում՝ ձյուն, ծառեր, պարտեզներ, կենդանիներ: Նա իր համար նկարել է երազային Հայաստան: «Իսկ Հայաստանը վերն է, քանի որ հոն օդանավով միայն կարող ենք գնալ»,- ասում է Մանեն: Հայաստանին էլ ցանկանում է ամենալավ բաները, իսկ մեր բանակին՝ քաջ զինվորներ:

Մենք էլ Մանեին հեքիաթային մանկություն ենք մաղթում և իր պես լուսավոր ու պայծառ երգեր: Չէ՞ որ մեր հայրենիքը հզոր է նաև այսպիսի հրաշք սասունցի փոքրիկներով…

Անահիտ Ալեքսանյան

Մեկնաբանություններ

ՍԱՍՈՒՆՑԻ ՀՐԱՇՔ ՓՈՔՐԻԿԸ

log in

reset password

Back to
log in