ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՏԻԿՆԵՐԸ


Սև պուտիկներով այս կարմիր միջատին գոնե մեկ անգամ բռնել բոլորն են փորձել: Բայց շատ հաճախ նրանց բռնել էլ հարկավոր չէ, զատիկները երբեմն գալիս ու հանգիստ նստում են ուսիդ կամ ձեռքիդ:

Ladybug-Picture-Wallpaper-HD-Desktop

Շատերը հավատում են, որ զատիկը հաջողություն է բերում: Շատ երկրներում էլ այն սուրբ միջատ է համարվում: Ասում են, թե նա հասկանում է մարդկային լեզուն և բավական է նրան ինչ-որ բան ասել ու նա անմիջապես կթռչի Աստծու մոտ ու կհայտնի Նրան մարդկանց խնդրանքներն ու ցանկությունները: Իսկ եթե զատիկը նստել է ձեռքիդ, ապա կարող ես նրան հարցնել նաև եղանակի տեսությունը: Այո, այո, եթե զատիկը թռչում-հեռանում է, ապա լավ եղանակ է սպասվում, իսկ եթե չի թռչում, ապա անձրևոտ ու մռայլ եղանակի պատրաստվեք:

Իսկ հիմա պարզենք, թե ինչեր են պատմում զատիկների մասին գիտնականները: Նրանք զատիկներին անվանում են նաև զատկաբզեզներ: Զատիկների կարելի է հանդիպել այգիներում, բանջարանոցներում, պուրակներում: Մեզ մոտ` Հայաստանում, տարածված է զատիկների 73 տեսակ: Նրանց մարմինը սովորաբար կլոր է կամ օվալաձև, երկարությունը` 1.1 – 16 մմ, մեջքը ուռուցիկ է ու կարմիր գույն ունի, վրան էլ՝ գրեթե միշտ 7 սև կետ: Այս բզեզիկների «զատիկ» անվանումը շատ հին է և կապված է, ըստ երևույթին, Սուրբ Զատկի տոնի օրերին նրա ի հայտ գալու հետ: Ժողովրդի մեջ հայտնի է նաև «մարիամ բոլոջ», «չալպղոճ» և այլ անուններով:

Ladybug-High-Quality-Wallpaper-Desktop

Երբ զատիկը վտանգ է զգում, նրա ոտքերի ծալքերում հայտնվում են նարնջագույն հեղուկի կաթիլներ: Այդ հեղուկը շատ տհաճ համ ունի և վանում է բզեզի թշնամիներին: Բայց առաջին հայացքից անօգնական թվացող զատիկը գիշատիչ է, և որոշ կենդանիների համար նաև թունավոր: Նա վազվզում կամ թռչում է ճյուղից ճյուղ, տերևից տերև և կեր  փնտրում:

Ladybug-on-Flowers-picture

Զատիկների մեծ մասը օգտակար է. ոչնչացնում է մատղաշ բույսերի հյութը ծծող մանր միջատներին՝ լվիճներին, տզերին: Այդպիսիները օրվա ընթացքում կարող են ուտել  մինչև 200 լվիճ, մինչդեռ զատիկի թրթուրն ուտում է երկու անգամ ավելի: Կան նաև վնասակար տեսակներ, որոնցից է օրինակ որդան կարմիրով սնվող զատիկը:

Դե ինչ, մեկ ամսից գարուն է, և զատիկները շուտով մեզ հյուր կգան, տեղեկանանք նրանց  մասին, պատրաստվենք և դիմավորենք ինչպես որ հարկն է:

Տիգրանուհի Թասլակյան

Մեկնաբանություններ

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՏԻԿՆԵՐԸ

log in

reset password

Back to
log in