ՀԵՔԻԱԹ. ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԽՆՁՈՐ


Լինում է, չի լինում,  մի թագավոր է լինում: Այդ թագավորն ապրում է  իր կնոջ  հետ միայնակ. նրանք երեխաներ չեն ունենում: Թագավորը ամեն օր Աստծուց  խնդրում է`  իրեն մի զավակ պարգևի: Թագավորը այնքան  բարի է լինում , որ Աստված  լսում է նրա խնդրանքը  և մի տղա է պարգևում:

Անցնում են տարիներ, տղան մեծանում է, դառնում է  շատ գեղեցիկ երիտասարդ: Օրերից մի  օր արքայազնը ծանր հիվանդանում է: Թագավորը կանչում է աշխարհի լավագույն բժիշկներին, որպեսզի բուժեն իր մինուճար  որդուն: Բժիշկները որքան էլ ջանում են,  չեն գտնում արքայազնի հիվանդության  պատճառը: Թագավորը շատ է տխրում,  մտածում է, որ կարող է կորցնել իր որդուն:

Բայց լիալուսնի մի  խորհրդավոր գիշեր արքայազնը իր երազում տեսնում է  երկնային գեղեցկություն ունեցող մի աղջկա , որը  խորհրդավոր, մեղմ ժպտում է  արքայազնին,  ապա անհետանում անտառի խորքում: Առավոտյան,  երբ արքայազնը արթնանում է,  փորձում է մտաբերել  այդ երազը:

Անցնում են օրեր,  արքայազնը  չի լավանում:  Հերթական մի  լիալուսին գիշեր  տղան ևս մեկ անգամ է տեսնում այդ խորհրդավոր  գեղեցկուհուն,  և այս անգամ աղջիկը  ձեռքը մեկնում է տղային  և տալիս  մի գեղեցիկ խնձոր: Արթնանալով`  արքայազնը  իր կողքին տեսնում է  այդ խնձորը  և ուտում է, մի քանի ժամ հետո  իրեն լիովին լավ է զգում: Թագավորը զարմանում է , երբ տեսնում է իր որդուն  առողջացած:  Կանչում է երկրի  իմաստուններին , որպեսզի  մեկնաբանեն այդ երազը:

Իմաստուններից ոչ ոք  չի կարողանում  մեկնաբանել երազը: Այդ դեպքից հետո անցնում են օրեր և ամիսներ,  տղան հաճախակի գնում է որսի:  Օրերից մի օր տղան տուն վերադառնալիս հեռվում տեսնում է մի աղոտ լույս: Արքայազնը գնում է լույսի  ուղղությամբ և  տեսնում է իր երազների աղջկան:  Խորհրդավոր գեղեցկուհին  մեղմ  ժպտում է  և անհետանում: Մի օր էլ արքայազնը, անտառում ձիով  զբոսնելիս,  հեռվում տեսնում  է փոքրիկ տնակ: Մոտենում է այդ տնակին: Արքայազնի  առջև  է դուրս գալիս  խորհրդավոր  գեղեցկուհին,  երբ  այս անգամ  աղջիկը  փորձում է փախչել,  արքայազնը ամուր  բռնում է  նրա ձեռքը: Աղջիկը  մի ակնթարթում  դառնում է կարապ ու  թռչում է երկինք: Այդ  պահին  նրա   թևերից  պոկվում է  մի փետուր: Տղան,  տեսնելով  փետուրը,  վերցնում է  այն  և հանկարծ  տեսնում է  իր կողքին  կանգնած  մի  հրաշք  գեղեցիկ աղջիկ: Նա  անմիջապես  այրում է փետուրը, ու աղջկա կախարդանքը վերանում է: Տղան բռնում է աղջկա ձեռքը, տանում է պալատ:

Թագավորը, տեսնելով  իր տղային և  խորհրդավոր  գեղեցկուհուն միասին ,  շատ   է   ուրախանում, հավաքում  է  պալատականներին   և յոթ  օր , յոթ գիշեր  հարսանիք են անում:  Երկնքից մի զամբյուղ  խնձոր  է ընկնում.  մեկը` պատմողին  մնացածը`  բոլոր կարդացողներին:

Սիրան Մինասյան
13 տարեկան
Արարատի մարզ,  գյուղ Այգեստան

Մեկնաբանություններ

ՀԵՔԻԱԹ. ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԽՆՁՈՐ

log in

reset password

Back to
log in