ՇԱՎԱՐՇ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ԱՆԵԼ ԱՆՀՆԱՐԻՆԸ

35 տարի առաջ մի սպորտսմեն ընդմիշտ հեռացավ սպորտից: Նա 11 անգամ դարձել էր աշխարհի ռեկորդակիր, 17 անգամ ճանաչվել աշխարհի, իսկ  13- անգամ՝ Եվրոպայի չեմպիոն: Այսպիսի սպորտսմենների ամբողջ աշխարհում մատների վրա հաշվել կարելի է:  Եվ ահա այս տաղանդավոր սպորտսմենն իր փառքի գագաթնակետին թողեց սպորտը, որպեսզի տարիներ անց մի փոքրիկ կոշակարի արհեստանոց բացի Մոսկվայում: Այս սպորտսմենը բառի ուղիղ իմաստով խորտակեց իր տաղանդը, խորտակեց Երևանյան լճի սառն ու կեղտոտ ջրի մեջ:

Shavarsh-Karapetyan-Real-Life-Hero-Fin-Swimmer 1976 թվականի սեպտեմբերի 16-ին Երևանյան լճի մեջ ընթացքից ընկավ տրոլեյբուսը: 92 մարդ հայտնվեցին 10 մետր խորության ջրի տակ: Տրոլեյբուսի փակ դռների ետևում նրանք բոլորը անխուսափելի մահվան էին դատապարտված, եթե չլիներ մի հանգամանք:

Այդ նույն ժամանակ Երևանյան լճի շուրջ իր մարզական վարժանքն էր կատարում ստորջրյա լողի բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը: Մասնագետները հավաստում են, ֆիզիկապես պարզապես հնարավոր չէր անել այն, ինչ արեց Շավարշ Կարապետյանը: Նա սուզվեց սառը ու տրոլեյբուսի անկումից պղտորված ջրի մեջ, ոտքերով կոտրեց տրոլեյբուսի ապակին և սկսեց հերթով ափ հանել ուշաթափ եղած ուղևորներին: Ավելի քան քսան րոպե նա մնաց սառը ջրի մեջ և յուրաքանչյուր րոպեում փրկեց մեկ ուղևորի կյանք: Երբ Շավարշը հերթական անգամ ջուրն էր սուզվում, լճի շուրջ հավաքված մարդիկ տեսան. լողորդի մարմինն ամբողջությամբ ծակծկված էր տրոլեյբուսի ապակու կտորներով:

shavarsh-trolleybus-1_revise-e1410990766742

«Ես գիտեի, – հետո պատմում էր Շավարշ Կարապետյանը,- որ չնայած իմ ողջ պատրաստվածությանը ես կկարողանամ փրկել ուղևորների միայն մի մասին: Ջրի այդ խորության վրա տեսանելիությունը զրոյական էր: Ես մարդկանց շոշափելով էի գտնում, բռնում ու լողում դեպի վեր: Երբ մի անգամ ես վեր լողացի, տեսա, որ ձեռքերիս մեջ կաշվե նստարան է: Ես նայում էի դրան ու գիտակցում, որ իմ սխալն արժեցել է մեկ մարդու կյանք: Այդ նստարանը հետո շատ անգամներ է հայտնվել իմ երազում»:

Այնուամենայնիվ, ինչպիսիք էլ լինեին նրա թոքերը, ի վերջո դրանք մարդու թոքեր էին, ինչպիսին էլ լիներ նրա սիրտը, ի վերջո դա մարդու սիրտ էր։ Ամեն ինչ իր սահմանն ունի։ Բարեբախտաբար օգնության հասան նաև փրկարար կռունկներն ու մեքենաները, և Շավարշը կարևոր դեր խաղաց նաև այստեղ՝ ճոպաններով կապկպելով տրոլեյբուսն ու օգնելով վեր քաշել այն:

Ավելի քան քսան մարդու փրկված կյանքի համար Շավարշ Կարապետյանը վճարեց իր առողջությամբ: Երևանյան լճի դեպքից հետո նա հիվանդացավ երկկողմանի թոքաբորբով, իսկ Երևանյան լճի կեղտոտ ջուրը արյան վարակի պատճառ դարձավ: Բժիշկները մեծ դժվարությամբ կարողացան փրկել նրա կյանքը, բայց սպորտի մասին այլևս խոսք չէր կարող գնալ:

RIAN_00856560.HR.ru-pic4_zoom-1000x1000-16305

Քաջ ու բարի մարզիկին պարգևատրեցին «Պատվո նշանով» սպորտի վաստակավոր վարպետի կոչումով: ՅՈԻՆԵԱԿՕ-ն շնորհեց Շավարշին «Ֆեյր փլեյ» (Արդարացի խաղ) հազվագյուտ մրցանակը:  Իսկ 1986 թվականին հայտնաբերված փոքր մոլորակներից մեկը կոչվեց Շավարշ Կարապետյանի անունով։

Անահիտ Ալեքսանյան

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

1 մեկնաբանություն

  1. Liana

    shat hetaqrqir er. chisht e yes gitei dra masin bajc ajsqan baneri masin chgitei.

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի