Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՄՆԱՑԵԼ ԵՍ ՎԵՐԵԼԱԿԻ ՄԵՋ


Մեզանից յուրաքանչյուրն էլ օրվա ընթացքում մի քանի անգամ օգտվում է վերելակից: Եվ ոչ մի բազմահարկ շինություն առանց վերելակի լիարժեք չի համարվում: Վերելակը հեշտացնում է մեր կյանքը, բայց երբեմն նրա պատճառով  տհաճ իրավիճակների մեջ էլ ենք ընկնում:

Նորակառույց շենքերի վերելակների անսարքությունները շատ արագ կարգավորվում են, ինչը, ցավոք, չենք կարող ասել մի քանի տասնյակ տարվա հնություն ունեցող շենքերի վերելակների մասին: Այս իսկ պատճառով «վերելակի մեջ եմ մնացել» արտահայտությունը շատ հաճախ կարելի է լսել: Ու քանի որ «լիֆտի մարդն» էլ միշտ ուշանում է, ավելի լավ կլինի հետևել այս խորհուրդներին: Եվ այսպես, ի՞նչ է պետք անել, երբ վերելակի մեջ ես մնացել.

1. Ամենատարածված խորհուրդը, որի հետ լիովին համաձայն եմ. պետք չէ խուճապի մատնվել: Այո՛, այնքան էլ հաճելի իրավիճակ չէ, բայց ամեն ինչ ժամանակավոր է ու հաստատ ոչ մի սարսափելի բան չի կատարվի:

2. Եթե բջջային հեռախոս ունես, ապա անմիջապես զանգահարիր ծնողներիդ կամ մտերիմներիցդ մեկին: Նրանք երբեք քեզ մենակ չեն թողնի: Իսկ եթե կապ չլինի, հեռախոսդ գոնե իբրև լուսավորիչ կծառայի:

3. Եթե ընկերոջդ կամ որևէ այլ մարդու հետ ես մնացել վերելակի մեջ, ապա առաջարկիր խաղ խաղալ, որի կանոնները հետևյալն են. պետք է հերթով  բղավել. «Աու՜, մարդիկ, օգնեցեք» և ում «Աու՜»-ին առաջինը արձագանքեն, նա էլ կճանաչվի հաղթող: Եվ մինչև ձեզ դուրս բերեն այդ փոքրիկ խցից, կարող եք «քաղաքներ» խաղալ: Բայց անգամ եթե լրիվ մենակ ես վերելակի մեջ, միևնույն է կարող ես խաղալ, այդ դեպքում ավելի զվարճալի կլինի. ինչ էլ որ լինի, դու կճանաչվես հաղթող:

4. Եթե զգում ես, որ հուսահատությունը միևնույնն է, հաղթում է քեզ, ապա հենվիր պատին կամ պայուսակդ դիր գետնին և նստիր ` չնայած այն այդքան էլ մաքուր չէ (սա հաշվի առնելով վերելակը պետք է հաճախակի մաքրել): Բայց դու մի անհանգստացիր, մայրիկը հետո անպայման քո հագուստն ու պայուսակը կփայլեցնի, կարևորը, որ այդ պահին դու քեզ ավելի լավ կզգաս:

5. Շատ կարևոր պայման է, որ չփորձես ինքնուրույն դուրս սողոսկել վերելակից: Կարող է հակառակ ադյունքը լինի: Եվ լավ կանես՝ շատ չշարժվես ու  չցատկոտես:

6. Հիշիր` ինչ էլ, որ լինի, քեզ հաստատ դուրս են բերելու վերելակից և դու այդտեղ չես անցկացնելու «մնացած կյանքդ» (հիմարիկ միտք, որ այդ պահին միշտ անցնում է քո գլխով):

Ամեն իրավիճակում էլ կարող ես ելք գտնել, եթե մի պուճուրիկ ցանկություն ունենաս: Իսկ եթե ցանկություն չունես, ապա ամենահեշտ տարբերակն աստիճաններով բարձրանալն է:

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՄՆԱՑԵԼ ԵՍ ՎԵՐԵԼԱԿԻ ՄԵՋ

log in

reset password

Back to
log in