facebook

ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻ ՄԱՆԿԱԿԱՆ ՓԱՌՔԻ ՈՒՂԻՆ


Աշխարհի ամենատաղանդավոր մարդկանցից մեկի՝ Մայքլ Ջեքսոնի կյանքը նման էր Ամերիկյան բլուրներին, վերելքների ու անկումների անհավանական մի շարք, որ բարձրացրեց նրան մինչև Փոփ երաժշտության արքայի գահը, բայց և հանգեցրեց ողբերգական վախճանի:

Մայքլ Ջեքսոնի խենթացնող հաջողությունները սկսվեցին դեռ մանկության տարիներին: Բայց արդեն հասուն տարիքում Ջեքսոնը կխոստովանի, որ ինքը գրեթե մանկություն չի ունեցել: Ամբողջ կյանքում նա կփորձի գտնել իր կորած մանկությունը, կկառուցի զվարճանքների այգի Նեվերլենդը ու կշարունակի ապրել երբեք չմեծացող տղայի՝ Պիտեր Պենի կերպարի ետևում թաքնվելով:

3672471429_471a171a91_b Մայքլ Ջեքսոնը ծնվել է 1958 թ. Ինդիանա նահանգում: Նա ընտանիքի 7-րդ երեխան էր: Չգիտես ինչպես էր այդպես ստացվել, բայց Ջեքսոնների բոլոր երեխաները տաղանդավոր էին: Երաժշտության հանդեպ սերը նրանք մայրիկից էին ժառանգել ու շուտով սկսեցին ձայնակցել նրան, երբ նա խոհանոցում աշխատելիս ՝քթի տակ քաունթրի ոճի երգեր էր երգում: Հայրիկը խիստ ու պահանջկոտ մարդ էր, բայց միշտ երազել էր բեմական կյանքի մասին: Նա մի կիթառ ուներ, որ պինդ պահված էր պահարանում: Մայքլի եղբայր Տիտոն այն դուրս էր հանում պահարանից հայրիկի բացակայության ընթացքում ու նվագում: Մի օր էլ կիթառի լարերից մեկը կտրվեց: Վախեցած փոքրիկը նորից կիթառը տեղը դրեց՝ հույս ունենալով, որ հայրիկը գլխի չի ընկնի: Բայց հայրիկն անմիջապես գլխի ընկավ, հանեց տաբատի գոտին ու հրամայեց Տիտոյին նվագել՝ ասելով, որ եթե լավ չնվագի, կծեծի: Տիտոն այնքան լավ նվագեց, որ հաջորդ օրը իր վերջին փողերով հայրիկը նրա համար նոր էլեկտրական կիթառ գնեց:

Ջեքսոնների ընտանիքը հին ու փոքրիկ տանն էր ապրում: Նոր տուն գնելու համար հայրը փորձում էր գումար տնտեսել: Բայց մի օր, ի զարմանս բոլորի, նա որոշեց, որ կուտակված գումարը կծախսեն երաժշտական գործիքներ գնելու համար: Իր ժամանակի մեծ մասը նա սկսեց հատկացնել երեխաներին ու հիմնեց Ջեքսոնների հնգյակը: Խումբն առաջին անգամ ելույթ ունեցավ սուպերմարկետում զեղչերի ժամանակ: Նրանց հրավիրել էին երեք երգ կատարելու, և երեխաները հրաշալի կատարեցին այդ առաջադրանքը: Մայքլ Ջեքսոնն այդ ժամանակ յոթ տարեկան էր:

Մայքլը չափազանց արագ սկսեց մեծանալ: Անդադար փորձերը, ուշ ժամերի համերգները հոգնեցուցիչ էին փոքրիկ երեխաների համար: Այս ամենին հաճախ ավելանում էին նաև հոր պատիժները: Մինչդեռ նրանց հասկակակիցները այդ ժամանակ խաղում էին բակում, վազվզում ընկերների հետ ու ապրում իսկական երեխաների նման՝ անհոգ կյանքով:Խմբի հաջորդ ելույթը մի դպրոցական մրցույթ էր: Սևամորթ երեխաների տեսնելով ժյուրին վրդովվեց, բայց նրանց կատարումը լսելուց հետո միաձայն նրանց տվեց առաջին մրցանակը: Այդ օրվանից հետո Ջեքսոնների հնգյակը միայն մեկ անգամ ստացավ երկրորդ մրցանակ: Շատերը նույնիսկ հրաժարվում էին մասնակցել մրցույթների, եթե գիտեին, որ իրենց մրցակիցներից է լինելու այս խումբը:

Jackson-5-michael-jackson-12701962-2560-1726

Այս տարիներին էլ բացահայտվեց Մայքլի պարային տաղանդը: Նա ակնթարթորեն հիշում էր ու կրկնում տեսած պարային շարժումները: Նա դարձավ խմբի պարուսույցը: Տարիներ հետո նա կհորինի Լուսնային քայլքը, որ կհռչակվի ամբողջ աշխարհով (այս պարը դիտողին թվում է, թե առաջ քայլող մարդը սահում է ետ):

Շուտով Ջեքսոնների խմբին նկատեցին պրոդյուսերները ու երեխաները հասան իրենց փառքի գագաթնակետին: Նրանց պրոդյուսերը դարձավ Սյուզաննա դե Պասը, ով երեխաներին տեղափոխեց իր առանձնատուն:  Տղաները սկսեցին սովորել գեղեցիկ խոսել և ուտել, քաղաքավարի վարվելակերպ ու շարժուձև: Նրանք Սյուզաննայի հետ այցելեցին թանգարաններ ու ցուցասրահներ, դարձան իսկական կրթված պատանիներ: Մշակվեցին նաև նրանց բեմական կերպարները՝ աֆրիկյան փարթամ սանրվածքներ, նոր կոստյումներ: Ջեքսոններին սովորեցնում էին պատասխանել լրագրողների հարցերին ու ստորագրություններ բաժանել:

The Jackson's pictured left to right are Jackie, Tito, Marlon, Michael, Jermaine and little Randy jumping above all the lads November 1972

Հաջողությունների հետ տղաների գլխին թափվեց նաև երկրպագուհիների հսկայական ամբոխը, թեև հայրը խստորեն արգելել էր նրանց անձնական կյանք ունենալ: Իսկ Մայքլ Ջեքսոնը մինչև կյանքի վերջ էլ վախեցավ երկրպագուների ամբոխից: Պատանեկության տարիներին Ջեքսոնը շատ էր ամաչում իր արտաքինից, նա նիհարիկ ու անինքնավստահ տղա էր դարձել, հենց այս տարիներին ձևավորված բարդույթները հետո ստիպեցին նրան դիմել պլաստիկ վիրահատությունների:

1970- ական թվականներին Ջեքսոնների հնգյակի փառքը սկսեց փոքր-ինչ խամրել, և Մայքլ Ջեքսոնը սկսեց հանդես գալ անհատական երգերով ու ձայնասկավառակներով, որոնց հաջողությունը գերազանցեց Ջեքսոնների հնգյակի նվաճումները: Սկսվեց Մայքլ Ջեքսոնի փառքի մեծ ճանապարհը, բայց դա արդեն ուրիշ պատմություն է…

Մեկնաբանություններ

ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻ ՄԱՆԿԱԿԱՆ ՓԱՌՔԻ ՈՒՂԻՆ