ՎՆԱՍԱԿԱՐ ՈՒ ՕԳՏԱԿԱՐ ՄԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Ոմանք վախենում են մկներից, ոմանք նրանց շատ զվարճալի են համարում, մյուսներն էլ բոլորովին անտարբեր են նրանց հանդեպ: Մկներն ապրում են գրեթե մեր կողքին ու հաստատ մեր մասին ամեն ինչ գիտեն:

Եվ որպեսզի ամեն ինչ արդար ու հավասար լինի մկների ու մարդկանց միջև, եկեք մենք էլ նրանց ուսումնասիրենք: Եվ այսպես, հետաքրքիր փաստեր մկների մասին:

cute-mouse-funny-wallpaper 1. Մարդկանց մեծամասնությունը մկնիկների մասին խոսելիս անմիջապես հիշում է համակարգչային մկնիկի մասին: Առաջին համակարգչային մկնիկին ստեղծել են ավելի քան 40 տարի առաջ և կցել համակարգչին՝ որպես օգնական: Առաջին մկնիկների լարը սկիզբ էր առնում նրանց ետին մասից, և այդպես նրանք շատ էին հիշեցնում իսկական մկնիկների, մկնիկների նման փոքրիկ ու արագաշարժ էին և նրանց պես երկար ու բարակ պոչիկներ ունեին: Ահա թե ինչու նրանց էլ մկնիկ կոչեցին: Այսօր անգամ առանց պոչիկի մկնիկներ են հանդիպում, բայց նրանք էլ նույնքան հավատարմորեն ծառայում են իրենց համակարգիչներին:

2. Հնագետները հայտնաբերել են մեր թվարկությունից առաջ 10-րդ դարում պատրաստված մի բրոնզե կրծքազարդ, որը շատ նման է Դիսնեյի Միկի մկնիկին: Մասնագետների կարծիքով, քանդակագործը ցանկացել է առյուծ պատկերել, առյուծը ստացվել է շատ փոքր ու ծուռտիկ, և ահա խնդրեմ, Միկի Մաուսը պատրաստ է:

3. Միկի Մաուսը առաջին «մարդկային կերպարանք» ստացած մկնիկն է: Առաջին անգամ նա էկրաններին հայտնվեց 1928 թվականին: Հետո նրա ճանապարհը շարունակեցին Ջերին (Թոմի խաղընկերը), Լեոպոլդ կատվի երդվյալ թշնամի մկնիկները, խոհարար մկնիկ Ռեմին ու Ստյուարտ Լիթլ մկնիկը:

4. Գիտնականները վստահեցնում են, որ մկները շատ ավելի են նման մարդկանց, քան մեզ կարող է թվալ: Եթե մկներին մեծացնենք մարդկանց չափերի և ուղիղ կանգնեցնենք, ապա կտեսնենք, որ մկների ու մարդկանց հոդերը նույն կառուցվածքն ունեն, իսկ ոսկորները նույն քանակի են: Գիտնականներն ասում են նույնիսկ, որ մարդկային գեներն ավելի հեշտ է ուսումնասիրել ոչ թե մարդկանց, այլ հենց մկների օրգանիզմների վրա:

cuterat

5. Բժշկական ու կենսաբանական ուսումնասիրությունների 80%-ը տեղի է ունենում հենց մկների ու առնետների վրա:

6. Վերջերս Ռուսաստանում կենդանիների պաշտպանները լաբորատորիայից գողացել էին ավելի քան 10 հազար մուկ և առնետ ու բաց թողել ազատության մեջ: Մոտակա գյուղերի բնակիչները սարսափահար էին եղել մկների այդպիսի հոսքից:

7. Բայց պարզվում է նաև, որ ոչ բոլոր երկրներում են վատ վերաբերվում մկներին ու առնետներին: Ճապոնիայում, օրինակ, առնետը Երջանկության աստվածուհու ուղեկիցն է համարվում, իսկ Չինաստանում տանը մկների ու առնետների բացակայությունը վատ նշան է համարվում:

8. Բոլորը գիտեն, որ մկները պանիր են սիրում, միայն թե իրականում դա այդպես չէ: Նրանք նախապատվությունը տալիս են շաքար պարունակող ուտելիքներին, օրինակ՝ մրգերին, հացահատիկներին: Մինչդեռ պանրի ուժեղ հոտով սնունդը նրանց մոտ միայն զզվանք է առաջացնում:

Eating-mouse-with-hat

9. Լսել եք, չէ՞, առնետներն առաջինն են լքում խորտակվող նավը: Իրականում նրանք լսում են մեզ համար անլսելի ձայներ, այդ թվում ջրի անգամ աննշան ձայնը ու շտապում են հեռանալ նավից: Նրանք անգամ նավապետից լավ գիտեն նավում տիրող իրավիճակի մասին:

10. Եվ վերջապես. փղերը իրականում չեն վախենում մկնիկներից: Այդ «հսկայական» բամբասանքը երևի հենց մկներն են հորինել: Գիտնականները անգամ  մի փորձ են կատարել. փղերի վրա մեծ քանակությամբ մկների են բաց թողել, իսկ փղերի մտքով անգամ չի անցել սարասափահար այս ու այն կողմ փախչել:

Ահա այսքանը փոքրիկ, զվարճալի, վնասակար և միևնույն ժամանակ շատ օգտակար մկնիկների մասին: Իսկ վախենալ նրանցից, թե ոչ… Դա կրկին ձեզ ենք թողնում…

 Անահիտ Ալեքսանյան

Մեկնաբանություններ

ՎՆԱՍԱԿԱՐ ՈՒ ՕԳՏԱԿԱՐ ՄԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

log in

reset password

Back to
log in